Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երկար ելույթ է ունեցել ԵԽԽՎ նիստում, ապա պատասխանել է պատգամավորների հարցերին:
Իր խոսքում Դավութօղլուն ասել է, թե հարկավոր է օգնել այն ժողովուրդներին, որոնք ազատության են ձգտում եւ ցանկանում են ապրել ժողովրդավար երկրում: Այդ դիտարկման կապակցությամբ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել նրան, թե ե՞րբ է պատրաստվում անհանդուրժողականության դեմ պայքարը գերակայություն ընդունած ԵԽ Նախարարների խորհուրդը, որը ներկայումս ղեկավարում է Թուրքիա, դիտորդական առաքելություն ուղարկել Նախիջեւան եւ Ադրբեջան:
Դավութօղլուն այս հարցին պատասխանել է, որ Նախարարների խորհուրդը չի քննարկել այդ հարցը, հետեւաբար մանրամասներ ներկայացնել չի կարող: Սակայն, որպես Թուրքիայի արտգործնախարար, պատասխանել է, որ իրենք միշտ հանդուրժողականություն են ցուցաբերում Կովկասի, Բալկանների եւ Միջին Արեւելքի նկատմամբ:
Ն. Փոստանջյանը մեկ այլ հարց էլ է ուղղել Դավութօղլուին. «Գաղտնիք չէ, որ Թուրքիան գրավել է Արեւմտյան Հայաստանը, Հյուսիսային Կիպրոսը եւ այլ տարածքներ: Դրա հետեւանքով մարդիկ զրկվել են սեփականության իրավունքից, եւ ես կանգնած եմ Ձեր առջեւ` որպես այդ մարդկանց հետնորդ: Օսմանյան կայսրությունը Ցեղասպանություն է իրագործել հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ: Իսկ այսօր Թուրքիայի կառավարությունն առաջնորդվում է ՔՕ 301-րդ հոդվածով պատմական իրողությունը հերքելու եւ խեղաթյուրելու համար: Ես Ձեզ հարցնում եմ` որպես ԵԽ նախարարների խորհրդի նախագահի, ինչ քայլեր եք ձեռնարկում, որպեսզի Թուրքիայի կառավարությունն ընդունի պատմական այս փաստը եւ քայլերը կատարի 301-րդ հոդվածի վերացման ուղղությամբ»:
«Ես այս հարցին կպատասխանեմ որպես Թուրքիայի արտգործնախարար, բայց չգիտեմ ինչպես պատասխանեմ: Դա միակողմանի հայտարարություն է, որում կրկնվում է մշտապես հնչեցվող մեղադրանքը: Կարծում եմ` Դուք պետք է ուսումնասիրեք միջազգային իրավունքը եւ տարբերակեք հայտարարությունը, մեղադրանքը եւ փաստը: Սա ինտելեկտուալ քննարկում է: Ես` որպես ակադեմիկոս, պատրաստ եմ Ձեզ հետ վիճաբանել պատմության վերաբերյալ, սակայն այս ֆորումը նախատեսված չէ վեճերի համար: Գոյություն ունեն կոնկրետ արժեքներ, որոնց վրա Դուք կարող եք հիմնվել, եւ կոնկրետ ձեւեր կան այս հարցերը օրակարգ բերելու համար:
Մեր վերջին նիստի ժամանակ ես ասել եմ, որ հարկավոր է պատմական հանձնաժողովի վճիռ: Եթե յուրաքանչյուր մարդ դատի, իր սեփական հիշողության վրա հիմնվելով, ընդհանուր հարգանք այլեւս չի լինի: Հարկավոր է, որ թուրք եւ հայ ժողովուրդները միավորվեն եւ ստեղծեն պատմաբանների հանձնաժողով, որոնք կուսումնասիրեն պատմական իրողությունները: Մենք դա առաջարկել ենք դեռեւս 2005-ին եւ մինչ օրս դրական պատասխան չենք ստացել Հայաստանից: Հուսով եմ` նոր սերունդը մի օր կքննարկի այս հարցը` առանց փոխադարձ մեղադրանքների: Սա Թուրքիայի կոչն է: Ընդունեք այն»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: