կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-06 20:47
Քաղաքական

«Իմ քայլը»-ի պատգամավորները մեծամասնություն կկազմեն խորհրդարանական միջազգային պատվիրակություններում

«Իմ քայլը»-ի պատգամավորները մեծամասնություն կկազմեն խորհրդարանական միջազգային պատվիրակություններում

Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող խորհրդարանական խմբակցության ղեկավարը հայտնում է  խորհրդարանական միջազգային պատվիրակությունների կազմը համամասնության սկզբունքով ձևավորելու որոշման մասին։ «Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ խորհրդի նիստում առաջարկել է նաև բոլոր պատվիրակություններում ունենալ ընդդիմությունից ներկայացվածություն, սակայն ընդդիմությունն այս հարցում կոնսենսուս չի եկել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լիլիթ Մակունցն այս մասին հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում:

«Երեկ ԱԺ խորհրդի նիստում քննարկվել է խորհրդարանական միջազգային պատվիրակությունների քվոտավորման հարցը: Այսօր արդեն վերջնական պատվիրակությունների ցանկը հաստատվեց: Պատվիրակություններում ներգրավվածությունը հասկանալու համար որոշել էինք համամասնության ձևաչափը կիրառել: Բնականաբար, «Իմ քայլը» խմբակցությունը պատվիրակություններում պետք է ունենար մեծամասնություն , այդպիսի որոշում էիք կայացրել և դա ներկայացրել էինք: Սակայն փոխզիջման տարբերակին գնացել ենք: Առաջարկեցինք, որ բացի այդ համամասնության սկզբունքը կիրառելը, նաև բոլոր պատվիրակություններում ունենանք ընդդիմությունից ներկայացվածություն: Սա առաջարկեցին «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին: Եվ մեր խմբակցությունը պատրաստ էր իր քվոտային հաշվին այդ տեղերը տրամադրել ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին: Խորհրդակցության արդյունքում ընդդիմությունը չեկավ ընդհանուր հայտարարի, մասնավորապես ԼՀԿ-ն դեմ էր այդ մոտեցմանը»,-նշեց Մակունցը»։

Նա ասաց, որ արդյունքում կիրառել են համամասնության սկզբունքը: Մակունցը նշեց՝ կուզեին, որ ընդդիմությունը ևս բոլոր պատվիրակություններում ներկայացված լիներ, սակայն կոնսենսուսի չեկան: