Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջին մասնագիտական ոլորտը տարիներ շարունակ անտեսված է եղել և ուշադրության չի արժանացել, թեև իր դերով և նշանակությամբ բավականին մեծ գործառույթ ունի հանրային կյանքում, տնտեսության մեջ, կրթության ոլորտում: Այսօր «Մշակութային և միջին մասնագիտական կրթության հիմնահարցերը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ վերջին շրջանում ՄԿՈՒ ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ են ի հայտ եկել, և որոշակի հարցեր իրենց լուծումը գտել են: Փոխնախարարի խոսքով՝ խնդիրները բազմաթիվ են, սակայն շատ խնդիրներ էլ` սուբյեկտիվ: «Մենք խնդիր ունենք մասնավոր սեկտորի համար առավել գրավիչ դարձնել ոլորտը, հատկապես` ագրարային և տնտեսությանն առնչվող մասով: Կոչ կանեմ այն գործարարներին, ովքեր մտահոգված են իրենց իսկ բիզնեսի զարգացման հեռանկարներով, մեծ ուշադրություն դարձնել ոլորտի զարգացմանը: Անձամբ մի շարք հանդիպումներ եմ ունեցել մասնավոր սեկտորի ոլորտի ներկայացուցիչների հետ, ովքեր շահագրգիռ են ու ուզում են իրենց մասնակցությունը մեծացնել ՄԿՈՒ ոլորտում»,- ասաց Հովհաննիսյանը:
Նա նշեց նաև, որ, չնայած խնդիրներին, այնուամենայնիվ, վերջին տարիներին այս ոլորտում բազմաթիվ համագործակցություններ են եղել միջազգային կազմակերպությունների հետ. ոլորտին մեծ աջակցություն են ցուցաբերում ԵՄ-ն, GIZ-ը, որի աջակցությամբ էլ ներդրվել է դուալ կրթական համակարգը:
ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանի խոսքով՝ նախնական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքի փոփոխության խնդիր է առաջացել, ինչն արդեն իսկ քննարկվել է թե՛ նախորդ ԿԳՆ ղեկավարության, թե՛ նոր ղեկավարության հետ: Ըստ Աղբալյանի՝ խոսքը վերաբերում է նրան, որ պետությունն իր վրա է վերցրել 12-ամյա կրթության՝ ավագ դպրոցի, ուսումնարանի և քոլեջի պետական ողջ ֆինանսավորումը: «Եթե դպրոցի պարագայում, օրինակ, որքան դիմորդ լինում է, այնքան էլ ընդունվում է, և այստեղ որևէ խոչընդոտ չկա, սակայն քոլեջի և ուսումնարանների համար որոշակի խնդիրներ է առաջացնում: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է պետպատվերի ձևավորմանն ու քանակին. 2017-ին արհեստագործականին պետպատվերի տեղերը եղել է 3877 ԿԳՆ-ի և 400 տեղ՝ ոստիկանության մասով, միջին մասնագիտականով՝ 7713 կրթության մասով և 279 այլ ոլորտներ՝ մշակույթ, սպորտ.. Այս տարի պետպատվերի տեղերը նվազել են, քանի որ կրթության ոլորտի բյուջեն պակասել էր: Այս տարի պետպատվերով հատկացված տեղերը հետևյալն էին՝ արհեստագործական՝ 3777 և 200 տեղ ոստիկանության մասով, իսկ միջին մասնագիտականով՝ 6270 կրթության և 271 այլ մասնագիտությունների մասով: Ստացվում է՝ 1600 տեղով նվազել է միջին մասնագիտական պետպատվերի շրջանակը»,- ասաց Աղբալյանը:
Նա նշեց նաև, որ քննարկվել է` իրենց պահուստային տեղերի բաշխումն այնպես անել, որպեսզի հնարավորինս կարողանան երեխաների համար ապահովել արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը: Աղբալյանը նշեց, որ այս հիմքով փորձում են օրենսդրական փոփոխություն անել և հիմնական կրթության հիմքով թույլատրել նաև վճարովի համակարգով ընդունելությունը: «Պետպատվերի շրջանակում մենք կտրամադրենք տեղեր, և մրցութային հիմունքներով ընդունելություն անելուց հետո եթե լինեն մարդիկ, որ անպայման ուզում են սովորել հենց այդտեղ ու պատրաստ են նաև վճարել դրա համար, մենք օրենսդրական փոփոխությունից հետո այդ հնարավորությունը կտանք: Սա նաև հնարավորություն կտա ուսումնական հաստատությունների ղեկավարներին, ովքեր կանգնած են լուրջ ֆինանսական խնդիրների առջև, արտաբյուջե ձևավորելու առումով լուծել խնդիրների մի մասը»,- ասաց նա:
Աղբալյանի խոսքով՝ խնդիր կա քոլեջից բուհ անցման մեջ. մինչև 2012 թ. այն կարգավորվում էր որոշակի կարգով, և քոլեջը բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները հնարավորություն էին ունենում ուսումը շարունակելու համապատասխան մասնագիտությամբ բուհի առկա՝ 2-րդ և հեռակա՝ 3-րդ կուրսերում: Այս կարգը, մասնագետի խոսքով, մտել է օրենքի մեջ, և օրենքում ֆիքսվեց, որ քոլեջի լավագույն շրջանավարտները կարող են ուսումը շարունակել բուհի համապատասխան հեռակա 2-րդ կուրսում: «Այդ օրենքից մի շատ կարևոր սկզբունք դուրս մնաց՝ արվեստի, առողջապահության, սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով բուհերը հեռակա չունեն: Ստացվում է, որ, օրինակ, Բաբաջանյան երաժշտամանկավարժական քոլեջն ավարտած կամ Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջն ավարտած երեխան ընդհանուր հիմունքներով հայտնվում է առաջին կուրսում: Այստեղ նաև ուսանողի իրավունքների խախտում ենք տեսնում»,- ասաց Աղբալյանը:
ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն էլ հավելեց, որ քոլեջների վճարովի-անվճար տեղերի հետ կապված խնդիրն ավելի շատ ավագ դպրոցին չվնասելու մեջ է: Փոխնախարարի խոսքով՝ իրենք կփորձեն գործիքներ կիրառել ու որոշակի քվոտաներ սահմանել: «Ավագ դպրոցը դեռևս լուրջ բովանդակային փոփոխությունների կարիք ունի, և եթե երեխան իմանա, որ քոլեջից հետո միանգամից ընդունվելու է բուհ, ավագ դպրոցը կտուժի: Բացի այդ՝ ՀՀ Սահմանադրությամբ` կրթության հանրակրթական բաղադրիչն անվճար է, և այստեղ խնդիր է՝ միջին մասնագիտական կրթությունը հանրակրթությո՞ւն է, թե՞ ոչ: Ես խնդրել եմ, որ սահմանադրագետներն ուսումնասիրեն այս խնդիրը, որպեսզի մենք օրենսդրական փոփոխությամբ չգնանք ԱԺ ու հետո պարզվի՝ հակասահմանադրական է այն»,- ասաց նա:
ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Դավիթ Մաթևոսյանն էլ անդրադարձավ մշակութային կրթությանը՝ նշելով, որ իր և մշակույթի նախարարության մտահոգությունն ավելի շատ գաղափարաբանական, բովանդակային կողմն է և այն հրամայականները, որ մեր ժամանակներն են ստեղծել: Մաթևոսյանի խոսքով՝ շատ կարևոր է, որպեսզի ժամանակին համահունչ մասնագիտություն, որակավորում ստանան, որպեսզի շուկայում լինեն իրոք պահանջված մասնագետներ: «Սրանք հրամայականներ են, որոնք սերունդի համար էապես հնարավորություններ կստեղծեն կայանելու և հասնելու իրենց նպատակներին: Դրա համար մենք պատրաստ ենք ձեռք ձեռքի աշխատել հաստատությունների, ԿԳ նախարարության հետ: Մշակութային կրթությունն իր բովանդակությանը համահունչ ձևավորելը շատ կարևոր է: Հայաստանը, ընդհանրապես օրենսդրական միջազգային չափանիշների հիմքերի առումով, բավականին տարօրինակ և տակավին խմորային, շատ հաճախ չգիտակցված վիճակներում է, և այստեղ հսկայական ճանապարհ ունենք անցնելու: Այդ ճանապարհը կարելի է անցնել գրագետ ու ուրիշների փորձն օգտագործելով»,- ասաց Մաթևոսյանը:
Նա նշեց, որ շատ հաճախ հեծանիվ հայտնաբերելու անհրաժեշտություն չկա, այլ պետք է հասկանալ՝ ուր ենք գնում, ինչ մասնագիտությունների պահանջարկ ունենք և ինչ պետք է անենք: «Օրինակ` երաժիշտների հետ քննարկումների ժամանակ մեկ էլ պարզում ենք, որ մեկ թառ սարքող է Հայաստանում մնացել, այսինքն՝ այս մասնագիտությունը վերանում է: Երբ հարցնում եմ, թե ինչո՞ւ չկա այս առումով անհանգստություն, պատասխանում են, որ Պարսկաստանում կա թառ պատրաստող, և եթե կարիք լինի, այնտեղից կբերեն: Սակայն ինչո՞ւ պետք է մենք այնտեղից գնենք թառ, եթե կարող ենք այստեղ նման մասնագետ պատրաստել, սակայն, մյուս կողմից, պետք է շահագրգռվածություն լինի, որպեսզի այդ մասնագիտությունը սովորեն»,- ասաց Մաթևոսյանը: