Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
15-րդ դարին վերագրվող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին այժմ ավերված վիճակում է: Եկեղեցում, չգիտես, թե ինչու, այժմ առկա են անկողիններ, խորանն ավերվել է, գմբեթը չկա… Հայաստանում գտնվող Akunq.net-ի թղթակից և լուսանկարիչ Կարոտ Սասունյանն Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մանրամասներ ներկայացրեց, թե ինչու է եկեղեցին հայտնվել այդ վիճակում, և ինչ վիճակում են նաև տեղի հայերը:
Սասունյանը նախ իր պատմությունն արեց` ասելով, որ այդպիսով կարող ենք կարծիք կազմել, թե ինչ վիճակում են մյուս հայերը: Նա սասունցի է, ապրում է Դիարբեքիրում, իսլամացած հայի քրիստոնյա զավակ է: Ըստ Սասունյանի՝ ոչ ոք սեփական կրոնը սեփական ցանկությամբ չի փոխում: «Պապս ինձ ուղարկում էր մզկիթ, որպեսզի արաբական տառերը սովորեմ: Երբ անցնում էինք մզկիթի մոտով, ինձ ծաղրում էին՝ ասելով, թե Կարպիսի տղան պետք է դառնա իմամ, ու մենք էլ նրա առջև նամազ անենք: Ես անընդհատ հարցնում էի պապիկիս, թե ո՞վ է Կարպիսը, բայց նա այդպես էլ չէր ասում, թեև մի օր տեղի տվեց ու ասաց, որ Կարպիսն իմ պապն էր՝ ազգությամբ հայ: Չնայած ինձնից ամեն կերպ փորձում էին թաքցնել իմ արմատների՝ հայ լինելը, սակայն չէին կարողանում, քանի որ շրջապատն էր հիշեցնում այդ փաստը: Հետո ինձ մոտ հարց առաջացավ, թե ի՞նչ կապ ունենք այդ դեպքում Հուսեյնի հետ, եթե պապս Կարպիսն է. մահմեդականությունս այդտեղ ավարտվեց»,- ասաց Սասունյանը:
Նա նշեց նաև, որ, չնայած իր ամենօրյա հարցերին, թե ինչպես է հնչում հայերենով այս կամ այն բառը, մայրը միշտ չի պատասխանել, քանի որ չի ուզեցել, որպեսզի տղան վրեժի ծարավով մեծանա:
Ինչ վերաբերում է Դիարբեքիրում գտնվող հայկական հոգևոր կոթողներին, ապա, Սասունյանի հավաստմամբ, այժմ այնտեղ կանգուն եկեղեցի չի մնացել: «Դիարբեքիրում ասորական եկեղեցի կար, որը գործում էր: Այնտեղ փոքրիկ ասորական համայնք էլ կա՝ 5-6 հոգուց բաղկացած, ու քանի որ մեր` տեղի հայկական եկեղեցին փակ էր, մենք՝ այնտեղ բնակվող քրիստոնյա հայերս, երբեմն մեր ծեսերն ասորական եկեղեցում ենք կատարում»,- ասաց նա:
Սասունյանի խոսքով՝ անմխիթար վիճակում գտնվող Սուրբ Կիրակոս եկեղեցին վերանորոգման աշխատանքներից հետո 2011-ին վերաբացվել էր, բայց ոչ թե որպես եկեղեցի, այլ ուղղակի այցելելու համար հերթական մի վայր: Նշենք, որ 2012-ին 97 տարվա ընդմիջումից հետո Սուրբ Կիրակոսում կատարվել էր առաջին եկեղեցական արարողությունը:
Սասունյանի խոսքով՝ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից է: «Տարին մեկ անգամ՝ Սուրբ Զատկի օրը, մեզ թույլատրվում էր այնտեղ պատարագ մատուցել: Այն կարծես տեղի ու հարակից շրջանների հայերի հավաքատեղին լիներ»,- պատմեց լուսանկարիչը:
Սակայն հայերի ուրախությունը երկար չտևեց. 2015-ին այն թաղամասում, որտեղ գտնվում է Սուրբ Կիրակոսը, երկար ժամանակ մարտեր էին ընթանում թուրք ուժայինների ու քրդերի միջև: «Ի դեպ, այդ թաղամասին թուրքերը «գյավուրների» թաղամաս էին կոչում, իսկ այժմ այն Սուր է կոչվում: Արդեն 3 տարի է՝ չենք կարողանում մուտք գործել այդ թաղամաս: Եկեղեցին այժմ ավերվել է՝ ապակիները կոտրել են, խորանը՝ պղծել: Պետությունն այդ թաղամասում գտնվող ամեն ինչը հողին հավասարեցրեց, հայկական տները` նույնպես: Սուրբ Թեոդորոս եկեղեցին, որը նույնպես այդտեղ է գտնվում, վերածվեց մզկիթի»,- հայտնեց Սասունյանը:
Դիրաբեքիրում բնակչության ընդհանուր թիվը 2 մլն է, այնտեղ իսլամացած հայերի թիվը, ըստ Սասունյանի, հասնում է 250 000-ի, իսկ ծպտյալ հայերի թիվը 1000-ի է հասնում: Նրա խոսքով՝ տեղի բնակչության 80-85 տոկոսը քրդեր են, մնացած մասը՝ արաբներ, հայեր… «Հայերն այնտեղ որևէ իրավունք չունեն. եթե քրդերը համարվում են «դուշման», ապա հայերը՝ «դուշմանի դուշման»: Ուստի՝ մենք չենք կարող որևէ պահանջ ներկայացնել՝ վերակառուցել եկեղեցին: Եթե ժամանակին, օրինակ, Սուրբ Կիրակոս եկեղեցում մենք Զատիկ էինք նշում և մի անգամ նույնսիկ 1200 հատ հավկիթ էինք տարել, որը դեռ քչություն արեց, քանի որ բազում հայեր էին եկել եկեղեցի, ապա հիմա վախից բոլորն իրենց տներն են քաշվել»,- ասաց Սասունյանը:
Հիշեցնենք, որ 2011-ին վերակառուցվել էր Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու զանգակատունը, որը վնասվել էր 1915-ին` ռմբակոծությունից: Եկեղեցու գմբեթն ամենաբարձրն էր քաղաքում, և մզկիթների մինարեթներից բարձր չլինելու համար մահմեդականներն ավերել էին այն: Թեև Սուրբ Կիրակոս եկեղեցին մինչեւ 1980թ. գործել է, սակայն նրա զանգերը միայն 2012 թվականի նոյեմբերի 4-ին են կրկին ղողանջել` 97 տարի անց: