Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակում ԻԻՀ թագավորական «Սաադաբադ» պալատում հանդիպել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Ռոհանին համոզմունք է հայտնել, որ երկու կողմերի քաղաքական կամքը բավարար է, որպեսզի հայ-իրանական հարաբերությունները շարունակեն ամրապնդվել: Հայաստանի և Իրանի համագործակցության կարևոր ոլորտներից է համարվել միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի առանձին հատվածների կառուցմանը իրանական կողմի հնարավոր մասնակցությունը:
Իրանագետ Գոհար Իսկանդարյանը վստահեցնում է՝ Իրանը շահագրգիռ է Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմամբ, ինչի մասին բարձրաձայնվել է: «Անգամ նշվեց, որ պատրաստ են աջակցություն ցուցաբերել` աշխատանքներն արագ ավարտին հասցնելու համար: Անդրադարձ եղավ նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանը: Բազմիցս նշվել է, որ ամեն ինչ պատրաստ է՝ և՛ հողային առումով, և՛ դիվանագիտական ինչ-ինչ հարցերում, մնում է իրականացնել շինարարական աշխատանքները, որոնք պիտի իրականացնի իրանական կողմը»,- լրագրողներին ասաց իրանագետը:
Անդրադառնալով, այսպես ասած, գազային կամ էներգետիկ հարաբերություններին՝ Գոհար Իսկանդարյանը շեշտեց, որ Հասան Ռոհանին հայտարարել է՝ իրանական կողմը պատրաստ է ավելի շատ գազ մատակարարել, այսինքն՝ ավելացնել երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծավալները:
«Մենք գիտենք, որ կա Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման ծրագիրը, որը հնարավորություն կտա ավելի շատ գազ ստանալու և դրա դիմաց ավելի մեծ ծավալի էլեկտրաէներգիայի տեղափոխելու Իրան: Բայց Իրանի նախագահը խոսեց նաև տարանցիկության մասին, որը բավականին հետաքրքիր դիսկուրս է: Ըստ այդմ՝ Հայաստանով կարող ենք Վրաստանին գազ մատակարարել: Նախագահի մակարդակով օդում խոսք չի կարող լինել: Սա վկայում է այն մասին, որ որոշակի քննարկումներ եղել են Վրաստանի հետ, և ենթադրում եմ՝ քննարկումներ կան նաև Ռուսաստանի հետ, քանի որ շատ լավ գիտակցում ենք, որ Իրանից Հայաստան գազը գալիս է «Գազպրոմի» միջոցով, և այս պահին մենք նոր խողովակաշար չենք կարող կառուցել, այսինքն՝ պետք է, որ Ռուսաստանը «Գազպրոմի» միջոցով թույլ տա այդ հավելյալ գազի մատակարարումը: Սա հնարավորություն է տալիս ենթադրելու, որ նախնական քննարկումներ եղել են, որոնց մասին բարձրաձայնեց Ռոհանին»,- ընդգծեց իրանագետը՝ հավելելով, որ հիմա հայկական դիվանագիտական կորպուսը պետք է լավ աշխատանքներ տանի և՛ Իրանի, և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի հետ, որպեսզի օր առաջ այս ծրագրերը կյանքի կոչվեն:
«Այս եռաչափ և քառաչափ ծրագրերը խիստ կարևոր են ՀՀ-ի համար, որ ամբողջությամբ ինտեգրվի տարածաշրջանային ծրագրերում»,- նշեց Իսկանդարյանը:
Իրանագետը հավելեց, որ մինչ այս բազմաթիվ ծրագրեր և ստորագրված երկկողմ փաստաթղթեր կյանքի չեն կոչվել և' իրանական կողմի, և' հայկական կողմի ֆինանսական սուղ միջոցների պատճառով:
«Մեծ հաշվով` այս հարցում լուրջ փոփոխություններ չկան՝ ո'չ Հայաստանի տնտեսությունն է խիստ զարգացել, ո'չ էլ Իրանն է դուրս եկել ճգնաժամից: Բայց հիմա կա այլ խնդիր, այն է՝ Իրանը հիմա հայտնվել է այնպիսի վիճակում, որ բարեկամներ ձեռք բերելու անհրաժեշտություն ունի՝ դուրս գալու ԱՄՆ պատժամիջոցներից և ճնշումից: Եվ իր հարևաններից միայն Հայաստանն է, որ, քրիստոնյա երկիր լինելով, աջակցում է Իրանին այս հարցում, թեև Հայաստանի վրա ևս կա ճնշում, հիշենք Բոլթոնի այցը: Բայց Հայաստանը հստակ ցույց տվեց, որ Իրանի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի կենսական շահերից, քանի որ գտնվում է շրջափակման մեջ և ունի ընդամենը երկու բաց ելք, որոնցից մեկը Իրանն է, այսինքն՝ այլընտրանք չկա: Սա հստակ մեսիջ էր ԱՄՆ-ին, որ այլընտրանք չունենք և պիտի համագործակցենք Իրանի հետ:ԱՄՆ-ում սա հասկանում են, բայց կան որոշակի կարմիր գծեր, որոնցից այն կողմ չենք կարող անցնել, ուստի պետք է այդ շրջանակում համագործակցենք: Դա վերաբերում է զբոսաշրջության ոլորտին, գյուղատնտեսությանը, դրանք պատժամիջոցների տակ չենք ընկնում»,- ասաց իրանագետը:
Ինչ վերաբերում է Հայաստանի` ԵԱՏՄ-Իրան կամուրջ լինելուն, բանախոսը շեշտեց, որ Հայաստանը Իրանի համար ավելի լավ գործընկեր կարող է լինել ԵՄ G+ համակարգի հետ կապված, քանի որ, ըստ նրա, շատ երկրներ չկան, որ համագործակցում են այս համակարգի շրջանակում: «Եվ իրանական ապրանքներն այդ արտոնություններով չեն կարող մտնել եվրոպական շուկա, իսկ հայկական ապրանքները կարող են: Հիմա մեզ ի՞նչն է խանգարում, որ կարողանանք ստեղծել համատեղ արտադրանքներ, օրինակ՝ իրանական կաշվով մեր կոշկակարները կարող են կոշիկ կարել ու համատեղ արտադրությամբ մտնել եվրոպական շուկա, կամ` համատեղ գյուղատնտեսական արտադրանք ստանան՝ պահածոներ: ԵԱՏՄ-ի շրջանակում կարող ենք համագործալցել, բայց Իրանին ոչինչ չի խանգարում, որ նա Կասպից ծովով իր ապրանքը նավով տեղափոխի և ցամաքային ճանապարհի կարիք չունենա»,- նշեց Գոհար Իսկանդարյանը: