կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-08-02 13:30
Հասարակություն

«Ազատության» և Գասպարիի անհավատալի արկածները` Երևանում

«Ազատության» և Գասպարիի անհավատալի արկածները` Երևանում

Ինքնաբուխ ակտիվիստ Վարդգես Գասպարիի երեկվա ակցիան, որի ժամանակ նա փորձում էր Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը և Ռոբերտ Քոչարյանի նկարը փակցնել ՀՀԿ և ՀՅԴ գրասենյակների մուտքին, հազիվ թե որևէ խելացի մարդ համարի քաղաքական քայլ կամ ակցիա: Գասպարին միանշանակ առաջադրանք էր կատարում, իսկ թե ո՞ւմ առաջադրանքը, կփորձենք հասկանալ ստորև:

Բայց նախ` մեկ-երկու խոսք այդ ակտիվիստի ոչ քաղաքական և ոչ ադեկվատ պահվածքի մասին: Գասպարին չի պատկերացնում իր արարքի հետևանքները: Քաղաքական կողմը դեռ դնենք մի կողմ: Նա վիրավորական արտահայտություններ է տեղում աշխատանքի վայրում իր ծառայությունն իրականացնող անվտանգության աշխատակցի հասցեին, ինչն, անշուշտ, քրեորեն հետապնդելի է, եթե ուրիշ բան չասենք: Ես իսկապես զարմացած եմ այդ աշխատակցի համբերությունից, որ մինչև վերջ «կապը կտրած» Գասպարիին դիմում էր «հարգելիս», «քաղաքացի» բառերով: Մինչդեռ նա կարող էր տեղում արձանագրություն կազմել և Գասպարիի ձեռուոտը կապել ու հանձնել իրավապահ մարմիններին` որպես կուսակցական գրասենյակի վրա հարձակում իրականացրած անձի: Նույն անընդունելի ակցիան Գասպարին իրականացրեց նաև ՀՅԴ կենտրոնի մոտ և, դարձյալ, այս անգամ կենտրոնի հերթապահ երիտասարդների զուսպ և վճռական գործողությունների հետևանքով, ձեռնունայն, առանց հերթական սադրանքի հեռացավ:

Հիմա հարց եմ տալիս Գասպարի խաղացնողներին` դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանեն այդ մարդուն, եթե նա համարձակվի ռուսական 102-րդ զորամասի կազմում իր երկրի սահմանները պաշտպանող հայ զինվորին «տականք» անվանել, եթե նա համարձակվի տականք անվանել Արցախում ռուսական տանկերով, հրանոթներով, ինքնաթիռներով ու մյուս զենքերով իր հողը պաշտպանող հայ տանկիստին, հրետանավորին, օդաչուին, հետևակայինին: Վստահեցնում եմ` Գասպարիից ընդամենը խոնավ հետք կմնա: Իրավիճակը շատ տարբեր չէ, երբ Գասպարիի միջոցով այդպիսի ակցիա են իրականացնում ազգային կուսակցությունների գրասենյակների մոտ` հանիրավի մեղադրելով այդ քաղաքական ուժերին Ռուսաստանին ծառայելու մեջ:

Այս ողջ պատմության մեջ խիստ կասկածելի է նաև իր տաղավարներում Գասպարիի հետ երկար ու ձիգ հարցազրույցներ անող «Ազատություն» ռադիոկայանի պահվածքը, որի օպերատորն ու լրագրողն այս անգամ կուսակցական գրասենյակներ տանող ճանապարհին կրնկակոխ հետևում էին Գասպարիին և արձանագրում նրա ամեն մի քայլը, ամեն մի շարժումն ու խոսքը: Իմ 40-ամյա լրագրողական կենսագրությունից հիշում եմ` մեկ էլ Արտաշես Գեղամյանն էր սեփական լրագրող ու օպերատոր քարշ տալիս հետը, որպեսզի ԱԺ-ում իր բրիֆինգները նկարահանեին: Ընդդիմադիր Գեղամյանին (այն ժամանակ նա թունդ ընդդիմադիր էր) մենք հասկանում էինք, նա ԶԼՄ-ներին մեղադրում էր իր խոսքը ենթատեքստից կտրելու, իր հայտարարությունները գլխիվայր ներկայացնելու մեջ: Հիմա ես ուզում եմ հասկանալ` ի՞նչ էր մտածում «Ազատությունը», երբ հպարտ մենության մեջ այդպես տրվել էր Գասպարիի խեղկատակության լուսաբանմանը: Ես իրավունք ունե՞մ հարցնելու «Ազատության» գործընկերներիս` դուք զանգվածային լրատվամիջո՞ց եք, թե՞ Գասպարիի հույսին մնացած այն նույն հիմնարկի գործակալ, որ փորձում է, բառիս բուն իմաստով, նսեմացնել մեր տարածաշրջանում ամենաազդեցիկ, մեզ հետ անվտանգության նույն համակարգում ընդգրկված երկրներից մեկին: Այս հարցը մի ընդունեք որպես լրատվամիջոցին լռեցնելու փորձ: Ինքս էլ լրագրող եմ, այն էլ` այնպիսի լրագրող, որ տեսել է իր թերթի փակումն ու խմբագրատան ավերումն այն մարդկանց ձեռքով, որոնց դուք ազատության ռահվիրաներ եք հռչակել: Պարզապես վախեցեք գնահատականից, որ քաղաքական ուժերը կարող են տալ Գասպարիի հետ ձեր այս համատեղ ձեռնարկին և բոյկոտել ձեզ որպես լրատվամիջոցի: Սրա նախադեպը կարող եք տեսնել ԱՄՆ-ում, ավելի ստույգ` այդ երկրի նախագահի կողմից կազմված «ֆեյք» լրատվամիջոցների ցանկում:

Ինչո՞ւ էր Գասպարին հետը պտտեցնում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկարը: Այս հարցը, թերևս, ճիշտ կլինի տալ ակցիայի բուն կազմակերպիչներին, ինչո՞ւ` ոչ, նաև «Ազատությանը»` որպես քաղաքականապես հասուն լրատվամիջոցի: Գուցե իսկապե՞ս փորձ է արվում Քոչարյանին իրավական հարթությունից տեղափոխել քաղաքական հարթություն, որպեսզի Լավրովը մի հայտարարություն էլ Քոչարյանի մասով անի: Ռուսական կողմի քաղաքագետներն արդեն իսկ իրենց ասելիքն ասել էին Քոչարյանի կալանավորման կապակցությամբ` նշելով, որ Քոչարյանը գործող նախագահ չէ, և դա, ըստ էության, ՀՀ ներքին գործն է: Հիմա, ի՞նչ է, ուզում եք, որ Լավրովը ուղղի՞ նրանց «սխալը»: Նպատակը ո՞րն է:

Եթե արտաքին մարտահրավերների բերումով իրավիճակն այսքան լարված չլիներ, կարելի կլիներ, թերևս, Գասպարիի «ակցիան» համարել նախընտրական շրջանին բնորոշ մի ծիծաղելի և ճղճիմ փորձ` մրցակից կուսակցությունների վարկանիշին հարվածելու համար: Այդ դեպքում սա շատ լավ առիթ կլիներ ընդդիմադիր ակտիվիստ Գասպարյանին խորհուրդ տալու` իր պահանջները իշխող քաղաքական ուժին ու ՀՀ կառավարությանը ներկայացնել, քանզի Լավրովին նրանք են «զայրացրել»` կալանավորելով, ապա գրավի դիմաց ազատ արձակելով ՀԱՊԿ-ում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգի գործընկերոջը` Խաչատուրովին, որ, ի լրումն իր բոլոր կոչումների ու պաշտոնների, նաև ազգությամբ հայ է: Եվ, իսկապես, ո՞րն է Դաշնակցության և ՀՀԿ-ի մեղքն այս հարցում, երբ մեր ՀՔԾ-ն, ինչպես հայտնի մուլտֆիլմի պինգվինը, նախ մի բան անում է, հետո հարցնում ծնողներին` կարելի՞ է:

Շատ կցանկանայինք լսել նաև ընտրական պրոցեսի ակտիվ մասնակից ՔՊ-ի և նրա դաշնակից ուժերի գնահատականը տեղի ունեցածին: Քաղաքապետի հմայիչ թեկնածու ունեք, վարչապետն էլ, քարոզարշավը չսկսված, ձեզ համար հանրահավաք է կազմակերպում, էլ ի՞նչ ունեք մտահոգվելու: Ասել Գալուստ Սահակյանը` հաղթել պրծել եք: Եվ ուրեմն դուխով: Գասպարիներին էլ դուրս գրեք, նրանց ժամանակներն անցել են, իսկ դուք էլ մի մոռացեք, որ իշխանություն եք:

Իսկ վերջում մի այսպիսի հարց` Վարդգես Գասպարիի ռեպերտուարում ԱՄՆ և ԵՄ դրոշներով ներկայացումներ լինելո՞ւ են, արդյոք…

Էդիկ Անդրեասյան