կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-02 21:53
Առանց Կատեգորիա

Խաչատրյան եղբայրները

Խաչատրյան եղբայրները

Սասուն Խաչատրյանը հաստատել է, որ Դավիթ Խաչատրյանն իր եղբայրն է: Սասուն Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության Հատուկ քննչական ծառայության պետն է, Դավիթ Խաչատրյանը` «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» տնօրենների խորհրդի նախագահը, ի դեպ, այդ հիմնադրամը պատկանում է մեկ այլ հիմնադրամի` Սորոսին:

Ցավոք, Սասուն Խաչատրյանը չի մանրամասնել, թե եղբոր հետ որքա՞ն հաճախ է հանդիպում, երբ հանդիպում են, ինչի՞ կամ ինչերի՞ մասին են խոսում, միայն խոսո՞ւմ են, թե՞ նաեւ որոշումներ կայացնում, կոնկրետ քայլեր ձեռնարկում: Փոխարենը ՀՔԾ պետն ասել է, որ բոլոր այն պնդումները, թե իր գործունեության վրա ազդում է եղբոր` «սորոսական» լինելը, «հիմարություն» են: Ինչպես կասեր ինքը` Ջորջ Սորոսը, ok, թող այդ պնդումները հիմարություն լինեն, բայց, այնուամենայնիվ, նույնիսկ Սասուն Խաչատրյանը չի կարող հիմարություն կոչել այն պնդումները, որ Սորոսի հիմնադրամն աշխարհի մի շարք երկրներում խաղի կանոններ է փոխել: Ընդ որում` ինքը` միսթըր Սորոսը, հայտարարել է. «Ես խաղի ընտրված կանոններով չեմ խաղում, ես փորձում եմ փոխել խաղի կանոնները»: Հաճախ ստացվում է, երբեմն չի ստացվում, բայց փաստն այն է, որ Սորոսն ունի սեփական խաղն ու դրա ինքնատիպ կանոնները, որոնցով խաղում է Դավիթ Խաչատրյանը, ով ՀՀ ՀՔԾ պետի հարազատ եղբայրն է:

Չէ, շատ հնարավոր է, որ իսկապես Խաչատրյան եղբայրները Սարոյան եղբայրների պես հանդիպելիս վիճում են, քաղաքական-փիլիսոփայական-հոգեբանական-հասարակական բանավեճեր ունենում, ու գուցե Սորոսի կամ մեկ այլ հիմնադրամի ֆինանսավորմամբ` մենք երբեւիցե կտեսնենք նոր հայկական ֆիլմ` «Խաչատրյան եղբայրները» վերնագրով, որից հետո կհամոզվենք, որ այս եղբայրներն իսկապես չեն կարողացել ազդել միմյանց գործունեության վրա, բայց փորձել են, դրա համար ամեն բան արել են: Եղբայր են, չէ՞…

Եվ ամենակարեւորը` այնպես չէ, որ Սորոսի հիմնադրամը հանցագործների որջ է, որտեղ հավաքված մարդիկ դավադրություններ են նյութում տարբեր երկրներում ու փորձում իրենցով անել ամբողջ աշխարհը, որտեղ բոլոր սահմանները բաց կլինեն, քանի որ ժողովուրդներ չեն ապրի, այլ կլինի մեկ մոլորակ, մեկ ժողովուրդ: Օրինակ` Հայաստանում այս հիմնադրամը ֆինանսավորում է մարզային որոշ ծրագրեր, զանազան լրատվամիջոցներ, տարբեր հասարակական կազմակերպություններ, չի բացառվում, որ անհատների: Մի խոսքով` Սորոսը բոլորովին էլ վատ կառույց չէ, բայց այդ պարագայում առաջանում է շատ տրամաբանական հարց` եթե Սորոսի հիմնադրամը լավ կառույց է ու հայտնի է բացառապես իր լավ գործերով, ապա ինչո՞ւ է ՀՔԾ պետն ասում, որ այդ կազմակերպության ներկայացուցիչ իր հարազատ եղբայրը չի ազդում իր գործունեության վրա: Այդպես չէ՞, եթե Սորոսը լավն է ու միայն բարի գործեր է անում, ապա ինչո՞ւ Սասուն Խաչատրյանը, հակառակը, չի ասում, որ իր գործունեության գոնե զգալի մասի վրա ազդեցություն թողնում է եղբոր` որտեղ աշխատելը: Կնշանակի` մի բան այն չէ, նկատի ունեմ Սորոսի հետ կապված, ու նույնիսկ ՀՀ ՀՔԾ պետը դա գիտի` խոստովանում է:

Հովիկ Աֆյան