Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցել է 7 ամիս, և այդ ամսիների ընթացքում մենք չենք տեսնում քայլեր, ծրագրեր, որոնք հնարավորություն կտան Հայաստանը առաջընթաց զարգացման ճանապարհով տանել: Այս մասին ՕԵԿ-ի նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ իր խոսքում նշեց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նա նշեց, որ իրենք տեսնում են իրավիճակային, կիսատ-պռատ լուծումներ: «Չենք տեսնում ռազմավարական զարգացման տեսլական, սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր: Սակայն տեսնում ենք օրեցօր աճող մարտահրավերներ ու սպառնալիքներ հայ ժողովրդի ու Հայաստանի հետ կապված, որը մեզ ստիպում է վճռական պոռթկում կատարելու, բերելու մեր տեսակը, մեր մոտեցումը առաջիկա քաղաքական գործընթացներում»,-ասաց Բաղդասարյանը:
Արթուր Բաղդասարյանի խոսքով` երկրի առջև արտաքին քաղաքականության լրջագույն մարտահրավերներ են ծառացած: Նրա ներկայացմամբ` Աստանայի գագաթաժողովից հետո ինստիտուցիոնալ խզում է առաջացել Հայաստանի և ՀԱՊԿ անդամ երկրների միջև:
«Տեսնում ենք, որ անվտանգային միջավայրը Հայաստանին նոր սպառնալիքներ է առաջ բերում: ԼՂ չկարգավորված հիմնախնդիրը, դրան զուգահեռ աճող լարվածությունը Ռուսաստանի և Արևմուտքի միջև, Իրանի և ԱՄՆ-ի միջև, ավելացող գազամուղերն ու նավթամուղերը և այդ ամենից Հայաստանի դուրս մնալը լուրջ երկարաժամկետ ու կարճաժամկետ սպառնալիքներ են Հայաստանի համար: Ցավոք, ինչպես նախորդ իշխանություն չէր կարողանում ակտիվ նախաձեռնողական արտաքին քաղաքականությամբ սպասարկել Հայաստանի շահերը արտաքին քաղաքական հարթակում, այնպես էլ նոր իշխանությունը, չունենալով բավարար փորձառություն, չի կարողանում արձագանքել այն սպառնալիքներին ու մարտահրավերներին, որոնք ամեն օր շատանում են»,-ասաց Բաղդասարյանը: