կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-06-15 13:04
Մշակույթ

1600 հայտ` 105 երկրից` 12-րդ «Ոսկե ծիրան»-ին

1600 հայտ` 105 երկրից` 12-րդ «Ոսկե ծիրան»-ին

Հուլիսի 12-19-ը տեղի կունենա «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնը:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը հայտնեց, որ փառատոնը յուրահատուկ է իր տրամաբանությամբ, քանի որ այն դարձել է մեր մշակութային խորհրդանիշը:

«Այս տարի փառատոնը պահպանելու է իր բոլոր անվանակարգերը, ծրագրերը: Ավելին` փառատոնը երկու նոր ծրագիր էլ ունի` «Մենք կանք», «Այլևս երբեք», որոնց շրջանակում Ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություններ են արդեն իսկ ընթանում: Ի դեպ, «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում էլ Հայաստան կժամանեն մի շարք երկրների մշակույթի նախարարները»,- ասաց Պողոսյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն էլ նշեց, որ «Ոսկե ծիրանը» Հայաստանի այցեքարտն է դարձել: Նա տեղեկացրեց, որ փառատոնի օրերին Երևանում կլինեն նաև բացօթյա ցուցադրություններ: «Կարապի լճի տարածքում մեծ էկրան կտեղադրվի, ինչպես նաև` «Մոսկվա» կինոթատրոնի մոտ: Սա, կարծում եմ, կինոմթնոլորտի ստեղծմանն ու աշխուժացմանը կնպաստի»,- ասաց փոխքաղաքապետը:

«Ոսկե ծիրան»-ի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանն էլ նշեց, որ փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագրի հեղինակն է դիզայներ Լիլիթ Մալխասյանը: «Ֆիլմերի աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է: Այս տարի փառատոնը ստացել է 1600 հայտ` 105 երկրից: Փառատոնի ժյուրիի կազմը կգլխավորեն Ռոբեր Գեդիկյանը` «Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ», Մարեկ Հովորկան` «Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ», Հովիկ Հաբեշյանը`«Կորիզ», և Ալեքսանդր Գրոզևը` «Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ» անվանակարգերում»,- հայտնեց նա:

Ի դեպ, այս տարի բավական հարուստ են փառատոնի արտամրցութային ծրագրերը, որոնց շրջանակներում էլ կլինեն  ֆրանսիական և գերմանական նոր ֆիլմերի ցուցադրություններ: