Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
Չնայած երեկ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում մամուլն աննախադեպ ազատ է, վաղը կամ հենց այսօր վարչապետին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը կտեղեկացնի, թե ինչո՞ւ են տարել «Yerevan Today» կայքի գլխավոր խմբագրի համակարգիչն ու այնտեղ կոնկրետ ի՞նչ են գտել ոստիկանության 6-րդ վարչության եւ քննչական կոմիտեի տղերքը:
Ես իհարկե հասկանում եմ, որ լրագրողական համերաշխությունը կեղծ կատեգորիա է, բայց մամուլի ազատությունն է՞լ: Բա ի՞նչն է իսկական կատեգորիա, տղերք, եթե իհարկե մենք ժողովրդավարական երկիր ենք կառուցում, մանավանդ, եթե առաջ այդպիսի երկիր չենք եղել:
Ի դեպ, առաջ՝ նկատի ունեմ 1994-ին, համակարգիչները խմբագրություններից չէին առգրավվում, բացում էին պատուհաններն ու շպրտում: Եթե լավ շպրտող էին, ընկնում էր բեռնատարների մեջ, եթե նույնիսկ շպրտել չգիտեին, գետնին ընկնելուց էին կոտրվում: Հիմա զարգացել ենք, բայց խնդիրն այն է, որ ազատ խոսքը կոտրելու համար լրագրողի համակարգիչը կոտրելը պարտադիր չէ, բավական է պտուտակահան ունենալ ու բացել-նայել-մաքրել այդ համակարգչի պարունակությունը:
Իմիջիայլոց, առաջարկում եմ համապատասխան մարմիններին չչարչարվել՝ տարբեր խմբագրություններ գնալու համար, այլ օրենքով սահմանել, որ բոլոր լրագրողներն ու, մանավանդ, գլխավոր խմբագրերը, պարտավոր են ամեն շաբաթ իրենց համակարգիչը ներկայացնել, որպեսզի համապատասխան մարմինների համապատասխան մասնագետները մանրակրկիտ զննեն: Ավելին, կարելի է պարտադրել բոլոր լրագրողներին, թեկուզ կենդանաբանական այգու գայլերի ու անգղերի մասին նյութ անելիս, բոլոր տվյալները համաձայնեցնել համապատասխան մարմինների հետ, որպեսզի հակապետական քարոզչություն չստացվի:
Եթե լուրջ, ապա մամուլի հերն անիծվում է, նկատի չունեմ՝ մամուլի ազատության, այլ հենց մամուլի: Բանն այն է, որ առանց ազատության մամուլը պետք է միայն իշխանությանը, հատկապես այնպիսի իշխանությանը, որը երկար տարիներ աշխատել է մամուլում ու գիտի, թե ի՞նչ մեծ ուժ ու հնարավորություններ ունի այն:
Ամեն դեպքում, Հայաստանի Հանրապետության հպարտ լրատվամիջոցներ, դուխով:
Հովիկ Աֆյան