կարևոր
2149 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-13 09:32
Քաղաքական

Իշխանությունները որոշել են որոշակի զիջումների գնալ․ ի՞նչ կլինի տրանսպորտի թանկացման նախագիծը․ «Ժողովուրդ»

Իշխանությունները որոշել են որոշակի զիջումների գնալ․ ի՞նչ կլինի տրանսպորտի թանկացման նախագիծը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ՔՊ խմբակցության պատգամավորներն ԱԺ-ում փակ հանդիպում են ունեցել Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ. նախագահությունում նստած է եղել նաեւ Վահե Ղալումյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորները փոխքաղաքապետի հետ քննարկել են տրանսպորտի թանկացման նախագիծը:

Հիշեցնենք, որ հանրության շրջանում բարձրացած մեծ աղմուկից հետո իշխանությունները որոշել են որոշակի զիջումների գնալ, որպեսզի փոքր-ինչ պարպեն դժգոհությունների մեծ ալիքը:

Իշխանականները վտանգ են զգում, որ ավտոկայանատեղիների թանկացումից հետո տրանսպորտի գնի կտրուկ թանկացումը լուրջ կրքեր է բորբոքելու հանրության շրջանում, ու այլեւս իրենք էլ չեն կարողանա վերահսկել իրավիճակը, ուստի որոշել են զիջումների գնալ, օրինակ՝ նվազեցնել ուղեվարձի թանկացման չափը:

Երեկ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որը տրանսպորտի թանկացման նախագծի «համակարգողներից է», ՔՊ-ականներին ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են ուզում անել նախագծում, որպեսզի այն սեղմ ժամկետում ամբողջական տեսքի բերեն ու կրկին ներկայացնեն ավագանու նիստին:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, իշխանական պատգամավորներն էլ կիսել են տեսակետը, որ իրավիճակը ավելի չբորբոքելու համար պետք է որոշակի զիջումների գնալ, ձեռնպահ մնալ առայժմ թանկացումներից կամ դա անել անցումներով՝ ոչ միանգամից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: