Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին յուրացում անելու մեղադրանք է առաջադրվել: Որպես վնասի փոխհատուցում` վարույթ իրականացնող մարմինը ֆիքսել է 7 մլն դրամ, որը դեռևս 2018-ի սեպտեմբերին վճարվել է դատախազության դեպոզիտ հաշվին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը:
«Մի կողմ թողնելով ստուգումների իրավաչափությունը և հայտնաբերված ենթադրյալ խախտումները` վարույթ իրականացնող մարմնին հարցնում ենք՝ որքա՞ն կարող են կազմել ենթադրյալ ֆինանսական խախտումները: Պատասխանում են, որ մաքսիմում 1 մլրդ դրամ: Պետությանն ենք նվիրաբերում 5 անգամ ավելի արժողությամբ գույք: Հարցնում ենք, թե ո՞րն է պատճառը, որ բացակայում են անձին կալանքի տակ պահելու հիմքերը, նա մինչև հիմա գտնվում է կալանքի տակ: Պատասխան չունեն»,- ասաց նա:
Բաղդասարյանի խոսքով` ամեն անգամ դատարանը վերացական դատողություններով հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ-ի պատվերը և կալանքի սանկցիան երկարացնում: «Դա անթույլատրելի է: Եվ նմանօրինակ ընտրովի արդարադատությունը առաջինը վնասելու է երկրի անվտանգությանն ու նրա իմիջին: Գրիգորյանին հանիրավի պահելով կալանքի տակ` տեղի է ունենում խոշտանգում, որի կրողը և պատասխանատուն ՀՔԾ-ն և դատախազությունն են: Նման անօրինականությունները, երբ իրավապաշտպանը բարձրաձայնում է, և երկրի իշխանությունը քար լռություն է պահում, հետևությունը մեկն է, որ Գրիգորյանի նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել` նրան պահել պատանդի կարգավիճակում և դանդաղ մահացնել: Այն աստիճան է հասել նրան անօրինական կալանքի տակ պահելը, որ պաշտոնապես բարձրաձայնում է ՄԻՊ-ը` փաստելով, որ Գրիգորյանի մոտ բացահայտվել է առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա: Պատկերացրեք` մարդուն կալանավորում են, շաքարը 7 է, կախվածություն չի ունեցել ինսուլինից, 6 ամիս անց շաքարը 25 է, օրական 2 անգամ ընդունում է ինսուլինի բարձր դոզա և կախվածություն ունի ինսուլիսից»,- շեշտեց պաշտպանը:
Նա նշեց, որ եթե նոր Հայաստանի քաղաքականությունն ընտրովի արդարադատությունն է և իր քաղաքացուն դանդաղ սպանելը, ապա դրա դեմ պետք է տոտալ պայքարել, իսկ եթե` ոչ, պետք է անհապաղ փոխել անձի խափանման միջոց կալանքը: «Եթե Գրիգորյանը կատարել է հանցագործություն, օրենքի ողջ խստությամբ թող ենթարկվի պատասխանատվության, բայց կալանքի հիմքերի իսպառ բացակայության պայմաններում, առերևույթ վնասը փոխհատուցելուց հետո ո՞րն է պատճառը, այն էլ ծանր հիվանդությունների տեր մարդուն պահել կալանքի տակ»,-նշեց Բաղդասարյանը:
Նա հիշեցրեց, որ վերջերս ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյան էլ իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ եթե անձը հատուցել է պատճառված վնասը, ապա պատասխանատվության հետ կապված կարող է աղերս չունենալ: «Մենք չենք ասում՝ թող Գրիգորյանը պատասխանատվության չենթարկվի: Մենք ասում ենք՝ կալանքի հիմքերը բացակայում են: Իսկ եթե հետագայում մեղքն ապացուցվի, թող օրենքի խստությամբ ենթարկվի պատասխանատվության»,- նշեց փաստաբանը: