կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-13 14:03
Քաղաքական

Մենք որևէ նախնական դիրքորոշմամբ չենք եկել. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար

Մենք որևէ նախնական դիրքորոշմամբ չենք եկել. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար

Այսօր պաշտոնապես մեկնարկեց ՀՀ-ում դեկտեմբերի  9-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունններում ԵԱՀԿ ժողովրդական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)  դիտորդական առաքելության գործունեությունը: Առաքելությունը կազմված է հիմնական թիմի 13 փորձագետից և 24 երկարաժամկետ դիտորդից: 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ առաքելության ղեկավար Ուրշուլա Գաչեկը շեշտեց, որ իրենց բուն անելիքը միայն ընտրությունների օրը չէ, ինչպես թվում է շատերին: «Մենք դիտարկելու ենք թեկնածուների գրանցումը, քարոզարշավը, ընտրական և պատկան մարմինների աշխատանքը, թե ինչպես է արձագանքելու ԿԸՀ-ն թեկնածուների դիմում-բողոքներին, ինչպես են լրատվամիջոցները լուսաբանելու  ընտրական գործընթացը: Մենք այստեղ եկել ենք ոչ թե քննադատելու, այլ դիտարկելու: Մենք քաղաքական օրակարգ չունենք»,- ասաց նա:

Հարցին, թե նախորդ ընտրություններից հետո հրապարակված զեկույցում ընդգծվել էր հանրության վստահության պակասի, ընտրակաշառքների երևույթի,  ընտրողների վրա ճնշման գործադրման մասին, արդյո՞ք իշխանափոխությունից հետո վերաբերմունք է փոխվել, առաքելության ղեկավարն արձագանքեց. «Այո, մենք տեղյակ ենք բոլոր իրադարձություններին, որոնք տեղի ունեցան ապրիլ-մայիս ամիսներին,  բայց մենք գնահատում ենք այն, ինչ ազդեցություն է ունենալու ընտրական գործընթացի վրա: Մենք որևէ նախնական դիրքորոշմամբ չենք եկել, թե ինչպիսին են լինելու այս ընտրությունները: Ընտրություններից հետո կհավաքենք փաստերը, կդիտենք բոլոր դեպքերը և շատ մոտիկից այս ամենը կուսումնասիրենք: Երբ մենք՝ որպես ականատես, արձանագրենք այն ամենը, ինչ կտեսնենք ընտրությունների ընթացքում, նոր միայն կանենք համապատասխան եզրակացություն: Մենք կիրառելու ենք նույն մոտեցումները, չափանիշները, որոնք կիրառել ենք նախորդ ընտրությունների ժամանակ: Այս առումով որևէ  փոփոխություն տեղի չի ունեցել: Մենք նաև տեղյակ ենք, որ վերջերս Հայաստանի Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փորձեր են արվել, գիտենք, որ ԱԺ-ն չի ընդունել այդ օրենսդրական փոփոխությունները: Մենք աշխատում ենք այն օրենքի հետ, որն այսօր կա»: 

Հավելենք, որ, բացի առաքելության հիմնական թիմից, ԵԱՀԿ անդամ երկրներից 250 կարճաժամկետ դիտորդ է դիտարկում իրականացնելու քվեարկության օրը: