կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-04 13:06
Առանց Կատեգորիա

Արևմտյան Հայաստանում ծնունդ առած ճաշատեսակներ, պատարագ, հաղորդություն. ինչպե՞ս են Հալեպում դիմավորում Ամանորը

Արևմտյան Հայաստանում ծնունդ առած ճաշատեսակներ, պատարագ, հաղորդություն. ինչպե՞ս են Հալեպում դիմավորում Ամանորը

Ինչպե՞ս են Հալեպում հայերը նախապատրաստվում Նոր տարվան, ի՞նչ ճաշատեսակներ են մատուցում տոնական օրերին,  ինչպե՞ս են դիմավորում Ամանորը և ի՞նչ ավանդույթներ ունեն, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ: Այս մասին Yerkir.am-ը զրուցեց Հայ օգնության միության անդամ, հալեպահայ Թամար Գասպարյանի հետ:

Տիկին Թամարը նախ ներկայացրեց այն ճաշատեսակները, որոնք հայկական ընտանիքներում Նոր Տարվա սեղաններից գրեթե անպակաս են լինում, անգամ` հետպատերազմական դժվարին շրջանում:

Ուշագրավ և գեղեցիկ է այն փաստը, որ հալեպահայերը Նոր տարին դիմավորում են Արևմտյան Հայաստանում ծնունդ առած հայկական ճաշատեսակներով, որոնք, ցավոք, շատերի կողմից ընկալվում են որպես սիրիական ճաշացանկ:

«Իրականում դրանք մաքուր հայկական, ավանդական ուտեստներ են, որոնք մենք ժառանգել են մեր նախնիներից: Դրանց օտարինը չեն, մերն են, հայկական են. մենք Արևմտյան Հայաստանի ճաշացանկն ենք ներկայացնում, ոչ թե սիրիականը` արաբականը»,- ընդգծեց  Թամար Գասպարյանը:

Հալեպահայ տիկնոջ խոսքով` Ամանորի տոնակատարությունները Հալեպում պետք է բաժանել երկու մասի` ընտանեկան և գաղութային:

«Նոր տարուց շաբաթներ առաջ որոշվում է հավաքավայրը, որպեսզի տանտիկինն իմանա` ի՞նչ պատրաստի և քանի՞ հոգու համար: Բայց եթե գերդաստանում նշանված զույգ կա, հավաքավայրը հայտնի է`աղջկա կողմն է հյուրընկալում, տղան միայն քաղցրավենիքի տեսականին, փախլավան է բերում: Մինչ այդ գերդաստանի կանայք հավաքվում են և տոնական մթնոլորտում սկսում պատրաստել ավանդական ճաշերը` սարմա (թփով թոլմա), միջուկով քյուֆթա (իշլի քյուֆթա), սամսաք, ղավուրմա, հնդկահավ, աղանդերների և աղցանների տեսակներ, գլխավորապես` Նոր տարվա սեղանի անբաժանելի մաս համարվող ճակնդեղով աղցան: Բնականաբար, մեր ուտեստների կողքին կան նաև սիրիական և օտար խոհանոցների մի շարք այլ ուտեստներ` համոս, մութաբալ, մուհամմարա, մարթադել և այլն: Մսեղենից հաճախ պատրաստվում է ոչխարի բուդը` լցոնված բրնձով, նշով և ընկուզեղենի այլ տեսականիով: Սեղանի անբաժանելի մասն է նաև հայկական սուջուխն ու կարմիր չամանով պատրաստված բաստուրման, որոնք հալեպահայ կանայք հիմնականում պատրաստում են տանը»,- նշեց տիկին Թամարը` հավելելով, որ նախկինում հնդկահավը ավելի լայն տարածում ուներ հալեպահայերի շրջանում, սակայն հետագայում հնդհակավը փոխարինվել է հավով, թեև պատրաստման եղանակը մնացել է նույնը:

Հայկական ավանդական մումբարը (ոչխարի աղիքը` լցոնված բրնձով կամ ձավարով` համեմված այլ բաղադրամիջներով),  որն Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտ նահանգի հայ բնակիչների ճաշատեսակն է, նախկինում եղել է արևմտահայերի տոնական սեղանի անբաժանելի մասը, սակայն, քանի որ դրա պատրաստումը բավականին ժամանակ և ջանք է խլել, ժամանակի ընթացքում նույնպես դուրս է մնացել հիմնական ճաշացանկից:

«Աղիքները մի քանի օր պահվում էին կիտրոնաջրի մեջ և մաքրվում այնքան, որ ծորակի ջուրը մեջը հոսեցնելիս տեսանելի դառնային խոհանոցի պատի մարմարե քարի կամ սալիկների նախշերը»,- հիշեց տիկին Թամարը` նշելով, որ, այնուամենայնիվ, որոշ հալեպահայ կանայք նախընտրում են ավելի քիչ ճաշացանկ ներկայացնել, սակայն անպայման սեղանին դնել համեղ մումբարը:

Երկար և աշխատատար նախապատրաստական փուլից հետո վրա է հասնում դեկտեմբերի 31-ը, երբ ընտանիքի անդամները երեկոյան ժամը 9-ին նստում են սեղանի շուրջը, ընթրում, կենաց խմում: Սակայն մինչև 11-ը սեղանն արդեն հավաքված պետք է լինի: Նոր տարին պետք է դիմավորել երկրորդ` քաղցրավենիքի սեղանով:

«Ավանդույթն այդպիսին է` Նոր տարին դիմավորել քաղցր սեղանով: Այս սեղանն առնվազն պետք է պատրաստված լինի 7 տեսակի քաղցրավենիքով, այդ թվում` չրեղենով»,- նշեց տիկին Թամարը:

Նրա խոսքով` սա այն հազվադեպ և գեղեցիկ ժամանակն է, երբ հալեպահայ տղամարդիկ մտնում են խոհանոց և իրենց ձեռքով պատրաստում ավանդական քնաֆան (թել-թել խմորով և ընկույզով պատրաստվող արաբական քաղցրավենիք. Լիբանանում ընկույզի փոխարեն, որպես միջուկ, օգտագործում են անալի պանիր):

Ի դեպ, պարզվում է` հալեպահայերի ընտանիքներում տոնածառը զարդարվում է համատեղ ջանքերով, սակայն աստղը դնելու մեծագույն պատասխանատվությունն ընկնում է տան տղամարդու ուսերին: Չէ՞ որ տոնածառի աստղը տեղադրելը նույնքան լրջություն է պահանջում, ինչքան քնաֆայի պատրաստությունը:

«Քնաֆայի մրցույթ էր լինում: Կանայք մրցում էին` ում քնաֆան է ավելի համեղ: Չես կարող հաջորդ օրը չայցելել հարազատիդ տուն և չգնահատել նրա պատրաստած քնաֆան: Առանց քնաֆայի ի՞նչ Նոր տարի»,- կատակեց տիկին Թամարը:

Ամենահետաքրքրականը, սակայն, ժամը 12:00-ի պահն է, երբ անջատում են լույսերը, վառում մոմերը և, սեղանի շուրջ կանգնած, աղոթում, ապա` շնորհավորում միմյանց, Կաղանդ պապիկի միջոցով նվերներ փոխանակում:

«Լավ էր, որ վերջին տարիներին հայկական հեռուստաալիքները սփռվում էին, և մենք էլ հետևում էինք նախագահի և կաթողիկոսի ելույթներին»,- ասաց տիկին Թամարը:

Մեր հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված լույսերն անջատելու ավանդույթը, նա կարծիք հայտնեց, որ իրենց նախնիները, որոնք Արևմտյան Հայաստանից են, Նոր տարին դիմավորել են մոմի լույսի տակ, և իրենք էլ, որպես հարգանք և հիշատակ, շարունակում են բարի ավանդույթը:

Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ Հալեպի ամենահին եկեղեցին` Սուրբ Քառասուն Մանուկը, Նոր տարվա առաջին իսկ ժամերին պատարագ էր մատուցում, և շատերը հաճախում էին եկեղեցի` ունկնդրելու պատարագը:

Ինչ վերաբերում է Նոր տարվա հաջորդ օրվան, ապա նրանք, ովքեր քեզ հետ են դիմավորել Նոր տարի, հաջորդ օրը` կեսօրին, կրկին այցելում են քո տուն: Այդ օրվա ճաշն էլ անփոփոխ ավանդական է` կոլոլակով մածնապուր: «Նոր տարին դիմավորում ես կարմիրով, շարունակում` ճերմակով»,- ասում է տիկին Թամարը:

Արաբական երկրում քրիստոնեական ավանդույթները պահպանելը դժվար է, սակայն նա նշում է` պետությունն ու արաբ ժողովուրդը երբեք չեն խոչընդոտել հային և հայկականին: Ընդհակառակը` արաբ հարևանները շնորհավորում  են հայերին, անգամ պետությունը թույլատրում է տոնածառ տեղադրել փողոցներում:

Հալեպի հայկական գաղութում Նոր տարվա պատրաստությունները պակաս հետաքրքրական և հայկական չեն: Ըստ տիկին Թամարի` Հալեպի տարբեր հայկական միություններ, դպրոցներ, կազմակերպություններ, անգամ` երաժշտության կամ պարային խմբեր, կազմակերպում են միջոցառումներ, որոնց` գրեթե բոլորին, իրենց մասնակցությունն են բերում հալեպահայ պատանիներն ու երիտասարդները:

Հաճելի նախաձեռնություններից մեկն այն է, որ ՀՅԴ պատանեկան և երիտասարդական միության անդամները, Հայ մարմանակրթական ընդհանուր միության սկաուտները, ինչպես նաև հայկական այլ միությունների անդամներ մինչև Նոր տարին պատրաստում են ձեռագործ աշխատանքներ, բացիկներ Նոր տարվա և Սուրբծննդյան առիթով, այնուհետև, շրջելով դռնեդուռ, բաժանում են դրանք և իրենց սրտի խոսքն ուղղում համայնքի բնակիչներին:

Հալեպում չեն մոռանում նաև պատսպարանի երեխաներին, ծերերին: Բարերարների և հայկական միությունների ջանքերով տարբեր միջոցառումներ են կազմակերպվում ծնողազուրկ երեխաների և տարեցների համար, նվերներ փոխանցում նրանց:

«Չկար մի տարի, որ այդ երեխաները չունենային նոր կոշիկներ: Այդ օրը հրավիրվում էին ազգային միությունները, անպայման ներկա էր լինում նաև Սրբազանը»,- հիշում է տիկին Թամարը` շեշտելով, որ այս բարի ավանդույթը շարունակվեց անգամ պատերազմի թոհուբոհի ժամանակ:

Հայկական դպրոցներում պատկերը տարբեր չէ: Հայ մանուկները զարդարում են դասարանները, պատրաստվում Ամանորի հանդեսների, իսկ դեկտեմբերի 31-ի վաղ առավոտյան օրակարգը մեկն է` առանց հաց ուտելու և ջուր խմելու, երեխաները գեղեցիկ զգեստներով հաճախում են դպրոց և ուսուցիչների ուղեկցությամբ գնում եկեղեցի` մասնակցելու պատարագին և ստանալու հաղորդություն:  Սա այն հատուկ օրն է, երբ երեխաները, դպրոցում ստանալիք նվերներին զուգահեռ, անհամբեր սպասում են նաև հաղորդություն ստանալուն: Երեխաներին ինչ մատուցես, դրան էլ կսովորեն…

Տնօրհնեքի մասին նույնպես պետք է հիշել: Նոր տարվա հաջորդ օրը քահանան անպայման այցելում է տուն` նշխարով և աղով:

Հալեպում տոնական եռուն օրերին մարդիկ չեն մոռանում նաև հայկական մամուլի մասին: «Գանձասար»-ը, որը գաղութի ազգային կյանքում կարևորագույն դեր ունի, անգամ մինչև դեկտեմբերի 31-ի ուշ ժամերըն աշխատում է, որ իր հատուկ համարը տպագրի:

Տիկին Թամարը հիշում է` բոլոր միությունները, կուսակցություններն ու եկեղեցին տպագրում են իրենց օրացույցը` միությունների կյանքի, հայկական ձեռագործների, հայ քաղաքական գործիչների և հայկական կառույցների լուսանկարներով:

Նոր տարին Հալեպում միայն ուտելը չէ:  «13 օր Նոր տարի նշելն անթույլատրելի ճոխություն է Սփյուռքում: Բարեգործությունը, այցելությունները, ցուցահանդեսները, եկեղեցի հաճախելը, երգ ու պարը նույնպես Նոր տարի է »,- եզրափակեց հալեպահայ տիկինը`մեր ընթերցողներին մաղթելով առողջ, երջանիկ և բարեբեր տարի:

Զրուցեց Արազ Գայմագամյանը