Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի եվրոպական համալսարանը նշում է հիմնադրման 20-ամյակը: Այդ կապակցությամբ այսօր բուհում հրավիրվել է հանդիսավոր նիստ: Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, գործընկեր միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:
Եվրոպական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, շնորհավորելով ներկաներին, նշել է, որ 20 տարի առաջ ՀՀ կառավարության և Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի ու Ավստրիայի մի շարք բուհերի մասնակցությամբ հիմնադրվել է Հայաստանի եվրոպական համալսարանը:
«Բուհի տարեդարձը նշանավորվում է նրանով, որ այս տարվանից սկսում ենք կրկնակի դիպլոմների շնորհման գործընթացը Հայաստանի եվրոպական համալսարանի և Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իտալիայի մի շարք առաջատար բուհերի կողմից, որի արդյունքում ուսանողները կստանան կրկնակի դիպլոմներ»,- նշել է Արթուր Բաղդասարյանը՝ ներկաներին տեղեկացնելով, որ Հայաստանի եվրոպական համալսարանը վերջերս 4 տարի ժամկետով հավատարմագրվել է ԿԳՄՍՆ-ի կողմից:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղերձները փոխանցել են նրանց աշխատակազմի ներկայացուցիչները:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, շնորհավորելով բուհի 20-ամյակը, նշել է, որ անվտանգ լինելու համար անհրաժեշտ է ունենալ որակյալ կրթություն. «Կրթության շնորհիվ պետք է զարգանանք և փորձենք հասնել մեր նախանշած նպատակներին: Բուհը եվրոպական կրթական ծրագրերի անմիջական իրականացնողն է Հայաստանում, և ցանկալի է, որ հնարավորության սահմաններում զարգացնի ոչ միայն հումանիտար-հասարակական, այլև բնագիտական և ճշգրիտ գիտությունները: Եվրոպական փորձի փոխանակմամբ տեխնոլոգիական տարբեր ծրագրերի ներմուծումը և զարգացումը գերակա են մեր երկրի համար հատկապես 21-րդ դարում»:
Ներկաներին ողջունել են նաև համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամները՝ «Սինոփսիս Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, Լիոնի Առևտրաարդյունաբերական պալատի «EKLYA» բիզնես դպրոցի և «HYBRIA» բիզնեսի և տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Սեբաստիան Արկոսը, Իտալիայի Բոլզանոյի «Եվռակ» հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոլան Սեները և այլ հյուրեր: Հայաստանի եվրոպական համալսարանի 20-ամյա գործունեության մասին զեկույցով հանդես է եկել բուհի ռեկտոր Հեղինե Բիշարյանը: Ելույթներով հանդես են եկել նաև բուհի դասախոսները և տեղացի ու արտասահմանցի ուսանողները:
Նպատակ հետապնդելով խորացնել տարբեր երկրների կրթական կառույցների միջև համագործակցությունը, կարևորելով նորարարական կրթական տեխնոլոգիաների շարունակական զարգացումը և առաջնորդվելով կրթության ու հետազոտությունների ոլորտում լավագույն միջազգային փորձով՝ 12 երկրի շուրջ 30 կազմակերպություններ ստորագրել են միջազգային կրթական ալյանս հիմնադրելու մասին հռչակագիր: Այն կրթական համագործակցության հարթակ է նոր գաղափարների, ծրագրերի, հետազոտությունների քննարկման և իրականացման համար, որին կարող են անդամակցել դրա գաղափարները կիսող կրթական և հետազոտական կազմակերպություններ: Հռչակագիրը ստորագրել է ՀՀ-ում գործող 17 կազմակերպություն. մնացած անդամները դա կանեն առցանց: Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաև Հայաստանի եվրոպական համալսարանի և Եվրոպական հետազոտությունների կենտրոնի միջև:
Հանդիսավոր նիստի ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Հայաստանի եվրոպական համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչմանն են արժանացել Լիոնի Առևտրաարդյունաբերական պալատի «EKLYA» բիզնես դպրոցի տնօրեն Սեբաստիան Արկոսը և Իտալիայի Բոլզանոյի «Եվռակ» հետազոտական կենտրոնի տնօրեն Ռոլան Սեները:
Հայաստանի եվրոպական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ հուշամեդալներ են շնորհվել մի շարք անձանց, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանին: Բուհի կայացման գործում ունեցած ավանդի համար մի շարք անձինք ստացել են շնորհակալագրեր: