կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-08 18:28
Իրավական

Ինչպե՞ս են անցկացնում Ամանորը կալանավայրում

Ինչպե՞ս են անցկացնում Ամանորը կալանավայրում

Փոքրիկ Նարեի համար այս Ամանորն ամենատխուրն ու ձանձրալին էր: Ձմեռ պապից այս տարի ո'չ քաղցրավենիք  էր խնդրել,  ո'չ տիկնիկ.... Միակ երազանքը հոր` 29-ամյա Նարեկի վերադարձն էր, ով արդեն մեկ տարի է` իր պատիժն է կրում քրեակատարողական հիմնարկում: Նարեի մայրն ասել է դստերը, որ հայրն աշխատանքի է մեկնել արտերկիր և շուտով կվերադառնա: Նոր տարին անցավ... Նարեի երազանքն այդպես էլ մնաց անկատար:

 

Նարեկը դատապարտվել է 2 տարի ազատազրկման հարկային տեսչության աշխատակցին ապտակելու համար: Դեպքը տեղի է ունեցել անցյալ տարի`  Երևան-Սևան  մայրուղու հանրային սննդի կետում իրականացված ստուգման արդյունքում կազմված ակտի շուրջ վիճաբանության ժամանակ: Ինչևէ, եղածը եղած է, այս ու հաջորդ Նոր տարին Նարեի հայրը կանցկացնի կալանավայրում: Կինը հուսադրում է ինքն իրեն` պատկերացնելով, թե ամուսինը ծառայության մեջ է, սակայն փոքրիկ դստերը համոզել այդպես էլ չի հաջողվում:

 

Նարեն  մեկն է այն բազմաթիվ երեխաներից, ովքեր Ամանորը դիմավորում են առանց հոր: Նարեկի նման դատապարտվածներն էլ կալանավայրերում քիչ չեն: Իսկ ինչպե՞ս են նշում ազատազրկման դատապարտվածներն Ամանորը:

 

Բնականաբար, այդ օրը սովորականի պես նրանք անցկացնում են բանտախցում և դժվար թե «բոնբոներկաներով» գնան հարևան խցեր` միմյանց շնորհավորելու և տոնական բուդը ճաշակելու: Սակայն այդ օրը բանտարկյալների խցերում տոնական սեղաններ են գցվում, և նրանք հնարավորություն են ունենում մինչ այդ արգելված սննդից օգտվելու:  Սովորաբար սեղանների ծախսը հոգում է արդարադատության նախարարությունը, բայց բանտարկյալների հարազատներն Ամանորից առաջ լուծում են նաև այդ խնդիրը.  դեկտեմբերի 31-ին կալանավայրերի առջև հանձնուքներով բեռնված հարազատների հերթ է գոյանում:

 

Այս Նոր տարին հետաքրքիր էր թերևս միայն «Աբովյան» ՔԿՀ-ում: Անչափահաս և կին դատապարտյալները տոնական միջոցառում էին կազմակերպել, երգել, պարել ուրախացել:

 

Այս տարի ևս բանտարկյալներին Ձմեռ պապ չի այցելել, ոչ էլ նվերներ են բաժանվել: Իսկ ամանորյա երազանք, կարծում եմ, բոլոր բանտարկյալներն էլ մտովի հայտնել են` ազատություն, թերևս սա է ճաղերի հետևում գտնվողի միակ բաղձանքը:

 

Լիանա Սեդրակյան