Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 16-ին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 58 տարեկան: Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ, եւ 33 տարեկան, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց այդ կարճ, բայց պայծառ կյանքին: Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Արթուր Մկրտչյանի ծննդյան օրը բազմաթիվ մարդիկ էին նրա գերեզման-հուշաքարի մոտ:
ՀՅԴ Արցախի ԿԿ, Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության անդամներ, պետական պաշտոնյաներ, պատգամավորներ եւ հարազատներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ա. Մկրտչյանի շիրիմին:
«Մենք օրեցօր փորձում ենք մոտենալ այն երազած երկրին, որն իր մեջ ուներ Արթուր Մկրտչյանը: Որպես մեր պետականության խորհրդանիշ՝ Արթուր Մկրտչյանն ուներ մեր երկրի ապագայի տեսլականը»,- նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և հավելել, որ այդ առումով մենք դեռևս շատ անելիքներ ունենք:
«Ժամանակն իր հերոսներին է ծնում, մեր ազատագրական բովում ծնվեցին գործիչներ, որոնք խոր հետք թողեցին մեր պատմության մեջ: Այդ գործիչներից մեկը Արթուր Մկրտչյանն է: Այսօրվա տեսանկյունից նայելով հեշտ է թվում այդ ամենն անելը, բայց բավականին դժվար մի գործ ձեռնարկեցին. ազգային-ազատագրական պայքար, պետության կերտում, զարգացում: Խորհրդային Միության նման կայսերապաշտական միտումներ ունեցող մի երկրի սահմաններում, ադրբեջանական բռնատիրության պայմաններում դա կարծես անհնարին էր, բայց Արթուր Մկրտչյանի նման գործիչներ ծնվեցին և ժողովուրդն իր մեջ ուժ գտավ, որպեսզի հաղթահարի այդ դժվարությունները: Եվ ամեն անգամ մեր հարգանքի տուրքը մատուցելով Մկրտչյանին, մենք հավաստում ենք մեր հավատարմությունն այն գործին, որ սկսվել է 1988թ.»,- Մկրտչյան մասին այսպես է արտահայտվել ԼՂՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը:
ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին եւ ճակատագիրն այնպիսի անջնջելի հետք թողեցին հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, որ անգամ պաշտոնավարած լինելով երեք ամսից քիչ ժամանակահատվածում, նրա անունն առհավետ բուն դրեց ժողովրդի հիշողության մեջ:
aparaj.am