Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:
Ավստրիայի նախագահը ջերմորեն ողջունելով վարչապետ Փաշինյանին` նշել է, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը: Ալեքսանդր Վան Դեր Բելենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների ակտիվ գործընթացների կապակցությամբ և վստահություն հայտնել, որ մեր երկիրն առաջիկա տարիների ընթացքում կընթանա ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման ճանապարհով: Անդրադառնալով երկկողմ տնտեսական փոխգործակցությանը` Ավստրիայի նախագահը նշել է, որ իր երկիրը պատրաստ է քննարկել Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավելել, որ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Ավստրիայի հետ համագործակցության խորացմամբ: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում ընթացող ժողովրդավարական զարգացումներին, կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանության, արդարադատության ոլորտներում իրականացվող բարեփոխումներին: Վարչապետը վստահություն է հայտնել, որ այդ թվում միջազգային գործընկերների օժանդակությամբ ՀՀ կառավարությունը հաջողությամբ կյանքի կկոչի իրականացվող և հետագայում նախատեսվող բարեփոխումների ծրագրերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր, մտքեր փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ:
Վարչապետ Փաշինյանն Ավստրիայի նախագահին պատմել է նաև Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին: