Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019 թվականի մարտի 29-ին Բարձրագույն դատական խորհուրդը, դռնփակ նիստում քննության առնելով ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Զենիկի Հեբոյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի կողմից 2019 թվականի մարտի 29-ին ներկայացված միջնորդությունները, որոշել է դրանք բավարարել:
Խորհուրդը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 96-րդ կետով` որոշեց նաև կասեցնել դատավոր Գագիկ Հեբոյանի լիազորությունները մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը:
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾն հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել դատավորի կողմից իր լիազորությունների շրջանակներում անձի օգտին որոշակի գործողություններ կատարելու համար առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու մասին, եւ որ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների վերահսկողության ներքո կաշառքի գումարը հանցակից փաստաբանի միջոցով փոխանցվել է դատավորին, որից անմիջապես հետո ստացված գումարը վերջինիս մոտ հայտնաբերվել եւ վերցվել է:
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ դատավորի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջինիս օժանդակելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն: