կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-25 11:08
Քաղաքական

Մեծ հետաքրքրություն կա «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի նկատմամբ. նախարար

Մեծ հետաքրքրություն կա «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերի նկատմամբ. նախարար

ԱԺ-ն քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Օրենքի նախագիծը, դրա առանձնահատկությունները ներկայացրեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա նշեց, որ օրենքում միավորվել են ներկայումս գործող` զինվորական ծառայություն անցնելու, զինապարտության , զինվորների ընտանիքների սոցիալական ապահովության մասին ՀՀ օրենքները:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում նշեց, որ 17 տարի փորձ է արվել խորհրդարան բերել  նախագծերը, բայց բավականին բուռն հակազդեցություն է եղել: Պատգամավորի կարծիքով` այդ հակազդեցությունը պայմանավորված է նրանով, որ ցանկություն կա կանխելու կոռուպցիոն երևույթները և բանակը դարձնել գրավիչ: «Այսինքն` երկու կարևոր խնդիր կանխել` կոռուպցիան և հաստատել արդարություն այդ ոլորտում: Ձեր կարծիքով` այս նախագծերն այդ խնդիրները լուծո՞ւմ են, թե՞ ոչ»,- հետաքրքրվեց Զոհրաբյանը:

Սարգսյանը նշեց, որ կիսում է պատգամավորի մտահոգությունները, ապա նշեց, որ այս նախագծի փիլիսոփայությունը բանակը սոցիալական վերելակի վերածելն է: «Նրանք, ովքեր ընտրում են բանակում հատուկ ծառայության տեսակներ, այդ թվում` երեք տարվա սպայական ծառայությունը, պետք է արդյունքում ստանան զգալի արտոնություններ և սոցիալական վիճակի բարելավման, սոցիալական խնդիրները լուծելու համար, դա է տրամադրությունը»,- ասաց նա:

Նախարարը չի համարում, որ օրենքի ընդունմամբ խնդիրը կարող է լուծվել, բայց իր համար չափազանց կարևոր է, որ այս դրույթներն ընդունվեն, որպեսզի հնարավոր լինի այդ նախագծերը լիարժեք կյանքի կոչել և իրականացնել:

Այնուհետև պատգամավորը հետաքրքրեց՝ արդյո՞ք արդեն կան կամավորներ, որ դիմել են «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերին:

«Մինչև դրանց իրավական ակտիվությունը` չէինք կարող ակտիվ գովազդել և հավաքագրել մարդկանց, դա կնշանակեր հանրային օֆերտա, բայց մենք անցկացրել ենք հարցումներ առաջիկայում զորակոչվողների շրջանում: Պետք է ասեմ, որ ինձ բավականին դրական արդյունք է թվում` մոտ 25 տոկոս հետաքրքրություն կար «Ես եմ» ծրագրի նկատմամբ: «Պատիվ ունեմ» ծրագրի նկատմամբ ևս մեծ հետաքրքրություն կա ուսանողների շրջանում: Ես վստահ եմ, որ երկու ծրագրերն էլ ունենալու են հաջողություններ»,- պատասխանեց Սարգսյանը: