կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-17 15:01
Հասարակություն

Մեկդարյա կամավոր բանակ. Պոլսում լուսավորված ջահով Երևանում կմեկնարկի ՀՄԸՄ-ի 100-ամյակը

Մեկդարյա կամավոր բանակ. Պոլսում լուսավորված ջահով Երևանում կմեկնարկի ՀՄԸՄ-ի 100-ամյակը

«Պատվաբեր անցյալից հաղթական ապագա». այս խորագրով հուլիսի 19-29-ը Հայաստանում (Բյուրական) մեծ շուքով նշվելու է ՀՄԸՄ-ի մեկդարյա հոբելյանը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի,  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի  աջակցությամբ: Երևանն այս առիթով կհյուրընկալի 3000 ՀՄԸՄ-ականների:

Այսօր Սփյուռքի նախարարությունում կայացավ ՀՄԸՄ-ի` Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄ-ակաան բանակումին նվիրված մամուլի ասուլիսը, որին ներկա էին ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը, Կենտրոնական վարչության գանձապահ Վաչե Նաջարյանը, Բանակումի ընդհանուր խմբապետ Թալին Օրդողլյանը, ՀՄԸՄ-ՀԱՍԿ (Հայաստանի Ազգային Սկաուտական կազմակերպություն) ատենապետ  Դավիթ Հակոբյանն ու «Մարզիկ» ամսագրի խմբագիր Վիգեն Ավագյանը:

«Ուրախությամբ պետք է հայտարարել, որ 2018-ը 100-ամյակների տարի է: Մենք մեծ շուքով նշեցինք Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը և շուտով` հուլիսի 19-ին, մեկնարկը կտրվի այն 100-ամյակի, որը կարելի չէ բաժանել Մայիսի 28-ից»,- բացման խոսքում նշեց Գառնիկ Մկրտիչյանը` տեղեկացնելով, որ իրականում ՀՄԸՄ-ի տարեդարձը նոյեմբերի 16-ին է, սակայն, քանի որ հնարավոր չէ աշխարհասփյուռ սկաուտներին մեկտեղել ձմռանը, ապա, ինչպես և 4 տարին մեկ է լինում, այս տարի Կենտրոնական վարչությունը դարձյալ որոշել է հայրենիքում համախմբվել ամռանը:

Մկրտիչյանը ուշադրության հրավիրեց նաև այն հանգամանքին, որ այս տարի առաջին անգամ բանակումի խմբապետությունը կստանձնի ՀՄԸՄ ընտանիքում բազմամյա վաստակ ունեցող քույր Թալին Օրդողլյանը:

Անդրադառնալով ՀՄԸՄ-ի պատմությանն ու ստեղծմանը` նա վստահեցրեց, որ բազմամյա այս միությունը Սփյուռքում միակն է, որն ունի մոտ 28.000 անդամ և գործում է 110 մասնաճյուղերով` թե’ սկաուտական, թե’ մարզական թևերով:

«Առողջ միտք, առողջ մարմին: Եվ ինչպես ՀՄԸՄ-ի նշանաբանն է ասում` «Բարձրացիր, բարձրացուր»: ՀՄԸՄ-ը 100 տարի շարունակ իր ընթացքում ոչինչ չի փոխել: Ինչպես հիմնադրվեց Պոլսում, այնպես էլ  շարունակել է իր ուղին: Ես միշտ ասել եմ` կան որբացած գաղութներ, իսկ ՀՄԸՄ-ը մեծ դերակատարություն ունի այդ գաղութներն ու դրանց հայորդիներին համախմբելու հարցում: Բոլորը քաջատեղյակ են, որ Սփյուռքում հայապահպանման խնդիր կա,  իսկ Հայստանում նման խնդիր չկա: Հետևաբար, մենք այդ հարցում վստահել ենք ինքներս մեզ»,- անդրադառնալով ՀՄԸՄ-ի խորհրդին` ասաց Մկրտիչյանը:

Հարցին, թե ՀՄԸՄ-ը ստեղծվել է Պոլսում, արդյո՞ք ներկայումս դեռ շարունակում է գործունեություն ծավալել այնտեղ, Մկրտիչյանը պատասխանեց, որ բազմիցս փորձել են վերադառնալ և վերահիմնադրվել Պոլսում, սակայն քաղաքական հասկանալի պատճառներով, ցավոք, չի հաջողվել:

Այնուամենայնիվ, ՀՄԸՄ ԿՎ ատենապետն ուրախությամբ տեղեկացրեց, որ 100-ամյակի միջոցառումների ջահավառությունը տեղի է ունեցել ՀՄԸՄ-ի հիմադիր երրորդություններից Հովհաննես Հինդլյանի` Կ.Պոլսում գտնվող շիրիմին`  միության ներկայացուցիչներ Դավիթ Հակոբյանի և Գեղամ Մանուկյանի գլխավորությամբ:  Նրա խոսքով` Պոլսից բերված ջահով կմեկնարկեն ՀՄԸՄ-ի 100-ամյակի միջոցառումները:

Մկրտիչյանը անդրադարձավ նաև Սիրիայում ՀՄԸՄ-ականների թվին: Նա նշեց, որ նախորդ տարիներին Սիրիայում ՀՄԸՄ-ականների թիվը բավականին լուրջ է եղել, սակայն պատերազմական իրավիճակում, հասկանալի պատճառներով այդ թիվը զգալի նվազել է: Սակայն, ըստ Մկրտիչյանի, չնայած այդ ամենին, 100-ամյակի բանակմանը այս տարի մասնակցում է Սիրիայից ժամանակ 10 ՀՄԸՄ-ական:

Նա պարզաբանեց նաև, որ աշխարհի տարբեր անկյուններում ՀՄԸՄ-ին միացած հայորդին Հայաստանում հաստատվելուց հետո դադարում է լինել իր երկրի մասնաճյուղի անդամ` փոխարենը դառնալով հայաստանյան կառույցի` ՀԱՍԿ-ի անդամ:  «Եվ կան սփյուռքահայեր, ովքեր Հայաստանում հաստատվելու պատճառով այս բանակմանը մասնակցելու են ոչ թե որպես իրենց մասնաճյուղերի, այլ որպես ՀԱՍԿ-ի անդամ»,- նշեց Մկրտիչյանը:

Արձագանքելով հարցին, թե ՀՄԸՄ-ն, քաղաքական հարցերով պայմանավորված, դիրքորոշում փոխո՞ւմ է, Մկրտիչյանն ասաց. «ՀՄԸՄ-ը քաղաքական կյանքում ոչ մի դերակատարություն չի ցանկանում ունենալ: Սակայն, ինչ վերաբերում է Հայ դատին և հայկական բանակին, մենք 100 տարի մեր երիտասարդությանը պատրաստել ենք որպես «կամավոր բանակ»` ազգին և հայրենիքին նվիրվելու:  Այնպես որ` հարկ եղած դեպքում ՀՄԸՄ-ը կանգնած է ազգի և հայրենիքի պաշտպանության համար»:

ՀՄԸՄ-ի 100-ամյակի ծրագրերի մասին խոսեցին նաև Վաչե Նաջարյանն ու  Թալին Օրդողլյանը` մանրամասն ներկայացնելով ծրագրերի ժամանակացույցը: Նրանք տեղեկացրեցին, որ այս տարի բանակման համար արվել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի յուրաքանչյուր սկաուտ կարողանա մասնակցություն ցուցաբերել:

Թալին Օրդողլյանը տեղեկացրեց, որ սկաուտների օրակարգը 10 օրերի ընթացքում կլինի հագեցած, սակայն թվաքանակի մեծ լինելու պատճառով սկաուտները այցելություններ կիրականացնեն մաս-մաս: Բյուրականում կայանալիք բանակման տարբեր օրերի ընթացքում կլինեն զանազան միջոցառումներ, դասախոսություններ, արշավ, միջազգային օր, որի ընթացքում տարբեր երկրներից ժամանած սկաուտներ կներկայացնեն իրենց երկրների մշակույթը, կերակրատեսակները, երգն ու պարը: Կհատկացվի նաև օր, երբ սկաուտները խմբերով կբարձրանան Արագած լեռը:

ՀՄԸՄ-ի 100-այակի արարողությունների ժամանակացույցը` այստեղ:

Բանակումների ամենահաճելի մասը, անկասկած, կլինեն խարույկահանդեսները: Յուրաքանչյուր երեկո սկաուտները առիթ կունենան, ըստ երկրների, ներկայացնելու իրենց պատրաստած բեմականացումները, երգելու, պարելու և հաճելի ժամանակ անցկացնելու մինչև կրակմարը: