Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ գործունեությունը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՊԳԿ-ի փորձագետներ, նախարարության այլ պատասխանատուներ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է ՊԳԿ-ի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը՝ վստահություն հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համագործակցությունը կշարունակի ընդլայնվել և խորանալ:
«Գյուղատնտեսությունը երկարաժամկետ խնդիրներ է լուծում, և մենք գիտակցում ենք, որ որոշակի շեշտադրումների փոփոխություն պետք է լինի: Մասնավորապես, եթե հաշվի առնենք, որ որոշ ոլորտերում արտադրանքի էական մասը՝ մինչև 90-95%-ը, ստացվում է փոքր տնային տնտեսություններից, տրամաբանական է, որ նրանց նույնպես անհրաժեշտ է քաղաքականության մեջ ներգրավել: Բացի այդ, փոքր տնտեսություններին պետք է ընդգրկել նաև կոոպերացիայի մեջ: Արդյունավետ կոոպերացիան մեզ համար շատ կարևոր է ինչպես շահերի պաշտպանության, այնպես էլ գյուղատնտեսական արժեշղթան ամբողջականացնելու տեսանկյունից։», - նշել է նախարարը:
Հայաստանում ՄԱԿ-ի ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանն իր խոսքի սկզբում շնորհավորել է Արթուր Խաչատրյանին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։
Գայանե Նասոյանն այնուհետև ներկայացրել է 2016-2020 թվականների ՊԳԿ-ի առաջնահերթությունների ծրագրային շրջանակը, հատուկ անդրադարձ է կատարվել Հայաստանում խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանմանը, ձկնաբուծության ոլորտում ջրային ռեսուրսների այլընտրանքային օգտագործմանը, խաղողի ֆիլոքսերադիմացկուն և հավաստագրված տնկանյութի հավաստագրմանը, կաթնամթերքի մատակարարման և վերամշակման գործընթացների բարելավմանն ուղղված ծրագրերին:
Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի ղեկավար Վահան Ամիրխանյանն իր հերթին ներկայացրել է այդ ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն ու հետազոտությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ծրագրերի արդյունավետության բարձրացման և հետագա համագործակցության ուղղությունների շուրջ: Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին