կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-17 17:30
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը չի կարողանա ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ. Փաշինյանը ելույթ է ունեցել ՄԻնսկում

Աշխատանքային այցով Բելառուսում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին`հայտնում է Yerkir.am-ը:

Նա մասնակցել են նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի կառավարության ղեկավար Կուբատբեկ Բորոնովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Արարողակարգային տեսալուսանկարահանման արարողությունից հետո նախ տեղի է ունեցել միջկառավարական խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է.

«Հայաստանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է ծանր մնալ, չնայած որոշ հուսադրող թվերի, որոնք վերջին օրերին հայտնվել են մեր վիճակագրության մեջ: Համավարակը իսկապես բացասաբար է անդրադարձել մեր կյանքի բոլոր կողմերի վրա: Այն հարվածել է մեր տնտեսությանը և սոցիալական ոլորտին: Բնակչության շարժունակությունը նվազել է, դժվարացել է ապրանքների և ծառայությունների շրջանառությունը: Առողջապահության համակարգը աննախադեպ ծանրաբեռնվածություն է զգում:

Այսօր այս դժվարություններն այս կամ այն չափով զգում են աշխարհի բոլոր երկրներն առանց բացառության: Ավելի քան ակնհայտ է, որ համավարակի դեմ պայքարի և դրա արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամի դեմ հաջող պայքարի համար կարևոր նախապայման է խաղաղության պահպանումը և զինված հակամարտությունների դադարեցումը:

Այս առումով չեմ կարող չանդրադառնալ մի թեմայի, որը կենսական նշանակություն ունի մեզ համար և մեր տարածաշրջանում կայունության պահպանման համար:

Ինչպես գիտեք, Ադրբեջանը, անտեսելով համավարակի պայմաններում զինված բախումների դադարեցման բազմաթիվ կոչերը, այդ թվում՝ ապրիլի 14-ի Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի համատեղ հայտարարությունը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մարտի 23-ի հայտարարությունը, սանձազերծեց ռազմական գործողություններ Հայաստանի սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հայաստանի զինված ուժերը չէին կարող չպատասխանել Ադրբեջանի սադրիչ գործողություններին:

Ցավոք, սադրանքները շարունակվում են առ այսօր` նպաստելով լարվածության պահպանմանը և իրավիճակի անկախատեսելիությանը:

Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում լարվածության սրմանը, ոչ մի տեղ չի տանում: Նա չի կարողանա կոտրել մեր ժողովրդի վճռականությունը և ստիպել մեզ չհիմնավորված և միակողմանի զիջումների գնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Հակամարտության ուժային լուծում գոյություն չունի, և խաղաղ բանակցությունները չունեն այլընտրանք, ինչը համապատասխանում է մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների շահերին:

Սիրելի ընկերներ,

Այսօրվա հանդիպման օրակարգից կցանկանայի կանգ առնել հետևյալ հարցերի վրա. նախ կցանկանայի ընդհանուր գոհունակություն հայտնել Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ստեղծման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ, ինչն արտացոլված է զեկույցում: Հույս ունենք, որ այս ուղղությամբ հետագա կառուցողական աշխատանքները կարագացվեն՝ Միության բոլոր անդամ պետությունների շահերի փոխըմբռնման և հարգանքի հիման վրա: Այս ծրագրի հրատապ խնդիրների թվում նշված են գնագոյացման շուկայական մեխանիզմների անցումը և ընդհանուր շուկայում գազի փոխադրման ծառայությունների սակագների սահմանումը: Վստահ ենք, որ այդ սկզբունքների կիրառումը գազի միասնական շուկայի ստեղծման նպատակների իրականացման կարևոր նախապայման է:

Կցանկանայի նաև հայտնել մեր կարծիքը Եվրասիական տնտեսական տարածքում ագրոարդյունաբերության և արդյունաբերականացման զարգացման քարտեզների վերաբերյալ: Մենք նպատակահարմար ենք համարում ագրոարդյունաբերության զարգացման քարտեզում ընդգրկել խոշոր ծրագրեր, որոնք ենթադրում են միջպետական համագործակցություն, հումքի կամ պատրաստի արտադրանքի փոխադարձ մատակարարում, ինչպես նաև նորարարական տեխնոլոգիական լուծումների մշակման և իրագործմանն ուղղված նախագծեր:

Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունաբերականացման քարտեզին, ապա այն կարող է դառնալ կոոպերացիոն համագործակցության խթանման լրացուցիչ մեխանիզմ և նպաստել ներմուծման փոխարինման համատեղ նախագծերի իրականացմանը, ինչպես նաև Միության արդյունաբերության ճյուղերի ներուժի գնահատմանը: Արդյունաբերականացման քարտեզի մշակումը թույլ կտա նաև ավելի արդյունավետ օգտագործել արտադրական ռեսուրսները Միության անդամ յուրաքանչյուր պետությունում և կօգնի աջակցել ԵԱՏՄ երկրների ձեռնարկություններին, որոնք համագործակցում են այլ անդամ երկրների ձեռնարկությունների հետ:

Մեր հանդիպման օրակարգում ընդգրկված հարցերի շարքում կցանկանայի նաև ընդգծել հանրային առողջության և սանիտարահամաճարակային բարեկեցության միջոցառումների կարևորությունը` կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու համար:

Եզրափակելով խոսքս` կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն դարձնել ԵԱՏՄ-ի սննդի անվտանգության խնդրին: Նշեմ, որ սննդի անվտանգության հետ կապված հարցերը միշտ եղել են մեր ուշադրության կենտրոնում, և, որքանով ես տեղյակ եմ, այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են որոշակի նախնական աշխատանքներ ԵԱՏՄ շրջանակներում: Ավելին, 2025 ռազմավարության մեջ մենք պայմանավորվեցինք մշակել «ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգության ընդհանուր սկզբունքներ և մոտեցումներ»: Սակայն համավարակի պայմաններում այս խնդրի լուծումը դարձել է հատկապես արդիական, ուստի, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ հանձնարարել Հանձնաժողովին երկրների հետ համատեղ մշակել և ներկայացնել ԵԱՏՄ սննդի անվտանգության դոկտրինա (հայեցակարգ):

Այսքանով թույլ տվեք եզրափակել ելույթս:

Շնորհակալ եմ ուշադրության համար, և վերջում ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել և վերահաստատում է իր ցանկությունը՝ կազմակերպել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական հանդիպումը Երևանում այս տարվա հոկտեմբերին:

Շնորհակալություն»։

Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միությունում «Ապրանքների մակնշման մասին» համաձայնագրի իրականացմանը և պիտակավորման համակարգի հետագա զարգացմանը, առողջապահության բնագավառում միջոցառումների համապարփակ ծրագրին` Միության երկրներում կորոնավիրուսի և այլ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով:

Քննարկվել են նաև ԵԱՏՄ երկրների համագործակցության միջպետական ծրագրի նախագիծը, ագրոարդյունաբերական զարգացման և միության արդյունաբերականացման քարտեզները:

Վերջին 2 նախագծերն էլ նախատեսում են խոշոր ծրագրերի վերաբերյալ շարունակական տեղեկատվության ստացում, ինչը Միության գործընկերներին հնարավորություն կտա վերացնել արտադրության կրկնօրինակումը, հաշվի առնել զարգացման միտումները և արդյունավետորեն օգտագործել միմյանց հնարավորությունները` զարգացման ազգային և ներդրումային ծրագրեր մշակելիս:

Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաև նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը:

Մանրամասն՝ տեսանյութում․