կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-30 23:53
Առանց Կատեգորիա

Գոլանի բարձունքները` նախադե՞պ. ի՞նչ ակնկալել

 Գոլանի բարձունքները` նախադե՞պ. ի՞նչ ակնկալել

Օրերս ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնն անհրաժեշտ է համարում ճանաչել Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայել պետության սուվերենությունը։ Չհապաղեց Իսրայելի վարչապետ Նեթանյահուի արձագանքը. նա ֆեյսբուքյան իր բլոգում շնորհակալություն հայտնեց Թրամփին նման որոշման համար։

Իսրայելական և արտասահմանյան մի շարք  լրատվամիջոցներ, հիմնվելով տարբեր կառավարական անանուն աղբյուրների վրա, նշում էին, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Վաշինգտոնն արդեն կարող է պաշտոնապես հայտարարել Միացյալ Նահանգների կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերեն իրավունքի ճանաչման մասին։ Ինչպես և այլ հայտարարությունների մասով (Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչելը, ԱՄՆ դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը), Գոլանի բարձունքների վերաբերյալ Թրամփի հայտարարությունը նույնպես ամրագրվեց դե յուրե՝ Թրամփի` մարտի 25-ի համապատասխան որոշմամբ։

Խորհրդանշական էր այն, որ այդ որոշման ստորագրման արարողությանը մասնակցում էին Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, ինչպես նաև Թրամփի ավագ խորհրդական Ջերարդ Քուշները, որը կարևոր դեր է ունեցել վերջին շրջանում ԱՄՆ-Իսրայել համագործակցության խորացման համատեքստում։

Նախագահ Թրամփի հայտարարության հետ կապված միջազգային հանրության արձագանքը բավական բացասական էր։ Քննադատական հայտարարություններով հանդես եկան ՄԱԿ-ը, ԵՄ-ն, Ռուսաստանը, ինչպես նաև Սիրիան ու Իրանը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը մասնավորապես նշեց. «ՄԱԿ-ն առաջնորդվում է Անվտանգության խորհրդի որոշումներով, որոնց համաձայն` Գոլանի բարձունքները Իսրայելի կողմից գրավյալ տարածքներ են»։ Իրանի հոգևոր առաջնորդի` արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայեթիի դիտարկմամբ` «այս որոշմամբ Թրամփը ձգտում է ամրապնդել Նեթանյահուի դիրքերը երկրում նախատեսվող խորհրդարանական ընտրություններում»։ Հայտարարությամբ հանդես եկավ նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին` ընդգծելով, որ Թրամփի որոշումը հակասում է միջազգային իրավունքին։ Դատապարտող հայտարարություններով են հանդես եկել նաև Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտգործնախարարությունները։

Համառոտ պատմական անդրադարձ կատարենք Գոլանի բարձունքների իրավական, ռազմա-քաղաքական գործընթացներին։ Այսպես` 1944 թվականից Գոլանի բարձունքները պատկանում էին Սիրիային՝ ներառվելով այդ երկրի Կունեյտրա շրջանում։ Գոլանի բարձունքների այդ կարգավիճակը պահպանվեց մինչև 1967թ.։ Վեցօրյա պատերազմի արդյունքում Գոլանի բարձունքների արևմտյան հատվածը, որը կազմում էր այդ տարածքի 2/3 մասը, անցավ Իսրայել պետության վերահսկողության ներքո։ Իսրայելի Քնեսետը 1981թ. Գոլանի բարձունքների մասին օրենք ընդունեց, որով միակողմանիորեն ճանաչեց բարձունքների նկատմամբ Իսրայել պետության սուվերենությունը։ Նշենք, որ ՄԱԿ-ը, սակայն, այդպես էլ չճանաչեց այդ որոշումը։

Գոլանի բարձունքների որոշ շրջաններ շարունակում են մնալ Սիրիայի վերահսկողության տակ։ Գոլանի բարձունքներում Սիրիայի ու Իսրայելի միջև բաժանարար գիծն անցնում է ապառազմականացված գոտիով, որը գտնվում է ՄԱԿ-ի մանդատի ներքո։ Ապառազմականացված գոտում ՄԱԿ-ի մանդատը տարածվում է Գոլանի բարձունքների՝ թե՛ Իսրայելի, թե՛ Սիրիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Սիրիական ճգնաժամի տարիներին, սակայն, այդ տարածքներում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունը խաթարվել էր, քանի որ դրանք անցել էին ահաբեկիչների վերահսկողության տակ։ 2018թ. օգոստոսի կեսերից հնարավոր եղավ Գոլանի բարձունքներում վերահաստատել ՄԱԿ-ի առաքելության գործունեությունը։

Կրկին անդրադառնալով ընթացիկ զարգացումներին` նշենք, որ Թրամփի այս հայտարարությունն իսկ, անկախ դրա իրավական հիմնավորումից, տարածաշրջանի անվտանգության տեսանկյունից լուրջ մարտահրավերներ է պարունակում։ Խնդիրը նախևառաջ այն է, որ Թրամփի որոշումը կարող է հանգեցնել նրան, որ Գոլանի բարձունքների ապառազմականացված գոտու իսրայելական հատվածից դուրս բերվեն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը։ Ավելին` 2018թ. ամռանը Գոլանի բարձունքների մինչապառազմականացված գոտու սիրիական հատվածում վերահսկողական առաքելությամբ դիրքավորվեցին նաև ՌԴ ռազմական ոստիկանական ուժերը։ Այս ամենի արդյունքում սեղմվում է Գոլանի բարձունքներում Իսրայելի ու Սիրիայի միջև (և ոչ միայն նրանց միջև) ուղիղ ռազմական շփման օղակը, ինչը կարող է նոր լարվածության, բախումների հանգեցնել կողմերի միջև։ Մյուս կողմից՝ այն կարող է վերջնականապես տապալել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման` Սպիտակ տան կողմից մշակված փաթեթ-առաջարկը, որը նախատեսվում էր ներկայացնել հակամարտող կողմերին Իսրայելում ապրիլի 9-ին նշանակված խորհրդարանական ընտրություններից հետո: Եվ վերջապես, այդ որոշումը կարող է նոր բախումների ալիք բարձրացնել Սիրիայում Իրան-Իսրայել դիմակայությունում ներգրավված այլ տարածաշրջանային շահերի միջև: Արդեն իսկ նկատվում է սրացման միտում պաղեստինա-իսրայելական հակամարտությունում։ Օրերս Գազայի հատվածից հրթիռակոծության էին ենթարկվել Իսրայելի կենտրոնական շրջանները, այդ թվում` Թել Ավիվը։

Մինչ Թրամփի հայտարարությունը` տեղի ունեցավ ևս մեկ կարևոր խորհրդանշական զարգացում, այն է՝ ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների գծով վերջին զեկույցում Գոլանի բարձունքները սահմանվեցին որպես «Իսրայելի կողմից վերահսկվող տարածքներ», այն դեպքում, երբ նախորդ զեկույցներում հանդիպում էինք «Իսրայելի կողմից գրավյալ տարածքներ» ձևակերպմանը։ Ավելին` խորհրդանշական էր վերջերս, Նեթանյահուի ուղեկցությամբ, ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմի և Իսրայելում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Ֆրիդմանի կատարած այցը Գոլանի բարձունքներ։ Լինդսի Գրեմը հանդես եկավ նաև հայտարարությամբ՝ նշելով. «Գոլանի բարձունքները գտնվել են ու միշտ էլ գտնվելու են Իսրայել պետության իշխանության ներքո։ Իմ այցելության նպատակն է փորձել դա բացատրել Թրամփի վարչակազմին»։

Հավելենք, որ նշյալ միտումները դեռևս նկատելի էին նախորդ տարվա ամռանը, երբ Իսրայելն ու Ռուսաստանը եկան փոխհամաձայնության՝ իսրայելա-սիրիական անմիջական սահմանից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և «Հըզբոլլահ» շարժման ռազմական ուժերը դեպի Սիրիայի խորքերը տեղափոխելու հարցում:

Նշենք, որ այս ամենի արդյունքում տրամաբանորեն կկոշտանա նաև Իրանի դիրքորոշումը, ինչը կանդրադառնա Սիրիայում իրանական գործոնի ռազմական մարտավարության վրա։

 Գոլանի բարձունքները նախադե՞պ. ի՞նչ ակնկալել

Ի սկզբանե նշենք, որ հավանականությունը շատ փոքր է, որ Թրամփի որոշումը կարող է դառնալ նախադեպ այլ հակամարտությունների, այդ թվում՝ Արցախյան հակամարտության համար։ Այն պարզ պատճառով, որ դրանք լրիվ այլ իրողություններ են, ընթանում են այլ տարածաշրջաններում, որտեղ ռազմաքաղաքական ու անվտանգային մեխանիզմներն ունեն այլ իրավաքաղաքական, ռազմաքաղաքական տրամաբանություն։ Պատճառներից առանձնացնենք նաև ազգային, հակամարտության ներքին՝ սոցիալ-հոգեբանական և այլ առանձնահատկությունները։

Ժամանակին խոսվում էր Կոսովոյի, հետո՝ Աբխազիայի ու Հարավային Օսիայի, Ղրիմի նախադեպերի՝ այլ հակամարտությունների ուղղությամբ պրոյեկտման հնարավորության մասին, սակայն ակնհայտ էր, որ դրանք որևէ կիրառություն չէին կարող ստանալ։ Դիցուք` Կոսովոյի նախադեպը մինչ օրս որևէ դեպքում կիրառություն այդպես էլ չգտավ, նույնը վերաբերում է նաև ՌԴ-ի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման հարցին: Կան հակամարտությունների ներքին, բնիկ, պատմամշակութային առանձնահատկություններ ու այլ գործոններ: Այդ առումով բացառություն չէ նաև Գոլանի բարձունքների շուրջ ստեղծված իրավիճակը։

Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության իրավունքի ճանաչումն ինքնին, որպես երևույթ, իր բացառիկությամբ նախադեպային է, սակայն այն չի կարող լինել նախադեպ այլ հակամարտությունների համար։ Այլ հարց է` հայկական կողմը կարո՞ղ է այստեղ ստանալ քաղաքական դիվիդենդներ, թե՞ ոչ: Կարծում ենք` այո։ Նախ` այն առումով, որ ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերջին զեկույցում Իսրայելի կողմից «գրավյալ Գոլանի բարձունքները» ձևակերպումը փոխարինվեց Իսրայելի կողմից «վերահսկվող Գոլանի բարձունքները» տարբերակով։ Էականն այն է, որ մեսիջը հնչում է մարդու իրավունքներին առնչվող զեկույցում։ Այստեղ, իհարկե, ունենք քաղաքական-դիվանագիտական, տեղեկատվական հնարավորություններ` բարձրաձայնելու, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դրա իրացման ժողովրդավարական պահանջը բխում է նախևառաջ մարդու իրավունքների ու անհատի հիմնարար ազատության սկզբունքից։ Սա հրատապություն ենթադրող հիմնահարց է, որն անհրաժեշտ է տարբեր օղակներով ձևակերպել որպես հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարց: Ավելին, Թրամփի հավաստիացմամբ, այդ որոշման համար որպես հիմք է ընդունվում այն, որ Գոլանի բարձունքները անվտանգային գոտի են Իսրայելի համար։

Հավելենք, որ այս որոշումը Իսրայելի համար կարճաժամկետ առումով դիվանագիտական հաջողություն էր, սակայն միջնաժամկետ ու երկարաժամկետ տեսլականով այն և՛ս մեկ հանգուցային խնդիր ավելացրեց Իսրայելի պաշտպանական անվտանգության համար` այդ թվում անորոշ ժամանակով հետաձգելով  պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հնարավորությունը։ Նախագահ Թրամփի համար այդ որոշումը կարևոր էր ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններում տեղի ազդեցիկ հրեական համայնքի աջակցությունը ակնկալելու առւմով։ Որոշումը, թերևս, էական նշանակություն ուներ Նեթանյահուի համար երկրում ապրիլի 9-ին նախատեսվող խորհրդարանական ընտրություններում հանրային աջակցության, քաղաքական դաշտում դիրքերն ամրապնդելու համար։

 

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ