կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-03 15:45
Քաղաքական

Ադրբեջանը զորավարժություններում փորձարկում է ՀՕՊ միջոցներ, ինչը կապված է ՀՀ-ի` Սու-30 կործանիչներ ձեռք բերելու հետ. քաղաքագետ

Ադրբեջանը զորավարժություններում փորձարկում է ՀՕՊ միջոցներ, ինչը կապված է ՀՀ-ի` Սու-30 կործանիչներ ձեռք բերելու հետ. քաղաքագետ

Ադրբեջանում մայիսի 1-3-ն անցկացվող «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» խորագրով` Թուրքիայի հետ համատեղ տակտիկական զորավարժություններում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը որևէ արտասովոր բան չի տեսնում: Մայիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում նա ասաց. «Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունները պլանային են, իսկ ռազմական տեխնիկայի ներգրավվածության առումով` բավականին մասշտաբային, այն է՝  գործի են դրվել ավիացիոն տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռներ, հրետանի, տանկեր և այլն: Այս զորավարժությունը, ըստ էության, համեմատելի է 2017թ.-ին Ադրբեջանում անցկացված թուրք-ադրբեջանական զորավարժությունների հետ: Նախորդ տարվա ընթացքում նմանատիպ պլանային զորավարժություններ երկու անգամ են անցկացվել՝ սեպտեմբերին՝ Ադրբեջանում, դրանից առաջ մարտին՝ Կարսում, որին մասնակցել է նաև Ադրբեջանը»Լ

Իսկանդարյանը հավելեց, որ զորավարժությունների նման ձևաչափը նորություն չէ,  ընդունված է, իսկ թուրք սպաները ներգրավված են ադրբեջանցի զինծառայողների պատրաստության գործում: Միակ բանը, որը կարելի է ենթադրել, ըստ քաղաքագետի, դա այն է, որ վերջին երկու զորավարժություններին ադրբեջանական կողմը փորձարկում է ՀՕՊ միջոցներ, ինչը, թերևս, պայմանավորված է Հայաստանի կողմից Սու-30 կործանիչների ձեռք բերմամբ: 

«Կար ժամանակ, երբ Ադրբեջանը Նախիջևանի հատվածում բավականին վատ պաշտպանություն ուներ, վերջին տարիներին փորձում են ինչ-որ ձևով լրացնել և հաղթահարել այս բացը: Մտահոգություններ կան, թե թուրք սպաները կարող է սրանից հետո մշտական հաստատվեն Նախիջևանի հատվածում, նման բան չի լինի, բայց նմանատիպ զորավարժություններ միշտ էլ անցկացվելու են: Ինչ վերաբերում է բազա ստեղծելուն, չեմ կարծում, որ ներկա դրությամբ դա հնարավոր է, քանի որ և՛ Թուրքիան ունի բազմաթիվ սահմանափակումներ ՆԱՏՕ-ին անդամակցման շրջանակում, և՛ Ադրբեջանի դեպքում  բավականին լուրջ սահմանափակումներ կան, բայց սա չի նշանակում, թե երբևէ նման բան չի կարող լինել»,- նշեց քաղաքագետը:

Yerkir.am-ի խնդրանքով Կովկասի ինստիտուտի տնօրենն անդրադարձավ Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին և ՆԱՏՕ-ում Թուրքիայի չլինելու կանխատեսումներին: Ըստ քաղաքագետի՝ դրանք լուրջ չեն:

«Նման կերպ կարող են դատել միայն մարդիկ, որոնք վատ են պատկերացնում նախ Թուրքիայի արժեքը, երկրորդ՝ ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցման պատմությունը: Իհարկե, Թուրքիան այսօր քիչ է համապատասխանում երկրի կառավարման և ժողովրդավարության պահանջներին, բայց եկեք հիշենք 1952 թվականը, երբ Թուրքիան բացարձակ ոչնչով չէր համապատասխանում, բայց Թուրքիան ունի արժեք, որը նախկինում աշխարհագրական էր, քանի որ երկիրը գտնվում էր պայքարի առաջին շարքում Խորհրդային պետության հետ: Ի դեպ, Խորհրդային միություն ասելով` նկատի չունեմ միայն նրանց սեփական տարածքը, այլև արաբական աշխարհը: Եվ Թուրքիայի այս արժեքը ժամանակի ընթացքում անկումներ է ապրել, բայց այժմ այն աճում է, որովհետև այն Մերձավոր Արևելքում, որն այսօր ունենք, դժվար է չգերագնահատել Թուրքիայի դերը: Այնտեղ և՛ Իրանն է, և՛ Հյուսիսային Իրաքը, որը գտնվում է Թուրքիայի ազդեցության տակ: Եվ պատկերացնել, որ Թուրքիան իր այս արժեքով, շատ շոշափելի դիրքով  ՆԱՏՕ-ում` հզորությամբ երկրորդ բանակն է ՆԱՏՕ-ում,  կարող դուրս գալ դաշինքից, սա անգամ անհարմար է քննարկել»,- ընդգծեց նա: