Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի ելույթը «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումում
ՀՀ եւ ԱՀ միջեւ համապարփակ համագործակցության եւ փոխհարաբերությունների կարգավորման համար իրավապայմանագրային հիմքեր ապահովելը հրամայական անհրաժեշտություն է: Այս նպատակադրումը լիովին համահունչ է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին եւ բխում է Արցախյան հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացով պայմանավորված մարտահրավերներից եւ խնդիրներից:
Ակնհայտ է, որ մարդու տարրական իրավունքները չեն կարող շարունակաբար ոտնահարվել կամ անտեսվել, իսկ հումանիտար ծրագրերը արգելափակվել կամ կասեցվել միայն այն պատճառով, որ շուրջ 30 տարի է, ինչ չի հաջողվում կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը:
Արցախի Հանրապետության ամբողջ մի սերունդ զրկված է իր տարրական` այս լեգիտիմ իրավունքները լիարժեք իրացնելու եւ միջազգային հումանիտար ծրագրերից լիիրավ օգտվելու հնարավորությունից: Այս անարդարությանը վերջ դնելը ոչ միայն հայ ժողովրդի անքակտելի իրավունքն է, այլեւ միջազգային հանրության եւ միջնորդ կողմերի հիմնական պարտավորությունը:
Ակնհայտ է նաեւ, որ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից կատարված որեւէ ռազմական ագրեսիա կամ սպառնալիք միեւնույն ժամանակ ուղղված է լինելու անմիջականորեն Հայաստանի Հանրապետությանը: Հետեւաբար, երկու հայկական պետությունների համար միասնական անվտանգության ու պաշտպանության համակարգ ձեւավորելը բնական ու կենսական պահանջ է:
Եթե որեւէ այլ բան չասվեր, արդեն այս երկու` կենսական նշանակություն ունեցող՝ հումանիտար եւ անվտանգային, խնդիրների փաթեթը իրավական կարգավորման դաշտ բերելու հրամայականի արձանագրումը բավարար է փաստելու, որ մեր երկու հայկական պետությունները կարիք ունեն իրենց փոխհարաբերությունները նոր՝ իրավապայմանագրային մակարդակի վրա բարձրացնելու:
Դե ֆակտո առկա իրողությունները դե յուրե դաշտում չամրագրելը կաշկանդում է մեր գործողություններն ու իրարամերժ իրավիճակներ ստեղծում: Քանզի ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ ուղտը նստած` կուզեկուզ ման գալ չենք կարող:
Ավելին` ո'չ միացում, ո'չ անկախության ճանաչում վիճակը, ոչ միայն չի կարող այսպես շարունակվել, այլեւ աշխատում է մեր դեմ:
Այս առումով, բավական է միայն հիշատակել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան վճիռը, ըստ որի` ազատագրված տարածքներում չի ճանաչվում ԼՂՀ գերիշխանությունը, այլ արձանագրվում է Հայաստանի կողմից այդ տարածքների նկատմամբ իրականացվող էֆեկտիվ վերահսկողության մասին:
Ռազմավարական դաշինք կնքելու այս քայլը հնարավորություն է ընձեռնում հստակություն մտցնել հիմնախնդրի լուծման հայեցակարգի մեջ` մի կողմից ամրագրելով միացումը` որպես ռազմավարական նպատակ, անկախությունը` որպես մարտավարական միջոց, մյուս կողմից՝ հաղորդելով անհրաժեշտ նախաձեռնողականություն մեր արտաքին քաղաքականությանը՝ բացահայտ եւ վճռականորեն ներկայացնելու ու պաշտպանելու մեր համազգային շահերն ու իրավունքները:
Այսպիսի դաշինքի կնքումը ոչ միայն կոչված է կարգավորելու Հայաստանի եւ Արցախի քաղաքացիների հանրային կյանքին առնչվող խնդիրներն ու ապահովելու նրանց իրավունքների անկաշկանդ իրացումը երկու հանրապետություններում եւ արտերկրում, այլեւ նպաստելու հայկական կողմերի համարժեք եւ իրավաչափ մարտավարության իրագործմանը հակամարտության կարգավորման գործընթացում առաջացող տարաբնույթ զարգացումների պարագայում:
Այսպիսի իրավաչափության եւ համարժեքության հիմքը Ադրբեջանի փաստացի հրաժարումն է խաղաղ կարգավորման պահանջներից եւ լիարժեք բանակցություններից, ինչպես նաեւ նրա կողմից ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման միջոցով հարցը լուծելու մարտավարությունը:
Ըստ այդ ռազմաքաղաքական մարտավարության` Ադրբեջանի անփոփոխ նպատակը եղել եւ մնում է Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել սեփական «ադրբեջանական մոդուսին» համապատասխան:
Առ այդ, ըստ Ադրբեջանի, բանակցային գործընթացը պետք է հանգի ոչ թե հիմնախնդիրը իր պատճառահետեւանքային կապի մեջ լուծելուն, այլ ծառայի Արցախն իր կազմի մեջ ամեն գնով՝ թեկուզեւ ուժի միջոցով վերադարձնելու ծրագրին: Բանակցային որեւէ այլ արդյունք Ադրբեջանի համար, ըստ էության, մերժելի է: Հետեւաբար, ըստ Ադրբեջանի, խաղաղ կարող է լինել միմիայն այնպիսի կարգավորումը, որն ամրագրում է իր հռչակած ցանկալի արդյունքները:
Այս պայմաններում լիովին արդարացված են բոլոր այն միջոցները, որոնք կոչված են ամրապնդելու Հայաստանի եւ Արցախի սուվերեն իրավունքից եւ կենսական անհրաժեշտությունից բխող միասնական անվտանգությունն ու լեգիտիմ ինքնապաշտպանությունը: Հետեւաբար, Հայաստանի եւ Արցախի շուրջը շրջափակման եւ պատերազմական իրավիճակով ձեւավորված թշնամական միջավայրում հայ ժողովրդի անօտարելի իրավունքն է միջազգային ճանաչում, հարգանք եւ աջակցություն հայցել իր անվտանգությունն ու զարգացումն ապահովելուն ուղղված քայլերի ու նախաձեռնությունների վերաբերյալ:
Այսպիսի դաշինքի կնքումը ինքնին հիմք չի կարող ծառայել հայկական կողմերին մեղադրելու բանակցային գործընթացը խափանելու մեջ: Քանի որ,
-նախ եւ առաջ, այն պարզ պատճառով, որ առանց միջազգայնորեն ճանաչված լիարժեք եռակողմ ձեւաչափը վերականգնելու ընթացող հանդիպումները չեն կարող համարվել ամբողջական եւ իրական բանակցություններ, իսկ այդպիսիք տեղի չեն ունենում միմիայն Ադրբեջանի ոչ բանակցելի կեցվածքի պատճառով,
-2016թ. ապրիլյան պատերազմը եւս մեկ անգամ փաստեց, որ Ադրբեջանի ագրեսիան կանխելու եւ հետ մղելու միակ գործուն միջոցը եղել է, կա եւ մնալու է Հայկական բանակը: Միջնորդ կողմերը դա չկարողացան կանխել եւ չորս օր ուշացան, հետեւաբար, չի բացառվում, որ նույնը կրկնվի,
-այսպիսի դաշինքի կնքումը համահունչ է 1994 թ. ստորագրված հրադադարի մասին պայմանագրին, ի դեպ, որի 25- ամյակն է լրանում այս օրերին, լիովին համապատասխանում է այն ստորագրած երեք կողմերի, այդ թվում` Ադրբեջանի ստանձնած հանձնառությանը՝ բանակցությունների միջոցով հասնել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու վերջնական հաշտությանը,
-ֆորմալ առումով, այսպիսի համաձայնագիրը լիովին համապատասխանում է նաեւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքին, ինչը հնարավորություն է ընձեռնում Հայաստանի Հանրապետությանը խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության, մարդասիրական, տեխնիկական աջակցության եւ այլ հարցերով պայմանագիր ստորագրելու անգամ միջազգային իրավունքի սուբյեկտ չճանաչված կողմի հետ:
Միեւնույն ժամանակ, դաշինքի անհրաժեշտությունն ու նշանակությունը կարելի է փաստել առնվազն երեք տեսանկյունից.
ա) Ադրբեջանին հակազդելու տեսանկյունից, որը օգտագործում է իր քարոզչության մեջ Արցախի եւ Հայաստանի փոխհարաբերությունների եւ կարգավիճակների չհստակեցված վիճակը: Մասնավորապես` Արցախի` որպես սուբյեկտի անտեսումը, Արցախի տարածք այցելությունները անօրինական հռչակելը, հիմնախնդիրը որպես իր ներքին հարց ներկայացնելը եւ խնդրի միջազգային կարգավորումը Ադրբեջանի սահմանադրական կարգը վերակագնելու գործընթացով փոխարինելու քայլերը, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ հակամարտության որպես միակ կողմ Հայաստանին ճանաչելու հնարավորությունը:
բ) Միջազգային նորմերին եւ ընդունված պրակտիկային համապատասխան կարգավորումներ ապահովելու տեսանկյունից՝ Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է այն, ինչը պարտավոր էին անել միջազգային կառույցներն ու միջնորդ կողմերը. ապահովել տվյալ տարածքում բնակվող մարդկանց տարրական իրավունքների ու ազատությունների իրացումը՝ անկախ հակամարտության չկարգավորված լինելու հանգամանքից:
գ) Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգությունը ու պաշտպանությունը ապահովելու տարբեր բնագավառներում երկու կողմերի փոխհարաբերությունները կարգավորելու եւ մեր համազգային կենսական շահերն ու նպատակները արդյունավետ պաշտպանելու եւ հետապնդելու տեսանկյունից:
Մինչ օրս տարբեր մակարդակներում կնքված միջգերատեսչական եւ միջկառավարական համաձայնագրերի գոյությունն ինքնին վկայում է, որ կյանքը պարտադրում է, բազմաթիվ ոլորտներում առկա փաստացի կապերը կարգավորվել իրավապայմանագրային ձեւաչափերով: Առավել եւս թուրք-ադրբեջանական տանդեմի գոյությունը եւ նրա թշնամական էությունը լիարժեք հիմքեր են ստեղծում Հայաստան-Արցախ տանդեմի ձեւավորման, իրավական ամրապնդման եւ Հայաստանի ՝ Արցախի անկախության եւ անվտանգության երաշխավորը լինելու փաստի միջազգային ճանաչման համար:
Այսպիսով`
-պետք է առաջնորդվել նրանով, որ պատերազմը ամեն պահի կարող է վերսկսվել: Հետեւաբար, չի կարող մի կողմը պատրաստվել պատերազմի, մյուս կողմը՝ խաղաղության,
-ուստի, հայկական կողմերը պարտավոր են ամրապնդել իրենց պաշտպանությունն ու անվտանգությունը՝ ոչ թե քողարկված, այլ բացահայտ՝ ամրապնդելով եւ ուղղորդելով համապատասխան գործողությունները անհրաժեշտ իրավապայմանագրային կարգավորումների միջոցով:
Հարկավոր է,
-առաջացնել բանակցություններին զուգահեռ փոխլրացնող գործընթաց, որը մի կողմից կոչված է հարստացնելու հայկական կողմերի դիվանագիտական զինանոցը՝ արծարծելով հարցեր, որոնք պաշտոնական մակարդակով նպատակահարմար չէ բարձրաձայնել, մյուս կողմից՝ նոր թափ հաղորդել ԼՂՀ միջազգային ճանաչմանը՝ համահայկական տարողություն հաղորդելով Արցախի ժողովրդի անկախության եւ ազատագրության պայքարին:
Անհրաժեշտ է`
-հասնել Արցախի ներգրավմանը միջազգային ինտեգրացիոն եւ անվտանգային գործընթացների մեջ՝ մղելով միջնորդներին եւ միջազգային դերակատարներին բացառելու հակամարտության գոտու բնակիչների մեկուսացումն եւ իրավունքների անտեսումը: