կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-01 21:50
Հասարակություն

Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացումը չեղարկելն անխոհեմ քայլ կլինի

Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացումը չեղարկելն անխոհեմ քայլ կլինի

«Արամ Մանուկյանի արձանի բացումն այլընտրանք չունի» քաղաքացիական նախաձեռնության հրավերով բազմաթիվ մարդիկ այսօր, ի աջակցություն Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացման, հավաքվել էին Արամ Մանուկյանի արձանի մոտ, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության Հրապարակում»:

«Բազմաթիվ քաղաքացիներ անհանգստացած են արձանի տեղադրման և պաշտոնական բացման շուրջ ստեղծված ինչ-որ առումով արհեստական և ուշացած աղմուկի կապակցությամբ: Ի աջակցություն Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացման և հանուն համազգային պետականության կերտման գործում ունեցած նրա առանցքային դերի արժևորման, եկել ենք այստեղ` ոգեկոչելու, հիշատակելու Արամ Մանուկյանի գործը և իր անձի միջոցով առաջին հանրապետության հիմնադիր բոլոր այրերին արժևորելու, իբրև մեր պետականության իրական արժեք»,- ասաց նախաձեռնության անդամներից Սևակ Նազարյանը:

Նազարյանը նկատեց, որ Արամ Մանուկյանի արձանի ստեղծման և տեղադրման համար տարիներ շարունակ տարբեր շրջանակներ իրենց ձայնն են բարձրացրել, փորձել են միշտ Արամ Մանուկյանին արժևորել` նրա արձանի տեղադրման միջոցով, տան վերականգնման միջոցով, սակայն, նրա խոսքով,  միշտ դրանք մնացել են անարձագանք: «Այսօր մենք ստացել ենք, կարելի է ասել, պատմական այդ հնարավորությունը, որովհետև այն տեղի ունեցավ անկախության վերականգնումից 100 տարի անց: 100 տարի անց մենք վերջապես կարողացանք կանգնեցնել մի մարդու արձանը, ում պարտական ենք մեր հայրենիքի կերտման, մեր անկախության և պետականության գոյության համար: Սովետական միության տարիներին անհնար էր Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը, սակայն անկախությունից 28 տարի անց, նրա արձանն արդեն իրողություն է»,- շեշտեց նա:

Ըստ նրա` բոլորն իրենց սուբյեկտիվ կարծիքները պետք է մի կողմ դնեն, խոնրահվեն Արամ Մանուկյանի հիշատակի, նրա գործի առաջ. «Պետք է թույլ տալ, որպեսզի նոր սերունդը, որն այսօր քայլելու է այս փողոցներով, միշտ տեսնի Արամի արձանը և հպարտանա դրանով, որ հասկանա, որ նա կրողն է մի արժեհամակարգի` պետական բարձր գաղափարախոսության, որի առաջամարտիկներից մեկն էր Արամը»: Նա նշեց, որ Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացումն այլընտրանք չունի:

Նախաձեռնության անդամներից պատմաբան Խաչատուր Ստեփանյանն էլ նախ համառոտ ներկայացրեց Արամ Մանուկյանի պատմական կերպարը, նրա դերը մեր պատմության և պետականության կերտման գործում: «Շատ ժողովուրդներ չունեն Արամ Մանուկյանի նման ազգային հերոսներ, պետական գործիչներ և ստեղծում են մտացածին կերպարներ, որոնց շուրջ էլ ստեղծում են գաղափարախոսություն: Մենք ունենք նման հերոս, բայց նման հերոսի արձան, ցավոք սրտի, Երևանում չունեինք,ինչը մեր բացթողումն էր: 27 տարվա պատմություն  ունի մեր պետականությունը, և մինչև այսօր Արամ Մանուկյանի արձան չկա»,- ասաց նա:

Պատմաբանը միաժամանակ նշեց, որ պետք է անցյալում թողնել, թե ինչու նախորդ 27 տարվա ընթացքում չի տեղադրվել Արամ Մանուկյանի արձանը: «Այսօր մենք կանգնած ենք այն փաստի առաջ, որ տարբեր իրավական գործընթացներ անցնելուց հետո որոշվել է տեղադրել Արամի արձանը, և ասյօր, պետական որոշ պաշտոնյաններ, ինչպես նաև պետական կառավարման մարմիններ փորձում են գտնել թերացումներ արձանի պաշտոնական տեղադրման գործում: Մեր կարծիքով` արձանի տեղադրման գործընթացն անցել է  բոլոր փուլերը. մրցույթ է հայտարարվել արձանի տեղի հետ կապված, ինչպես նաև ճարտարապետական մրցույթ է հայտարարվել, ինչի արդյունքում էլ ընտրվել է այս տարբերակը»,- ասաց նա:

Նրա խոսքով` իրենք չեն քննարկում արձանի գեղագիտական կողմը: «Արձանը կա, արձանը տեղադրված է և այսուհետ արձանի տեղադրման վայրի քննարկումները, արձանի պաշտոնական բացումը չեղարկելը հարիր չէ մեզ բոլորիս: Արամ Մանուկյանը համապետական գործիչ է, և արժանի է համազգային վերաբերմունքի: Նրա արձանը պետք է անպայման պաշտոնապես բացվի, նրա արձանով պետք է մեր նոր սերունդը ոգևորվի: Կասկածի տակ չդնելով ընդդիմադիրների խոսքերը`  արձանը կարելի էր ավելի լավ տեղում դնել` հենց Հանրապետության հրապարակում, բայց դա չի նշանակում, որ այս արձանի բացումը չպետք է լինի: Արձանը պաշտոնապես կբացվի, այս պահին ինչ ունենք, այն պետք է արվի: Արձանի պաշտոնական բացման չեղարկելը այս պահին անխոհեմ քայլ կլինի: Մեր քաղաքացիական նախաձեռնությունը հետամուտ է լինելու, որ արձանի պաշտոնական բացումը անպայման տեղի ունենա»,- եզրափակեց նա:

Ճարտարապետ Համլետ Մարտիրոսյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ Արամ Մանուկյանի արձանն ապամոնտաժելը նշանակելու է ավիրել այն: «Սա ապամոնտաժել հնարավոր չէ: Սա հանել չի լինի, պետք է ավերվի միակ տարբերակը, դա է»,- ասաց նա:

Նրա կարծիքով` նորմալ է, որ մշակույթի նախարարությունը պետք է իր կարծիքը հայտնի, իր որոշումները կայացնի: «Բայց նման հայտարարությամբ հանդես գալը, ինչ-որ տրամադրության տակ ընկած վիճակում կամ քաղաքաշինության կոմիտեից հետ չընկնելու համար, դա մի քիչ, իմ կարծիքով, խելամիտ չէ»,- ասաց նա, ապա հավելեց. «Եթե մշակույթի նախարարության ներկայացուցիչը գալիս և հարցնում է` ինչո՞վ եք ներկել քարերը, նա ինֆորմացված չէ նույնիսկ, որ այս քարերը բնական են գունավոր: Դա խոսում է այն մասին, որ կարծիք են հայտնում լիարժեք ինֆորմացիա չունենալու պայմաններում»:

Նրա խոսքով` այդ հարցը հանրային քննարկման դնելու խնդիր չէ: «Մասնագիտական հանձնաժողովը պետք է նորից հիմնավորի, թե ինչու պետք է ապամոնտաժել, բոլորին համոզի, որ պետք է այստեղից ապամոնտաժել, ինչը նորից եմ կրկնում, նշանակում է` ավիրել»,- ասաց նա:

Այս ամենից հետո հարց է առաջանում` պատկան մարմիններն արդյո՞ք պատրաստ են ոչնչացնել Հայաստանի հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը: