կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-13 14:38
Հասարակություն

Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական պատգամավորը` Փաշինյանին

Դուք, ինչպես միշտ,  շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. դաշնակցական պատգամավորը` Փաշինյանին

Հայաստանում այս օրերին ներգաղթ է նկատվում, ինչը կարելի է հասկանալ անշարժ գույքի շուկայում տեսանելի գնաճից. այսօր ԱԺ նիստում, պատասխանելով ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի ելույթին հակադարձեց ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արմենուհի Կյուրեղյանը: «Անկեղծ ասած` ես մեր մարզում (Լոռու մարզ) նման բան ընդհանրապես չեմ տեսել: Արդյոք որևէ մեկը տեսե՞լ է, ճանաչո՞ւմ է իր հարևանին, բարեկամին, որը վերադարձել է Հայրենիք կամ ուզում է հետ գալ: Նման բան առայժմ չկա: Ուրախ կլինենք, եթե Ձեր ասած իրավիճակը նաև մարզերում լինի»,- ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց Փաշինյանի տարբեր ելույթներ, որոնց ընթացքում նա խոսել էր երկրում հանքարդյունաբերության անարդյունավետության մասին, նաև այսօր ֆինանսների նախարարն այդ ոլորտը գնահատել է որպես անհեռանկարային ուղղություն երկարաժամկետ ապագայի համար: «Դուք միշտ կարևորել եք երեք ոլորտ` տնտեսություն, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, և այսօր ներկայացված բյուջեի նախագծում որևէ կերպ չի նկատվում այդ կարևորումը: Եթե ես չեմ նկատել, խնդրում եմ արձանագրեք` ի՞նչ միջոցներ են ներառվել բյուջեում, որպեսզի մենք կարողանանք զարգացնել այդ երեք կարևոր ոլորտները: Թե՞ հույսներս պետք է դնենք միայն ենթադրյալ ներդրումների վրա»,- հարցրեց պատգամավորը:

«Վերջերս Լիբանանում էի, և լիբանանցի տասնյակ մեր հայրենակիցներ ասում էին, որ իրենք պատրաստվում են վերադառնալ, կամ մի մասը նույնիսկ վերադարձել է: Անգամ Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնում, որ այդ ներգաղթը կարող է մեծ ծավալների հասնել, ինչը, երկարաժամկետ առումով, կարող է սպառնալիք լինել Լիբանանի հայ համայնքի համար: Ես Ռուսաստանում եմ մի քանի անգամ եղել, և բազմաթիվ հայրենակիցներ ասել են իրենց մտադրության մասին, որ պատրաստվում են տեղափոխվել Հայաստան, և գիտեմ տասնյակ դեպքեր, որ մարդիկ վերադարձել են: Բոլոր համայնքներում այդպիսի միտումներ կան: Ես չեմ ասում` Հայաստանի բոլոր բնակավայրերում տեղի է ունենում զանգվածային ներգաղթ: Ես «բում» բառը չօգտագործեցի, ասացի, որ անշարժ գույքի շուկայում կա դինամիկա` անշարժ գույքի գները աճում են, ինչն ամենակարևոր ցուցանիշներից մեկն է»,- պատասխանեց Փաշինյանը:

Նա նաև անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտին` նշելով, որ պետք է աշխատել դրա ուղղությունը փոխելու համար: «Հիմա կան մի քանի ներդրումային նախագծեր, որոնց իմաստը հետևյալն է` պոտենցիալ ներդրողները ուսումնասիրում են Հայաստանում պղնձաձուլական գործարաններ ստեղծելու հնարավորությունը, ինչը նշանակում է` մենք ոչ թե ուղղակի խտանյութը կարտահանենք, այլ խտանյութը Հայաստանում կվերամշակենք, դրա արդյունքում կստանանք մետաղ, մետաղից էլ` ևս արտադրանք, ինչը լրիվ ուրիշ բովանդակություն կհաղորդի մեր հանքարդյունաբերության ոլորտին: Իհարկե, մենք այստեղ ունենք ուրիշ կարևոր խնդիր` սահմանել ժամանակակից ամենաբարձր բնապահպանական չափանիշները, որպեսզի ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանենք»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով նաև գյուղատնտեսության ոլորտին` նա նշեց, որ ծրագրեր են իրականացվում մասնավորապես ինտենսիվ գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ: «Ցավոք, մենք այս տարի բյուջեի նախագծում ունեցանք խնդիր: Մոտավորապես 400 միլիոն դրամ նախատեսել էինք, որպեսզի հակակարկտային ցանցեր ներդրվեն և կաթիլային ոռոգումներ դրվեն, բայց, ցավոք, համակարգն այնպիսին էր, որ գյուղացիների կողմից հայտեր չեղան: Ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը չհետաքրքրեց գյուղացիներին, և մենք հիմա խնդիր ունենք վերանայելու, խորանալու դրա բովանդակության մեջ և փորձելու այնպիսի փոփոխություններ իրականացնել, որ այդ ծրագիրը մեծ թափով առաջ գնա, մանավանդ, որ հիմա Հայաստանում հայտնվում են արտադրություններ, որոնք անհրաժեշտ հակակարկտային ցանցեր են արտադրում»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարի ելույթին շտապեց արձագանքել Արմենուհի Կյուրեղյանը: «Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը: Հարցս վերաբերում էր երեք կարևոր ոլորտներին` ի՞նչ միջոցներ են նախատեսվել բյուջեում: Եվ մյուսը հարցս` ուզում եմ հիշեցնել մայիսի 8-ի Ձեր ելույթը, որում նշեցիք. «Ես ստացել եմ տասնյակհազարավոր զանգեր դրսի ներդրողներից, որոնք խոստանում են և պատրաստ են ներդրումներ կատարել  Հայաստանում, եթե ես վարչապետ ընտրվեմ»: Մայիսի 8-ին Դուք ընտրվեցիք վարչապետ, ու այդ ներդրումներն առայժմ հեռախոսազանգերի ու խոստումների կարգավիճակով են: Եվ այդ նույն խոստումների շնորհիվ Դուք փորձում եք այսօր զարգացնել ՏՏ ոլորտ: Ես հարցնում եմ`դրա՞նց, թե բյուջեում ինչ-որ միջոցների հաշվին»,- հարցրեց Կյուրեղյանը:

Փաշինյանը փորձեց բացատրել, որ եթե մարդն ուզում է գալ Հայաստան անգամ 5 օրով, նա պատրաստվում է մի քանի ամիս: «Խոսքը աշխատող, գրաֆիկ ունեցող մարդու մասին է: Ձեր կարծիքով` ներդրումը ճամպրուկների մեջ, անկողնու տակ դրած փո՞ղ է, որ հենց զանգեց, ասենք` շատ լավ, դուք ինձ ընտրեցիք վարչապետ, ճամպրուկը վերցրեց ու եկավ Հայաստան: Այսօր Ձեր կուսակցությունը ներկայացնող Արծվիկ Մինասյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար աշխատած ժամանակաշրջանում հայտարարել է, որ ներդրումային հազարավոր ծրագրեր են ներկայացվել, և այդ ծրագրերը քննարկման ընթացքում են: Որ ասում եք` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ, այդ ոլորտում մենք 13 տոկոս եկամտահարկի նվազեցում ենք անում: Ես նոր իմ խոսքում ասացի, որ մենք դրանով խթանում ենք բարձր աշխատավարձով աշխատատեղեր, որովհետև այն ժամանակ, երբ եկամտահարկն ավելացավ, դարձավ 36 տոկոս, առաջին հերթին դա հարվածեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին»,- եզրափակեց Փաշինյանը: