Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանը, հարցով դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նշեց, որ թե' նոր կառավարության ծրագրում, թե' իր բոլոր ելույթներում վարչապետը առաջնահերթ է համարել արտահերթ ընտրությունների նախապատրաստմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների կատարումը: Կյուրեղյանի խոսքով՝ Փաշինյանը նշել է, որ սա նպատակ ունի հանրության մեջ վստահությունը բարձրացնելու, որ այլևս ընտրությունները չեն կեղծվելու, որ այլևս ընտրություններն արտահայտելու են ժողովրդի կարծիքը, և դրանց վրա որևէ գործոն, այդ թվում՝ ամենակարևորը՝ ընտրակաշառքի գործոնը չի ազդելու: «Չե՞ք կարծում, որ բարեգործության մասին օրենքում անհրաժեշտ են որոշակի փոփոխություններ, քանզի այսօր և, ընդհանրապես, բարեգործության անվան տակ ընտրակաշառք բաժանելու գործընթացը միշտ տեղի է ունեցել: Այսօր էլ շարունակում են տարբեր բարեգործական ցուցակներում մարդկանց ընդգրկել, նրանց ծրարներով գումար բաժանել. արդեն սկսել են ընտրակաշառքի բաժանման գործընթացը»,- ասաց Կյուրեղյանը:
Նա նշեց նաև, որ Փաշինյանի բոլոր ելույթներում հնչեցված բոլոր ուղերձները տեղ են գտել կառավարության ծրագրում, բացի մեկ ուղերձից, այն է՝ նպաստավոր պայմաններ ապահովել, որպեսզի կանայք ավելի շատ ընդգրկում ունենան պետական կառավարման համակարգում, քաղաքական և հանրային գործունեության մեջ: «Ցավոք, այսօր մեզ ներկայացված ծրագրում այդ ուղերձի արտացոլումը չտեսա: Ի՞նչ կարելի է ենթադրել՝ Դուք այլևս չե՞ք կարևորում կանանց ներգրավվածությունը, թե՞ ուղղակի բացթողում է»,- հարցրեց պատգամավորը:
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ եթե անկեղծ ասի, իրենք մի քիչ ամաչում են, որ կառավարության կազմում չեն կարողացել ավելի մեծ թվով կանանց ներգրավել: «Այն, ինչ ասվել է, չափազանց կարևոր է, և իմ՝ որպես վարչապետի թեկնածու, հնչեցրած որևէ դրույթ, անկախ նրանից՝ ընդգրկված է կառավարության ծրագրում, թե` ոչ, չի կարող իր կարգավիճակը փոխել: Ցավում եմ, որ մենք չենք կարողացել շատ արագ շատ մեծ և էական փոփոխություններ անել այդ հավասարակշռության մեջ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բարեգործության մասին օրենքում փոփոխություններ կատարելուն, ապա, վարչապետի խոսքով, աշխատանքային խումբ պետք է ձևավորվի, և բոլոր գաղափարները քննարկվեն: «Բոլոր գաղափարները պետք է մանրամասն քննարկվեն՝ հստակեցնելու համար` ինչ ասելով ինչ նկատի ունենք, որպեսզի թացը չորին չխառնենք»,- ասաց նա:
Կյուրեղյանը, ի հավելումն, նշեց, թե խոսքն այն չէ՝ Փաշինյանն ու այսօրվա կառավարությունը կարևորում են կանանց դերը, թե` ոչ, այլ այն, որ մենք ունենանք ամրագրում օրենսդրության մեջ, որ կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման մեջ այլևս անհրաժեշտություն է:
Փաշինյանն արձագանքեց՝ ասելով, որ, իհարկե, դա շատ կարևոր է, քանի որ Հայաստանում տեղի ունեցած վերջին քաղաքական գործընթացի առանցքային կարևորությունն այն էր, որ կանանց հսկայական ներգրավվածություն տեսանք այդտեղ: «Սա նույնպես այն կարևոր գործոններից մեկն էր, որը մեզ հնարավորություն տվեց խուսափելու բախումներից, սրացումներից և այլ զարգացումներից: Կարծում եմ՝ դա ժողովրդական հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, և դրանք պետք է արտահայտվեն մեր հետագա քաղաքական կյանքում: Այն, որ մենք ունենք այդ ցանկությունը, միանշանակ է, և մենք պետք է ապահովենք, որ կանանց այդ ակտիվությւոնը շարունակվի մնալ որպես կարևոր գործոն: Այս ամենը ցույց տվեց, որ կանանց ակտիվությունը որևէ կերպ չի հակասում ընտանիքի մասին մեր ունեցած պատկերացումներին և ընտանիքի մասին մեր ունեցած լավագույն ավանդույթներին»: