Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Ընթացող սահմանադրական փոփոխությունները Հայաստանի համար մեծագույն չարիք հռչակելու իր դիրքորոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կառուցեց երեք հիմնական թեզիսների վրա: Առաջին` սա ստեղծում է միակուսակցական համակարգ, որը բերելու է իշխանության մենաշնորհի: Երկրորդ` հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ ցանկացած դեպքում խորհրդարանում գերակայություն է ունենալու ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսների տիրապետող կուսակցությունը: Եվ երրորդ` հայաստանյան կուսակցություններում ներքին ժողովրդավարության նշույլ չկա, ուստի անխուսափելի է դառնալու հովանավորչական կառավարումը` վերածվելով «արատավոր համակարգի վերարտադրման գործիքի»:
Քոչարյանը փաստորեն ասում է, հետևյալը. ոչինչ, որ Հայաստանում արմատացել է արատավոր համակարգ: Ոչինչ, որ իշխանությունը Հայաստանում միշտ ձևավորվել է ֆինանսական և վարչական ռեսուրսի շահագործմամբ: Ոչինչ, որ ներկուսակցական ժողովրդավարություն չկա: Կարևորը` հանկարծ համակարգն այս անգամ չվերարտադրվի: Թե ինչու է նա ցանկանում, որ համակարգը հատկապես այս անգամ չվերատադրվի, թերևս կարելի է ենթադրել: Եթե առաջնորդվում ենք ոմանց այն տրամաբանությամբ, որ օրինաչափ է, երբ իշխանությունը միշտ պատկանում է վարչական և ֆինանսական լծակների տիրապետող քաղաքական ուժին, առնվազն տարօրինակ է, որ որևէ երկրում առհասարակ իշխանություն է փոփոխվում:
Ժողովրդավարություն ունեցող երկրները, փաստորեն, այնքան հիմար են, որ դրանց իշխանությունները դեռ գլխի չեն ընկել վերարտադրվելու համար վարչական ու ֆինասնական ռեսուրսների կախարդական փայտիկն ամեն անգամ օգտագործելու մասին: Այդ երկրներում նույնիսկ չեն էլ կռահում, որ անկախ իրենց կամքից, ըստ հայաստանյան որոշ «վերլուծաբանների», քաղաքական գործիչների, պարբերաբար միակուսակցական համակարգ են ստեղծել. մասնավորապես` այն ժամանակ, երբ ընտրությունների արդյունքում որևէ առանձին կուսակցություն խորհդրարանում մեծամասնություն է ձևավորել: Օրինակ ներկայիս Գերմանիան, որտեղ իշխանությունը սոցիալ-դեմոկրատներին է, կամ` Ֆրանսիան, որտեղ իշխանության է սոցիալիստական կուսակցությունը: Առողջ բանականություն ունեցող որևէ մեկի մտքով անցնո՞ւմ է այս երկրների իշխող ուժերին մեղադրել միակուսակցական համակարգ ներդնու մեջ, միայն այն պատճառոով, որ միայնակ են իշխանություն ձևավորել: Նույնիսկ ծիծաղելի է բացատրել, որ միակուսակցական համակարգն այն է, երբ երկրում այլ կուսակցություններ չկան, ինչպես ԽՍՀՄ-ն էր:
Կրկնում ենք` երկրում, ոչ թե իշխանությունում: Խնդիրը, հետևաբար, այն չէ`մեկ կուսակցությա՞ն է արդյոք պատկանում իշխանությունը, թե՞ մի քանի: Այլ այն, թե որքանո՞վ է մրցակցային եղել ընտրությունը, որի արդյունքում հենց այդ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքն է մեծամասնություն ձևավորելու շանս ստացել: Արդյոք սրտհովա՞նք էր լինելու բազմակուսակցական իշխանությունը, եթե այն լեգիտիմ չի լինելու, եթե միևնույնն է`ձևավորվելու է վարչական ու ֆինանսական ռեսուրսների գործադրմամբ, ներիշխանական, կոնյուկտուրայի, թայֆայական առուծախի հիման վրա:
Գևորգ Աղաբաբյան