Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գազի գնի փոփոխություն լինելու է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ նախկինում գազի սակագնի բարձրացում Հայաստանում տեղի էր ունենում ձմռան ամիսներից հետո, և դրանից առաջ երկրի ղեկավարները գնում էին Մոսկվա, և որոշում էր կայացվում 2-3 ամսով հետաձգել գազի թանկացումը:
«Չեմ բացառում, որ սա այդ սցենարներից մեկն է, կրկնվող սցենար է, և վարչապետի պաշտոնակատարը մի քանի օրից կմեկնի Մոսկվա ու կխնդրի գազի գնի վերանայում կամ ժամկետի հետաձգում, իսկ ռուսական կողմը կհամաձայնի՞, թե՞ ոչ, դժվարանում եմ ասել: Բայց նախորդ բոլոր դեպքերում, երբ գազի գին է բարձրացել, հենց այսպես է եղել: Հիմա մի քանի օր սպասենք, հասկանանք՝ գազի գնի թեման ի՞նչ է լինում»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ գազային գեոքաղաքականությունը Ռուսաստանի համար կարևոր արտաքին քաղաքական գործիք է և ոչ միայն` Հայաստանի մասով:
«Այստեղ կան ռուսական շահեր, և սա չպետք է դիտարկել զուտ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում: Աա ավելի գլոբալ հարց է: Ռուսաստանը չի կարող Բելառուսին և Ղազախստանին գազ տալ մի գնով, իսկ Հայաստանին՝ մեկ այլ, քանի որ կա ԵԱՏՄ պայմանագիր»,- ընդգծեց Սարգսյանը:
Հանդիպմանը ներկա Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանն իր հերթին նշեց, որ գիտեինք` պայմանագիրը երբ է ավարտվում, ուստի պարզ էր, որ դիմացինը մինչ այդ առաջարկ է անելու, որը կարող է լինել երեք տարբերակով` շարունակում ենք նույն ձևով, բարձրացնում ենք գինը կամ նվազեցնում»:
«Այս երեք առաջարկն էլ ունի հիմք՝ առաջարկողի շահերը: Մենք ունենք մեր շահերը, ուստի բանակցություն է գնալու շահերի շուրջ: Կլինեն տարբերակներ, չափանիշներ, որոնցից մեկը ԵԱՏՄ միասնական շուկայի խնդիրն է: Նախկինում գնում էին և ասում՝ խնդրում ենք, ընտրություններ են, մի' բարձրացրեք գինը, ինչ-որ բաներ էին անում, և Ռուսաստանն էլ, իր շահերից ելնելով, մի ժեստ էր անում, մի գործիք էր ձեռք բերում, դա վաճառում, որպես լավություն, կամ վրաներս ճնշում գործադրում, ինչը բնական է, քանի որ հարաբերությունները շահերի վրա են հիմնված, այդ մատրիցան է՝ շահ ունեն, աշխատում են, չունեն, ուրեմն չեն աշխատում, սիրուն աչքերի համար չէ: Հիմա մենք պետք է կարողանանք մեր տարբերակները ժամանակին մշակել, որ այս չափանիշով չափելի լինի և հետաքրքիր: Այսինքն՝ մեր շահերը բավարարված լինեն, իսկ դիմացինն էլ չզգա, որ իր շահերն անտեսված են»,- ասաց Պողոսյանը՝ լրացնելով, որ եթե նույնիսկ նամակով գազի գնի բարձրացման առաջարկ եղել է ռուսական կողմից, ապա դրանում զարմանալի բան չկա՝ բանակցությունները պիտի սկսվեն, իսկ դրանք սկսվում են, երբ կողմերից մեկն ինչ-որ բան է առաջարկում, մեզանից պահանջվում է ճիշտ պատրաստվել:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից Ռուսաստանից Հայաստանին մատակարարվող գազի սակագնի բարձրացման մասին` մամուլի հրապարակումներին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանն արձագանքել էր. «Այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա և չկա որևէ ամրագրված սակագին: ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը և ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել է բանակցությունների ընթացքի ձևաչափը և հետագա փուլերը: Այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության և փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել և չեն կարող լինել»: