Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Անթիլիասի Ս․ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճառում Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա վեհափառ Հայրապետի գլխավորությամբ մատուցվել է սուրբ և անմահ պատարագ՝ նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին։
Արարողությանը ներկա են գտնվել Գերշ. Տ. Եփրեմ Արք. Թապագյանը, մեծ թվով հավատացյալներ, պատգամավորներ, Ազգային Կենտրոնական վարչոթւյան և ազգային կառույցների անդամներ։
Պատարագի ընթացքում Արամ Վեհափառի նախագահությամբ տեղի է ունեցել Հանրապետական Մաղթանք և եռագույն դրոշի օրհնություն։ Հայկական դրոշը միաբան հայերի կողմից բարձրացվել է Ս․Խորանին առջև և ապա կատարվել է օրհնության կարգը։ Վեհափատը մաղթել է, որ հայկական դրոշը միշտ կծածանվի հայության գլխի վերևում՝ որպես խորհրդանշան ամբողջական հայության և ամբողջական Հայաստանի։
Դրոշի օրհնությունից հետո տեղի է ունեցել հոգեհանգիստ՝ Հայաստանի Առաջին Հանրապետության, ինչպես նաև անցնող հարյուրամյակի ընթացքում Հայաստանի անկախության համար իրենց Հայաստանում, Արցախում և նաև Սփյուռքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հոգիների համար։
Արարողության ավարտին Նորին Սրբությունն իր հայրապետական պատգամն է հղել հայ ժողովրդին։
«Հայ եկեղեցին ա՛յս յանձնառութեամբ բոլոր ժամանակներու Ղեւոնդ Երէցներու ու Խրիմեան Հայրիկներու օրինակով գործած է, նոյնիսկ իր արիւնը թափած «վասն ազատութեան ազգիս հայոց»։ Նոյն ոգիով հայ եկեղեցին մասնակից դարձաւ, հայ զինուորի կողքին, 1918-ին Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ղարաքիլիսէի ճակատամարտերուն եւ իր կարեւոր դերը ունեցաւ Հայաստանի անկախութեան վերակերտման մէջ»,-նշել է Հայրապետը։
Անդրադառնալով Առաջին Հանրապետության ժամանակ Հայաստանի դիմագրաված դժվարություններին՝ Արամ Ա-ն հավելել է․ «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը եղաւ ամուր պահապանը ու անվեհեր քարոզիչը եռագոյնի խորհուրդին ու պատգամին։ Այս ոգիով ու տեսլականով սերունդներ կազմաւորուեցան մեր Դպրեվանքէն ներս ու դարձան քաջ վկաները ազատ ու անկախ Հայաստանին՝ ամբողջական Հայաստանին ամբողջական հայութեամբ։ Նո՛յն ոգիով մեր Ս. Աթոռը 1991-ին Հայաստանի վերանկախացումը ջերմօրէն ողջունեց՝ իր ամբողջական զօրակցութիւնը յայտնելով Հայաստանի անկախութեան ամրացման ու պետութեան կազմակերպման համազգային առաքելութեան»։
Անդրադառնալով նաև Հայաստանի անկախության 100-ամյակի այժմյան պատգամին՝ Հայրապետը թվել է հիմանակ երեք կետեր։
Նորին Սրբությունն առաջին հերթին նշել է, որ անկախությունը արյունով է կերտվում, բայց պահվում՝ քրտինքով, հավատքով և հստակ տեսլականով։
Նրա խոսքով՝ հակառակ բոլոր մարտահրավերներին՝ հարկ է կառչած մնալ հայրենի հողին, ապրացնել Հայաստանի պետության հիմքերը, զարկ տալ Հայաստանի տնտեսությանն ու ծավալել միջազգային հարաբերություններ, որոնք կարող են նպաստել պետության հզորացման ու ազգային պահանջատիրությանը։
Խոսելով Սփյուռքի կարողականությունն ու կարելիությունները ճիշդ ձևով օգտագործելու մասին՝ Վեհափառն ընդգծել է, որ Սփյուռքը հսկա ներուժ ունի իր ազգային, քաղաքական, մշակութային ու հոգևոր հարուստ փորձառությամբ և տարբեր բնագավառներում՝ իր մեծ թվով մասնագետների և փորձագետների շնորհիվ։
«Սփիւռքը կը շարունակէ մնալ Հայաստանի անկախութեան ու հայ ժողովուրդի բռնաբարուած իրաւունքներուն զօրեղ պաշտպանը։ Սակայն այս բոլորը ի զուր կը մնան, եթէ Սփիւռքը չկարենայ իր ներուժը ճիշդ ու ամբողջական կերպով արդիւնաւորել ի նպաստ Հայաստանի Հանրապետութեան ու ազգային շահերուն։ Սփիւռքը հարկ է իր ներուժը համախմբէ համասփիւռքեան ու համահայկական տոկուն հարթակի վրայ, ամուր առանցքի ու յստակ օրակարգի շուրջ. ան յիշեցուց, որ Սփիւռքի ներուժը սոսկ բարեսիրական ոլորտին մէջ չէ, այլ Հայաստանի ու մանաւանդ համահայկական խնդիրներու ոլորտներուն մէջ»,-նշել է Նորին Սրբությունը։
Խոսքի վերջում վեհափառը նշել է, որ հզոր Հայաստանի տեսալականը պետք է վերածվի ազգային գաղափարախոսության, մարտավարության և ռազմավարության։
«Խորապէս կը հաւատանք, որ Հայաստանը աւելի՛ կը ծաղկի ու կը հզօրանայ իր Արցախով, եւ Սփիւռքը աւելի՛ կը կազմակերպուի երբ համախմբուինք մեր տագնապները, մարտահրաւէրները ու պահանջատիրութիւնը ներառող համազգային օրակարգի մը շուրջ՝ դերերու յստակեցումով ու աշխատանքի բաժանումով լծուելով հաւաքական աշխատանքի։ Ահա՛ պատգամը Հայաստանի Հանրապետութեան 100-ամեակին»,-իր պատգամի խոսքը եզրափակել է Վեհափառը։
Պատարագի ավարտին տեղի է ունեցել Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության՝ Հ․Մ․Ը․Մ․-ի սկաուտական քայլերթը։