կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-01 15:36
Քաղաքական

Իներցիոն մտածելակերպ կա, որ մշակույթը միայն ծախսող ոլորտ է. Սպարտակ Սեյրանյան

Իներցիոն մտածելակերպ կա, որ մշակույթը միայն ծախսող ոլորտ է. Սպարտակ Սեյրանյան

ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հարց ուղղեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Նա հիշատակեց Փաշինյանի պատկերավոր արտահայտությունը Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքի մասին՝ կղզի առանց ծովի, և հետաքրքրվեց, թե այդ տրամաբանության մեջ նա չի՞ համարում, որ ինչ-որ իմաստով թերագնահատվել է կամ անհրաժեշտ ջանքեր չեն տարվել այն ուղղությամբ, որը միջազգային իրավունքի և քաղաքական հարթակում կոչվում է դեպի ծով ելք չունեցող երկրների իրավունքների կարգավիճակ: Սեյրանյանը նշեց, որ այստեղ լուրջ ռեսուրս կա, և մեր արտաքին գերատեսչությունն այս առումով աշխատելու շատ տեղ ունի:

ՀՅԴ-ական պատգամավորը, խոսելով բյուջեի մասին, նշեց, որ Փաշինյանը տրամաբանորեն նշեց, կոպիտ ասած, փող արտադրող ոլորտների զարգացման հեռանկարները, արված քաղաքական քայլերը: «Բնական է, որ ինչ-որ ոլորտներ պետք է գումար արտադրեն, որպեսզի սոցիալական ոլորտները կարողանան ծախսել: Թեև եթե հումանիտար ոլորտը վերցնենք, չեմ կարծում, որ ամբողջական ռեսուրսը գոնե գիտության և մշակույթի իմաստով ամբողջովին ռեալիզացված է, քանի որ այս ոլորտներում էլ կարելի է լուրջ ծրագրերով գումար աշխատել ու գումար բերել: Եթե բյուջեին անգամ թռուցիկ ծանոթանում ենք, տեսնում ենք՝ կա ծախս, ունենք իքս գումար, ծախսում ենք իքս գումար, որից տրամաբանորեն բխում է, որ եթե ունենայինք 10 անգամ իքս, կծախսեինք 10 անգամ իքս գումար, կունենայինք այդ իքսի կե՞սը, այդքան կծախսեինք: Սա հասկանալի է, տրամաբանական է, բայց միջոցառումների ծրագրում գոնե հումանիտար ոլորտների դեպքում հասկանալի չէ, թե ի՞նչ հայեցակարգի շրջանակներում  են այդ ծախսերն արվում»,- ասաց Սեյրանյանը:

Նա հավելեց, որ, օրինակ, նշված չէ, թե միջոցառումներն ո՞ւր են միտված, որպեսզի թե' ԱԺ պատգամավորները, թե' հանրությունը կարողանան գնահատել առանց այդ էլ քիչ գումարը կամ էլ ծախսերի ՕԳԳ-ն: «Այդպես էլ հուլիսին, երբ  կառավարության ծրագիրն էինք այստեղ ներկայացնում, ասվեց, որ մի շարք ոլորտներում անհրաժեշտ են հայեցակարգեր, բայց դրանք այդպես էլ չեղան: Չե՞ք գտնում, որ գոնե այդ ոլորտներում ավելի շատ հայեցակարգերն են կարևոր, քան զուտ պահպանման ծախսերը»,- հարցրեց պատգամավորը:

Փաշինյանը պատասխանեց, որ տնտեսության և տնտեսական կառուցվածքի ամենամեծ խնդիրն այն է, թե քանի մարդ է արդյունք ստեղծում, և քանիսն են սպառում այդ արդյունքը: «Այսօր ՀՀ-ում կա մոտ 550 000 աշխատող, որոնցից շուրջ 244 000-ն աշխատում է բյուջետային համակարգում, այսինքն՝ ստացվում է, որ մենք, ըստ էության, մասնավոր հատվածում ունենք 350 000 աշխատող՝ առանց գյուղատնտեսության: Սրան գումարած՝ ունենք ակտիվ 50-60 հազար անհատ ձեռներեց: Մեզ մոտ շուրջ 400 000 մարդ աշխատում է, այդ առաջնային արդյունքը ստեղծում է, և, կոպիտ ասած, նրանց արդյունքը պահում է 800 000 մարդու: Ովքե՞ր են այդ 800 000 մարդիկ. նրանցից 500 000-ը թոշակառուներն են, 200 000 բյուջետային հիմնարկների աշխատողներն են և, գումարած, 100 000 նպաստառուները: Այսինքն՝ մեր երկրում 400 000 մարդ, կոպիտ ասած, աշխատում, արդյունք է ստեղծում և նրանց աշխատանքի արդյունքները պետք է բաժանվեն 800 000 մարդու մեջ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս խնդիրը պետք է լուծվի, քանի որ այս աշխատողների մի մասը ստվերում է, բայց մյուս մասի հետ կապված էլ ամեն ինչ անում են, որպեսզի նրանք չաշխատեն: Փաշինյանի գնահատականով՝ սա մեր երկրի անկյունաքարային խնդիրն է:

Սեյրանյանն էլ հավելեց, որ, չգիտես` ինչու, կա այն իներցիոն մտածելակերպը, որ, օրինակ, մշակույթը միայն ծախսող ոլորտ է, այնինչ` հենց այդ ոլորտի հայեցակարգային զարգացման պարագայում այն ոչ միայն ծախսողի դերում հանդես կգա, այլև եկամուտ կբերի երկրին: «Խոսքը պարզունակ տուրիզմի և թանգարանային մուտքի տոմսերի մասին չէ: Այս` հազարամյա մշակույթ ունեցող երկիրը մշակույթի կապիտալիզացիա չի անում` աշխարհին ներկայանալու համար»,- նշեց նա:

Փաշինյանն էլ արձագանքեց, որ մշակույթի ոլորտում հայեցակարգը ձևակերպել են դեռևս մի քանի ամիս առաջ՝ ասելով, որ խնդիրը հետևյալն է՝ մեր քաղաքացին պետք է լինի մշակույթ կրող և մշակույթի հետ իր առօրյա կյանքում առնչվող:  «Սա մեզ համար պետական կարգի խնդիր է, քանի որ մշակույթը մեզ համար ոչ թե այն է, որ մարդը գնաց թատրոն կամ համերգ լսեց, այլ մշակութային ընկալումը մեզ համար ՀՀ երկու քաղաքացիների հարաբերության հարց է: Այն մարդը, որըվ մշակույթի ընկալում ունի, ուրիշ կերպ է բարևում, ուրիշ կերպ ուտում, խոսում, վերաբերվում ուրիշներին, ընկալում իրավիճակը, ուրիշ կերպ ծխում, իր ծխախոտն այլ տեղ է դնում: Ինձ համար ամենակարևորն այն է, որ մենք հսկայական ծրագիր ենք ներկայացնում հենց դպրոցից մշակութային այսպիսի կապը կազմակերպելու համար»,- ասաց նա:

Փաշինյանը պատմեց մշակույթի և կրթության նախարարությունների իրականացրած «Իմ արվեստը» ծրագրի մասին՝ նշելով, որ մեծ աղմուկ-աղաղակով, պետանվտանգության տեսուչով ավտոշարասյուն է մոտենում դպրոցին: Ըստ նրա՝ երեխաներին թվում է, թե նախագահ, վարչապետ, օլիգարխ է գալիս, առանձնահատուկ դեմք, սակայն  զրահապատ մեքենայից դուրս է բերվում կերպարվեստի գլուխգործոց: «Այդպես է արվում, որպեսզի երեխաներն իմանան, որ իրենց ընկալած «ախռանա» հասկացությունը, ախռանայի ենթակա օբյետները կամ սուբյեկտները  ոչ թե մեզ ու ձեզ հայտնի կատեգորիայի մարդիկ են, այլ այդ նմուշն ունի այնպիսի արժեք, որը կարող է արժանանալ այդպիսի անվտանգության կանոնների: Իսկ ուսուցիչն էլ մեկ ժամվա ընթացքում պետք է բացատրի, թե ինչ նկար է դա: Կարծում եմ, որ այդ ամենն ընկալում կփոխի»,- ասաց նա: