կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-20 11:37
Տնտեսական

Մենք չենք կարողանա 2016 թվականի բյուջեն ամբողջությամբ կատարել. Վարդան Բոստանջյան

Մենք չենք կարողանա 2016 թվականի բյուջեն ամբողջությամբ կատարել. Վարդան Բոստանջյան

Բոլոր պարագաներում 2015 թիվը հնարավոր չէ դիտարկել դրական քողի ներքո. այսօր լրագրողներին ասաց տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով հայաստանյան տնտեսական վիճակին:

«Աշխարհաքաղաքական տարբեր զարգացումները բավականին շատ են, և դրանք ունեն իրենց էական ազդեցությունը Հայաստանի վրա: Նաև նշենք, որ մենք աշխարհագրորեն բարդ տարածաշրջանում ենք գտնվում, դրան գումարած` երկիրը հարուստ չէ ստրատեգիական ռեսուրսներով: 2015 թվականն արդեն իսկ դժվար տարի է եղել»,- ասաց Բոստանջյանը:

Ըստ նրա` մասնավոր գնահատականներն ասում են, որ մենք չենք կարողանա 2016 թվականի բյուջեն ամբողջությամբ կատարել:

«8,6 միլիարդ դրամի չափով ավելի զուսպ պլանավորում ունենք, սա կառավարության կողմից ավելի զուսպ մոտեցում է: Մենք կունենանք դժվարություններավելի մեծ եկամուտներ ունենալու դեպքում»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ կառավարման տեսանկյունից դեռևս խոցելիություն ունենք: «Արտաքին ազդակներով պայմանավորված` բացասական զարգացումներ կան, սակայն կարծում եմ, որ սեկվեստորի աստիճանի մենք չենք հասնի»:

Բոստանջյանի կարծիքով`Իրանի հետ համագործակցությունը Հայաստանի համար շատ ողջունելի կլինի: «Այս պահի դրությամբ` ԵՏՄ-ն չի գործում` որպես այդիսին: Կարգավորման տարբեր հարցեր կան, որոնց մենք դեռ չենք հասել: Մենք իրավունք չունենք կանխավ ասելու, որ ԵՏՄ-ի հետ հարաբերություններն առ ոչինչ են: 170 միլիոնանոց շուկա կա, ի վերջո: Ցանկացած տնտեսվարողի համար շուկա մտնելը շատ դժվար գործ է»,- նշեց նա:

Տնտեսագետի կարծիքով` քաղաքական ճնշումների պայմաններում մենք հայտնվեցինք ԵՏՄ-ում, բայց ԵՄ-ն հասկացավ, որ դրան բացասական նայել պետք չէ: «Եվրոպական տարբեր կազմակերպություններից գալիս են մեսիջներ, որ մենք կարող ենք հարաբերություններ ունենալ նաև նրանց հետ»,- ասաց Բոստանջյանը:

Նա նշեց նաև, որ միայն գյուղատնտեսության ոլորտում եղավ աճ, ինչն ուղղակիորեն պայմանավորված էր եղանակային, բնական պայմաններով: