կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-16 12:48
Հասարակություն

Արթուր Մկրտչյանը կդառնար 60 տարեկան

Արթուր Մկրտչյանը կդառնար 60 տարեկան

Այսօր լրանում է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի ծննդյան 60-ամյակը:

Նա ծնվել է 1959 թվականին, Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։

1976 թվականին ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետ։ Համալսարանն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։

1981-1983 թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում:

1986 թվականին տեղափոխվել է ծննդավայր և աշխատել Հադրութի պատմա-երկրագիտական թանգարանի տնօրեն։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան։

Արցախյան Շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ 1988 թվականի փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց։ ՀՅԴ անդամ էր: 1992 թվականի հունվարին ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։

Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարեց ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագույն պատմության մեջ։ Իսկ ճակատագրի ողբերգականությունը դարձավ այս բոլոր տարիների ընթացքում ամենաբարդ, թերևս ամենածանր ժամանակաշրջանի ողբերգականության խորհրդանիշը։ Արթուր Մկրտչյանի կյանքի թելը կտրվեց 1992թ. ապրիլի 14-ին` 33 տարեկան հասակում:

Նա մեկ մարտի դաշտում էր, մեկ բանակցությունների սեղանի շուրջ: Երիտասարդ գործչին հաջողվում էր միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել պատմական Արցախի խնդրին:

Օժտված լինելով մարդկային բարձր հատկանիշներով՝ Արթուր Մկրտչյանը Արցախյան շարժման հորձանուտում հայտնվեց որպես հանրության կողմից ընդունելի դեմք ու կազմակերպիչ, իսկ հետագայում նա դարձավ ազգային խորհրդանիշ: Արթուր Մկրտչյանն Արցախյան շարժման այն առաջամարտիկներից էր, ով խորապես տիրապետում էր ազգային արժեքներին եւ ում համար ի վերուստ պարզ էր, որ մեր ժողովրդի գոյատեւման խնդիրն անիրագործելի է առանց նրա հավաքական ուժի եւ պայքարի: