կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-16 17:28
Քաղաքական

Ուշացած, ձևական ու թերի քննարկում. Վիգեն Սարգսյանը` ԸՕ քննարկումների մասին

Ուշացած, ձևական ու թերի քննարկում. Վիգեն Սարգսյանը` ԸՕ քննարկումների մասին

Հայտնել ենք, որ այսօր ԱԺ-ում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀԿ ներկայացուցիչների հետ` ԸՕ բարեփոխումները քննարկելու համար:

ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում քննարկումը որակեց «ուշացած, ձևական և բավականին թերի»: Իր այս որակումը նա բացատրեց հետևյալ կերպ. «ԱԺ ընտրության հետ կապված հարցերը քաղաքական դաշտում, հատկապես` խորհրդարանական համակարգում, առաջին հերթին հենց խորհրդարանական ուժերի հետ քննարկելու թեմա է: Ես ցավով եմ արձանագրում, որ կառավարական այն հանձնաժողովը, որ ստեղծվել էր ԸՕ-ն մշակելու համար, այդպես էլ ինտենսիվ չաշխատեց խորհրդարանական ուժերի կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ: Ավելին` այդ խմբի տված առաջարկները, որոնց մեջ կային 4 ֆրակցիաների կողմից կոնսենսուսով ձեռք բերված առաջարկներ, հաշվի չեն առնվել կառավարության կողմից»:

Սարգսյանը նահանջ համարեց այս քննարկման ոճը` համեմատած նախորդ Ընտրական օրենսգրքի քննարկման հետ, երբ ծնվել էր 4+4+4 ձևաչափը:  «Բացի այդ` մենք այսօր իմացանք, որ ընդամենը օրեր առաջ է նախագիծն ուղարկվել Վենետիկի հանձնաժողով, այն էլ` ոչ վերջին տարբերակը: Պարոն Միրզոյանն ասաց, որ չեն հասցնելու ստանալ պատասխան հանձնաժողովից, գուցե հարցազրույցի տեսքով ինչ-որ մեկն ինչ-որ մի կարծիք ասի»,- ասաց նա և դա համարեց անհարգալից վերաբերմունք Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ:

Սարգսյանի խոսքով` ավելի ճիշտ էր չուղարկել այդ նախագիծը և ասել` արտակարգ իրավիճակ է Հայաստանում, չենք ուղարկում, ինքներս որոշում, գնում ենք առաջ: «Ես հարց տվեցի պարոն Միրզոյանին` մեկ տարի ժամկետը, որ խորհուրդ է տալիս Վենետիկի հանձնաժողովը, դա անհեթեթությո՞ւն է, թե՞ ոչ: Նա ասաց, որ` ոչ, շատ ճիշտ մոտեցում է: Եես շարունակեցի` պարզաբանելով, որ այդ մոտեցման նպատակը մեկն է` քաղաքական ուժերը պետք է ստանան հնարավորություն պատրաստվելու նոր ընտրություններին»,- ասաց նա:

Սարգսյանն ընդգծեց, որ այն հապճեպությունը, որ տեսնում ենք, պայմանավորված է  մեկ հանգամանքով` այսօր գործադիր իշխանություն ունեցող ուժը համարում է, որ քաղաքական առումով նպաստավոր պայմաններ են իր համար` ընտրություններն անցկացնելու  առումով, և գնում է մի քայլի, որն իրականում մեծ վնաս է հասցնում ժողովրդավարությանը:

Նա չհստակեցրեց` արդյո՞ք ՀՀԿ-ն կողմ կքվեարկի այս փոփոխություններին: Նշեց, որ դեռ որոշում չունեն: «Ես այսօր մի կարծիք ձևավորեցի. համոզմունք ունեի, որ կառավարությունն այս հապճեպությամբ բերում է, որպեսզի այն չանցնի, և որպեսզի այդ չանցնելը դարձնի քաղաքական հերթական հիստերիայի և քարոզչության առարկա: Ես այսօր ամրապնդեցի իմ կարծիքը, որովհետև Միրզոյանը մի քանի անգամ ասաց` ըհը, շատ լավ փաստեր կան չընդունելու համար: Այսինքն` կառավարությունն այս նախագիծը բերում է, որ ասի` դե ես բերեցի, խորհրդարանը չընդունեց»,- կարծիք հայտնեց Սարգսյանը: