Ստեփանակերտի «Արմատներ» կենսակենտրոնում կայացել է գյումրեցի արձակագիր Լիլիթ Մկրտչյանի «10 950 օր ժաժք» խորագրով պատմվածքների ժողովածուի շնորհանդեսը:
Խորհրդանշական վերնագրով գրքի 88 էջերում հեղինակը ներկայացրել է վիրավոր քաղաքի՝ Գյումրիի կենսագրությունը՝ գոյաբանական խնդիրների բացառիկ վավերագրմամբ: Գիրքը գրված է Գյումրու բարբառով:
Այն հրատարակվել է Շուշիի «Երեք խնձոր» տիկնիկային թատերախմբի ռեժիսորներ Էդգար և Գոհար Թաթիկյանների հովանավորությամբ:
Գրքի շնորհանդեսին ներկա էին արվեստասեր հասարակության անդամներ: Լսելով Լ. Մկրտչյանի հետերկրաշարժյան 30 տարիների հիշողությունների մասին պատմությունները՝ ներկաները հարցեր ուղղեցին հեղինակին:
Այնուհետև գրքի պատմվածքներից մեկի ընթերցմամբ սլայդներով ցուցադրվեց ավերված Գյումրու լուսանկարները:
«
Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Լ. Մկրտչյանը, խոսելով գրքի լույսընծայման մտահղացման մասին, ասել է, որ մեկ տարի առաջ նա գրել է «Ժաժքի տակ մնացած լայքեր» վերնագրով մի պատմվածք, որը, երբ տեղադրել է համացանցում, մեծ արձագանքներ է ունեցել: Պատմվածքը տպագրվել է նաև Գյումրիի և Արցախի պաշտոնական թերթերում: Հեղինակը շարունակել է գրել նոր պատմվածքներ, որոնք հետագայում վեր է ածվել «10 950 օր ժաժք» ժողովածուի:
Խոսելով գրքի «10 950 օր ժաժք» վերնագրից՝ Լ. Մկրտչյանն ասել է, որ (ժաժքը՝ գյումրվա բարբառով նշանակում է երկրաշարժ) եթե 10 հազար 950 օրը տարիների վերածվի, ստացվում է 30 տարի:
Գրքի հերոսները նորանկախ ժամանակների ոգեկիրներն են՝ իրենց ճակատագրի բեկբեկումներով:
«Ես արհավիրքի ժամանակ հինգ տարեկան երեխա էի: Մորս հանձնարարությամբ միացրի հարթուկը: Միացնելու պահին ցնցում զգացի: Ինձ թվաց՝ ճիշտ չեմ միացրել: Հետո ամեն ինչ փուլ եկավ: Սա էր իմ առաջին տպավորությունը երկրաշարժից: Հիշում եմ նաև գյումրեցիների տնակներում ապրելու ծանր ու դժվարին տարիները: Ես ևս ապրել եմ տնակում և դպրոց եմ հաճախել այնտեղից»,-պատմել է Լ. Մկրտչյանը՝ նշելով, որ իր այս գրքում ներկայացնում է երկրաշարժի աղետալի օրերի իրական պատմությունները որոնք կատարվել են իր շրջապատում: Այսօր էլ յուրաքանչյուր գյումրեցու՝ աղետից ստացված վերքերը չեն ամոքվել: