կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-05 13:32
Հասարակություն

Պաշտոնական ընդունելություն Նյու Սաութ Վելսի նահանգապետարանում` ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

Պաշտոնական ընդունելություն Նյու Սաութ Վելսի նահանգապետարանում` ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են`փետրվարի 4-ին Ավստրալիայի Նյու Սաութ Վելսի նահանգային խորհրդարանում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ավստրալիա կատարած հովվապետական այցի առիթով:

Ամենայն Հայոց Կաթողիկոսին խորհրդարանում դիմավորեց նահանգապետուհի Գլադիս Բերեջիկլյանը:

Ընդունելության ընթացքում Վեհափառ Հայրապետին բարիգալստյան խոսքով ողջունեցին տիկին նահանգապետուհին և նահանգային խորհրդարանի պետարանի նախագահ տիար Ջոն Աջական:

Իր ողջույնի խոսքի մեջ նահանգապետուհին նշեց, որ Վեհափառ Հայրապետին ընդունում է երկու հանգամանքով, որպես պետական բարձրաստիճան պատասխանատու՝ նահանգապետուհի, և որպես հպարտ ու հարազատ զավակ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու:

Այնուհետև ընդունելության մասնակիցներին, նաև տարբեր Եկեղեցիների ու հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին սրտագին բարեմաղթանքներով ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը`  շնորհակալություն հայտնելով հանդիպման բարեպատեհ հնարավորության համար:

«Ձեր միասնական ներկայությունը այս հանդիպմանը գեղեցիկ վկայություն է հայ ժողովրդի, Հայ Եկեղեցու հանդեպ հարգանքի և բարեկամության:

Աստծո կամոք Մենք վերստին առիթն ունեցանք այցելելու Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի Մեր սիրելի ժողովրդին՝ բերելու նրանց հայրենիքի, Սուրբ Էջմիածնի լույսն ու օրհնությունը, հայրական Մեր սերը և քաջալերանքը՝ հոգևոր միասնության, քրիստոնեական արժեքներին հավատարմության մեջ շարունակելու իրենց ազգային-եկեղեցական կյանքի առաջընթացը:

Մենք եկել ենք նաև Հայ Եկեղեցու և Մեր ժողովրդի երախտագիտությունը հայտնելու Ավստրալիո կառավարությանը, նահանգային, քաղաքային բարեսեր իշխանություններին, որ բարյացակամությամբ աջակցում են հայ համայնքին այս գեղատեսիլ մայրցամաքում կազմակերպելու ու զորացնելու հայոց ազգային-եկեղեցական կյանքը: Ավստրալաբնակ հայորդիները, ի գնահատումն իրենց հանդեպ դրսևորված բարեկամական ու սիրառատ վերաբերմունքի, իրենց ձեռքբերումներն ու հաջողությունները ծառայեցնում են հյուրընկալ այս պետության բարգավաճմանը, հասարակական կյանքի զարգացմանը, մշակույթին ու գիտությանը: Այսպիսի հիանալի օրինակ է Նյու Սաութ Ուելս նահանգի վարչապետի բարձր պաշտոնը ստանձնած մեծազնիվ տիկին Գլադիս Բերեջիկլյանի գովարժան և արդյունավոր գործունեությունը, ով մեր ժողովրդի դուստրը և մեր Սուրբ Եկեղեցու հարազատ զավակը լինելով՝ իր կարևոր գործունեությամբ տարիներ շարունակ մեծ ներդրում է բերում Ավստրալիայի քաղաքական և հասարակական կյանքի առաջընթացին: Մենք մեծ ուրախությամբ տիկին Գլադիս Բերեջիկլյանին հանդիպել ենք հայրենի մեր երկրում՝ զգալով նրա հավատքի ու աստվածսիրության ջերմությունը, ազգասիրությունն ու հայրենասիրությունը: Հպարտ ենք, որ մեր ժողովուրդն ունի այսպիսի օրհնյալ զավակներ, ովքեր իրենց կյանքով ու գործով հավելում են պատիվն ու հեղինակությունը մեր ժողովրդի:

Մեզ համար, սիրելիներ, որպես Հայ Եկեղեցու հոգևոր պետի և առաջին սպասավորի, հոգու բերկրանք է տեսնել այն սերն ու հարգանքը, որ մեր ժողովրդի զավակները` իբրև արժանավոր և օրինապահ քաղաքացիներ, վայելում են Ավստրալիայում», - ասաց Վեհափառ Հայրապետը:

Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից դիմագրաված փորձություններին և հայրենիքի առջև ներկայիս ծառացած մարտահրավերներին: «Դարերի ընթացքում մեր ժողովուրդը քրիստոնական իր հավատքով ստեղծեց բարձր մշակույթ, գիր ու դպրություն, հաղթահարեց բազում փորձություններ ու ավերներ, վերապրեց Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը և այսօր իր նոր կյանքի հաղթանակներն ու հաջողություններն է կերտում: Լինելով վերստին անկախացյալ երիտասարդ պետություն, դիմագրավելով արդի ժամանակի մարտահրավերներն ու խնդիրները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակումը, Հայաստանի ու Արցախի սահմաններում պատերազմական իրավիճակը՝ Հայաստանն իր հաստատուն քայլերն է կատարում` որպես ազատ, ժողովրդավար և իր հարևանների հետ խաղաղության ու համերաշխության ձգտող պետություն: Հայ ժողովրդի առջև կանգնած է նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և արցախահայության ազատ ու անկախ կյանքի արդար իրավունքի հաստատման կարևորագույն խնդիրը: Արցախի պետությունը պատմական Հայաստանի մաս և հայոց հող լինելով՝ Խորհրդային իշխանությունների կողմից բռնակցվել էր Ադրբեջանին, սակայն ինքնորոշման արդար սկզբունքով Արցախը հաստատեց իր անկախությունը և այսօր պայքարում է ազատ ապրելու իր իրավունքը պաշտպանելու համար», - նշեց Վեհափառ Հայրապետը:

Խոսելով ավստրալիահայ համայնքի ազգային ու հոգևոր կյանքի մասին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ հայորդիների աշխույժ գործունեությունը նաև մեծ ու կարևոր նպաստ է Հայաստանի և Ավստրալիայի փոխհարաբերությունների և փոխգործակցության ամրապնդմանը: Վեհափառը հույս հայտնեց, որ երկրների բարեկամությունն ու համագործակցությունն առավել կարդյունավորվի դիվանագիտական առաքելությունների գործունեությամբ և Հայաստանի Հանրապետության և Ավստրալական Միության պատկան մարմինները առաջիկայում համապատասխան քայլեր կնախաձեռնեն դիվանագիտական կապերի հաստատման համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Տերն Իր երկնառաք շնորհները բաշխի Ավստրալիային և նրա ժողովրդին` պահելով սիրո, խաղաղության և համերաշխության մեջ: