Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Այս հարցին կրկին անդրադառնալու մտադրություն չունեինք, բայց ինչպես երևում է, պետական օրհներգի փոփոխության ստվերային ջատագովները նահանջելու մտադրություն չունեն: Այո՛, «ստվերային», որովհետև ակնհայտ է (որքան էլ այդ մասին բարձրաձայն չասվի), որ օրհներգի փոփոխության հարցը ԱԺի երիտասարդ փոխնախագահի մտահղացումը չէ, դա նրան համոզել են որոշ «բարձր մտավորականներ»: Իսկ այդ «բարձր մտավորականների» հետաքրքությունները, ինչպես մեկ անգամ արդեն նշել ենք, տարբեր են և ոչ միշտ են անկեղծ: Բայց նաև ակնհայտ է, որ օրհներգի փոփոխության գաղափարը ԱԺի մեր երիտասարդ փոխնախագահին ականջահաճո է եղել կամ, ինչպես ռուսներն են ասում՝ было по душе, որի համար ինքը և իր զինակից ընկերները, թերևս, ունեն պատճառ: Այլապես դժվար է բացատրել իր կողմից ցուցաբերվող հետևողականությունը: Առայժմ մի կողմ թողնելով այն հարցը, թե մեր պետական օրհներգը, առհասարակ՝ պետական խորհրդանիշները «լավն» են, թե՝ ոչ, հետադարձ հայացք նետենք պատմությանը (ոչ միայն մեր) և կտեսնենք, որ ընդհանրապես պետական խորհրդանիշների հարցը օրակարգային է դառնում՝
1) երբ նոր պետություն է ստեղծվում,
2) երբ պետական կառավարման նոր մոդել կամ նոր հայեցակարգ (գաղափարախոսություն) է որդեգրվում: Առաջին տիպի իրավիճակ մենք ունեցանք 1918ին, երբ Պատմական Հայաստանի մի փոքր մասի վրա, որպես Մայիսյան հերոսամարտերի տրամաբանական զարգացում, ազդարարվեց հայկական անկախ պետականության ծնունդը: Երկրորդ տիպի իրավիճակ առաջացավ 1920ի վերջին, երբ հայ ժողովուրդը հարկադրված էր ընտրություն էր կատարել «ռուսական մուրճի և թուրքական սալի միջև»: Այսինքն, երբ Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր, որոնք իրենց հետ բերեցին նոր՝ ոչ ազգային կամ, բոլշևիկյան տերմինաբանությամբ՝ աշխատավորական՝ մուրճ ու մանգաղի գաղափարախոսություն:
Այսօր մենք չունենք այդ երկու իրավիճակներից և ոչ մեկը: Իսկ եթե ունենք, թող իրազեկեն նոր իշխանավորները և այդ դեպքում գուցե կվերանայենք մեր պատկերացումները: Երրորդ հանրապետության առաջին իշխանությունները նոր պետական խորհրդանիշներ ընդունելու համար, թերևս, ավելի շատ հիմքեր ունեին, քան ներկայիս իշխանությունները, որովհետև անկախ պետականության կորուստից 70 տարի անց՝ 20րդ դարի վերջին, վերստին ստեղծվում էր անկախ պետություն, բայց արդեն բոլորովին այլ աշխարհաքաղաքական իրավիճակում, քան առկա էր դարասկզբին: Որոշ դեգերումներից հետո, սակայն, նրանք ցուցաբերեցին անհրաժեշտ շրջահայացություն և Առաջին հանրապետության խորհրդանիշները որդեգրելու միջոցով, ըստ էության, իրենց հայտարարեցին հայ ժողովրդի նվիրական իղձերի խորհրդանիշ համարվող այդ հանրապետության ժառանգորդը:
Մեկ անգամ ասել ենք, այժմ էլ ավելորդ չենք համարում կրկնել. օրհներգի ընտրությունը պարզապես լավ բանաստեղծական տեքստի կամ բարձրաճաշակ երաժշտության ընտրություն չէ: Դա նախ և առաջ արժեքային համակարգի ընտրություն է: Հետևաբար, օրհներգի փոփոխության կողմնակից պարոնա՛յք իշխանավորներ, դուք ի՞նչ արժեհամակարգի կրող եք: Խոսելով մտավորականների մի խմբի անունից՝ դեռ չի նշանակում արտահայտել ողջ հայ մտավորականության կարծիքը: Ընդունում ենք, որ կան մտավորականներ, այդ թվում՝ անվանի, որոնք օրհներգի փոփոխության կողմնակից են: Նախ, նրանց անվանի լինելը կամ զանազան տիտղոսներ ու կոչումներ ունենալը դեռևս չի նշանակում, թե տվյալ հիմնահարցի մասին նրանց պատկերացումներն ավելի խորքային են, քան այդ տիտղոսներն ու կոչումները չունեցողների:
Ավելին, պետական օրհներգի փոփոխության նախկին փորձերից հայտնի է, որ նրանցից ոմանք ունեն անձնական շահագրգռվածություն, իսկ մի մասի դեպքում էլ դեր են խաղում այլ հանգամանքներ: Մասնավորապես՝ ոմանք օրհներգն ընկալում են միայն որպես արվեստի գործ՝ կտրված նրա ընդունման հանգամանքներից, պատմական ենթատեքստից և, ի վերջո, որ ամենից կարևորն է, նրա մեջ չտեսնելով արժեքային կողմնորոշման խնդիր: Դրան ավելանում է նաև հոգեբանական գործոնը. մարդիկ տասնամյակներ շարունակ (իրենց ծննդյան օրից) վարժված են եղել իբրև օրհներգ ընկալելու խաչատրյանականը՝ Խորհրդային Հայաստանի օրհներգը: Կարծում ենք՝ իրականության դեմ մեղանչած չենք լինի, եթե ասենք, որ այդ սերնդի շատ ներկայացուցիչներ դեմ չէին լինի ԽՍՀՄի վերականգնմանը, որովհետև ինչպես մի առիթով թուրք լրագրողի սպառանալիքին (արդի տերմինաբանությամբ՝ ռազմատենչ հռետորաբանությանը) պատասխանել էր Ս. Կապուտիկյանը, ԽՍՀՄի տարիներին Անկարայից Երևան տանող ճանապարհն անցնում էր Մոսկվայով: Կամ, ինչպես անկախության սկզբնական շրջանում իր մի հարցազրույցում ձևակերպել էր Հ. Մաթևոսյանը, ԽՍՀՄի կազմում հայն իրեն զգում էր մեծ կայսրության քաղաքացի և ոչ թե՝ մի փոքր երկրի: Որ նույնն է, թե՝ ավելի պաշտպանված: Այսինքն՝ մտավորականների այդ մասի համար (նրանք գերազանցապես ներկայացնում են մտավորականության ավագ սերունդը) պետական անկախությունը մեծ արժեք չէ: Որքան էլ որ այս մտայնության պատճառները հասկանալի են (ասվածներին կարելի է ավելացնել նաև անցած երեք տասնամյակների սոցիալտնտեսական դժվարությունները, սոցիալական անարդարությունը և այլն), այդ մտայնությունը որոշիչ չպիտի լինի: Անկախությունից հրաժարվելը կարող է արդարացվել միայն մի դեպքում. եթե այն ի վիճակի չէ երաշխավորելու ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը: Այդպիսի իրավիճակ առաջացավ 1920ի աշնան վերջին, երբ թուրքական զորքերը գրավեցին ողջ Շիրակը և սպառնում էին Երևանին, իսկ Հայաստանի հյուսիսարևելյան սահմաններից (Իջևան) հանրապետության տարածք թափանցելու փորձեր էին անում բոլշևիկյան ջոկատները: Ուստի հանրապետության ղեկավարությանը այլ բան չէր մնում, քան հակվել դեպի «ռուսական մուրճը» և իշխանությունը զիջել հայ բոլշևիկներին (1920 թ. դեկտեմբերի 2): Մնացյալը մեր ներքին խնդիրներն են, և մենք պարտավոր ենք դրանք հաղթահարելու կամք գտնել մեր մեջ, եթե իսկապես աշխարհի հին ու քաղաքակիրթ ազգերից մեկն ենք:
Ճշմարիտ է, որ ազգայինպետական խորհրդանիշների պահպանման ջատագովը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն է: Իսկ դա բնական չէ՞: Դաշնակցության ամբողջ պատմությունը եղել է պայքար հանուն հայ ժողովրդի իրավունքների և ազգային արժեքների, իսկ այսօր այդ իրավունքներին ու արժեքներին վերստին վտանգ է սպառնում: Օրհներգի փոփոխության հարցը օրակարգային հարց դարձնողները, ըստ ամենայնի, ազգային արժեքների պահպանության մտահոգություն չունեն, իսկ նրանց ձայնակցողներն էլ պարզապես չեն տեսնում դրա խորքային, հեռահար վտանգները: Վտանգներից մեկն այն է, որ դրանով պետական խորհրդանիշի ընտրության կամ փոփոխության հարցը իջեցվում է ընթացիկ ներքաղաքական հարցի աստիճանի: Այսինքն՝ ամեն նոր իշխանության մտքով կարող է անցնել պետական խորհրդանիշ փոխել՝ հարմարեցնելով տվյալ պահի իր պատկերացումներին կամ կուսակցական շահերին: Հետևաբար՝ արժեզրկել խորհրդանիշի բուն խորհուրդը:
Բացի այդ, ինչպես արդեն ասվեց, պետական խորհրդանիշների փոխարինման հարց կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե պետության կյանքում սկսվում է որակական նոր փուլ, այն է՝ փոխվում են պետության ներքաղաքական և արտաքաղաքական վեկտորները, հայտարարվում է նոր տիպի պետական մշակույթի կուրսի մասին և այլն, որոնք հիմք կտային, օրինակ, հայտարարելու Չորրորդ հանրապետության սկզբնավորման մասին: 2018ին տեղի ունեցածը պարզ իշխանափոխություն է, թեկուզև ժողովրդի ճնշման տակ տեղի ունեցած իշխանափոխություն, բայց ոչ երբեք «հեղափոխություն», ինչպես որ սիրում են կրկնել նրա ակտիվիստները: Հետևաբար, չկա նշված բաղադրիչներից և ոչ մեկը, որը կարող է հիմք տալ խոսելու պետական խորհրդանիշ փոխելու մասին:
Հասկանալի է, որ 2018ի խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը ներկա իշխանություններին օժտել է ուժեղ մանդատով, և նրանք փորձում են իրենց պատկերացրած «հեղափոխությունը» տարածել պետական կյանքի բոլոր ոլորտներում: Այն է՝ վարել «ռեֆորմիստական» քաղաքականություն, բայց պիտի նկատի ունենալ, որ ոչ բոլոր ռեֆորմներն են իրականում բարեշրջում: Ազգային արժեքների դեպքում նախընտրելի է պահպանողականությունը կամ, որ ավելի ճիշտ է՝ ավանդապահությունը: Այդ ոլորտում թույլ տրված սխալների շտկումը շատ ցավոտ կլինի և դժվարին:
ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ