Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ հայերեն ձևավորված հրապարակային գրվածքները՝ ցուցանակներն ու գովազդային վահանակները, հասարակության մեջ արդարացի դժգոհություն են առաջացնում։ Դրանց լեզվական ձևավորումն անհանգստացնում է ՀՀ քաղաքացիներին։
Շատ տնտեսավարողների մտածողության մեջ արմատներ ձգած օտարամոլությունը նրանց դրդում է ամեն կերպ խուսափելու ցուցանակները և գովազդային վահանակները հայերեն ձևավորելուց: Նրանք նախապատվությունը տալիս են օտար լեզուներին։ Հատկապես մայրաքաղաք Երևանը հեղեղված է օտարալեզու հրապարակային գրվածքներով։ Վիճակն անհանդուրժելի է:
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք «Լեզվի մասին» ՀՀ օրենքի դրույթը (4-րդ հոդված, «գ» կետ), որը Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից, ձեռնարկություններից, հիմնարկներից ու կազմակերպություններից պահանջում է «ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն»։
Օրենքը թույլատրում է նաև օտար լեզուների գործածությունը՝ սահմանելով, որ հայերեն գրություններն անհրաժեշտության դեպքում կարող են զուգակցվել այլ լեզուներով։
Շատերն ունեն այն թյուր կարծիքը, թե այս ոլորտում հարցեր լուծելու իրավասությունն ու պարտականությունը վերապահված է բացառապես Լեզվի կոմիտեին, այնինչ ըստ նշված օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ պետական լեզվաքաղաքականություն իրականացնում են նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։
Նկատի ունենալով այս ամենը և հանրապետությունում մեծաքանակ օտարատառ և օտարալեզու հրապարակային գրվածքների առկայությունը՝ դիմում ենք.
ա. պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ հիշեցնելով պետական լեզվաքաղաքականություն իրականացնելու իրենց պարտականության ու անմիջական գործառույթի մասին: Հորդորում ենք անհրաժեշտության դեպքում համագործակցել Լեզվի կոմիտեի հետ, ձեռնարկել միջոցներ՝ ոչ հայերեն հրապարակային գրվածքները հայերենացնելու համար.
բ. ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին՝ կոչ անելով իրենց բոլոր հրապարակային գրվածքները համապատասխանեցնել լեզվական օրենսդրության պահանջներին։
Հիշեցնում ենք, որ ըստ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1893-րդ հոդվածի 1-ին մասի՝ ցուցանակը և գովազդը ոչ հայերեն ձևավորելը առաջացնում է տուգանքի նշանակում (քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով):
Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ