կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-14 11:28
Իրավական

Հայտարարություն ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ

Հայտարարություն ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ

93 փաստաբան և 18 ՀԿ հայտարարություն է տարածել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ:

«26.04.2018թ․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր թեկնածու: Այդ առաջադրման կապակցությամբ մտահոգությամբ հանդես էին եկել ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ, ինչը և դիմումի տեսքով ներկայացվել էր Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին:

04.05.2018թ. Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուն չընտրվեց Ազգային ժողովի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ չէին պահպանվել մի շարք ընթացակարգային և թեկնածուին առաջադրվող պահանջներ:

Անհրաժեշտ է ի սկզբանե թոթափել այն թյուր կարծիքը, որ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տասնօրյա ժամկետում Հանրապետության նախագահը պարտավոր է առաջադրել նոր թեկնածու։ Սահմանադրությամբ Հանրապետության նախագահին վերապահված՝ նոր թեկնածու առաջադրելու ժամկետային սահմանափակման նպատակը չի կարող գերակշռել Սահմանադրությամբ սահմանված Սահմանադրության պահպանության շահի նկատմամբ: Բացի դրանից, Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի կարգավորման առարկան չի ընդգրկում Հանրապետության նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կարգավորումը: Ուստի Հանրապետության նախագահը չի կարող գերապատվություն տալ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ԱԺ աշխատանքի կազմակերպման տեխնիկական պահանջներով՝ ի վնաս իր սահմանադրական հիմնական խնդրի լուծման:

Վերոնշյալը ոչ միայն անհրաժեշտ, այլև միակ հնարավոր ձևաչափն է, որն ի զորու է երաշխավորելու իրավաբանական համայնքում բարձր որակավորում և հեղինակություն  ունեցող մասնագետներից հավասար և արդար մրցակցության արդյունքում թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով թեկնածուի ընտրությունը: Դժվար է պատկերացնել մասնագիտական որակների և անձնական հատկանիշների բարձր ստանդարտների համապատասխանող որևէ մասնագետի, որը պատրաստակամություն կդրսևորի ստանձնելու նման բարձր պաշտոն ստվերային պայմանավորվածությունների արդյունքում։ Էլ ավելի դժվար է պատկերացնել, որ այդպիսի ճանապարհով ընտրված դատավորը երբևէ կունենա անկախ ու անկողմնակալ գործելու կարողություն:

Դատարանների ձևավորման և դատավորների ընտրության մրցութային ընթացակարգերը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքում և պրակտիկայում ընդունված ստանդարտներ են, որոնք կոչված են ապահովելու ինչպես մասնագիտական և անձնական  բարձր որակներ ունեցող թեկնածուների ընտրությունը, այնպես էլ նրանց անկախությունն ու համապատասխան դատարանների հեղինակությունը:

Նկատի ունենալով վերոգրյալը և նպատակ ունենալով ապահովելու Սահմանադրությամբ սահմանված իրավունքներն ու սկզբունքները՝ Հանրապետության նախագահն իր լիազորությունների շրջանակներում կարող է և պետք է ձևավորի մրցութային հանձնաժողով, որը չպետք է օժտված լինի պետաիրավական լիազորություններով և, հանդիսանալով խորհրդակցական մարմին, իրականացնի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային մրցույթ և Հանրապետության նախագահին ներկայացնի խորհրդատվական կարծիք մրցույթին մասնակցած հավակնորդների վերաբերյալ, որոնցից և Հանրապետության նախագահն Ազգային ժողովի ընտրությանը կառաջադրի իր ընտրությամբ լավագույն թեկնածուին, իսկ Ազգային ժողովն, իրեն վերապահված լիազորության շրջանակներում, հիմք ընդունելով խորհրդատվական մարմնի եզրակացությունը և Հանրապետության նախագահի առաջադրումը, քննարկման և քվեարկության արդյունքում կընտրի Սահմանադրական դատարանի դատավոր:

Կարևոր է նկատի ունենալ, որ միայն վերը նշված չափանիշներին և սկզբունքներին համապատասխանող ընթացակարգով թեկնածուի ընտրությունն ու առաջադրումը կապահովի Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության սահմանադրաիրավական բովանդակությունը՝ Ազգային ժողովին տրամադրելով առաջադրված թեկնածուին Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու հարցում բոլոր անհրաժեշտ և բավարար հիմքերը: Նշվածը պարտադիր նախապայման է ինչպես իշխանությունների հավասարակշռման և փոխադարձ զսպման սահմանադրական սկզբունքի, այնպես էլ Ազգային ժողովին վերապահված՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության լիազորության բովանդակության ապահովման տեսանկյունից:

Վերոնշյալ հանձնաժողովը պետք է համալրված լինի հեղինակավոր իրավաբաններով, վայելի հանրային վստահություն և համապատասխանի անկախության և անկողմնակալության չափանիշներին: Խորհրդատվական հանձնաժողովի հնարավոր կազմը կարող է բաղկացած լինել հանրային բարձր հեղինակություն վայելող իրավաբաններից՝ ընտրված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից, որոնց առաջադրումը ևս կարող է իրականացվել իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչների (Կառավարություն, Բարձրագույն Դատական Խորհուրդ և այլն) կողմից։:

Խորհրդատվական հանձնաժողովը հավակնորդների մրցույթի արդյունքում պետք է խորհրդատվական կարծիք ներկայացնի թեկնածուների վերաբերյալ՝ հիմք ընդունելով նման ընտրությունների նկատմամբ կիրառելի պահանջները եւ ընթացակարգերը:

Լիահույս ենք, որ Հանրապետության նախագահը, հիմք ընդունելով վերոգրյալը և առաջնորդվելով Սահմանադրական դատարանի բարձր հեղինակության ապահովման անհրաժեշտությամբ, կանսա քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ մասնագիտական համայնքի ներքորստորագրյալ ներկայացուցիչներիս պահանջին և ձեռնամուխ կլինի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային ընթացակարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության և առաջադրման գործընթացին՝ հիմնված բարձր հեղինակություն վայելող հանձնաժողովի խորհրդատվության վրա»:

Սույն հայտարարությունը մնում է բաց միանալու համար: