Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ:
ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ տեսլական ունի Փաշինյանը Ղարաբաղյան հարցի հետ կապված: «Եթե գտնվելու է շարունակական համատեքստում մոտեցումը, այդ պարագայում, Ձեր կարծիքով, որքան ժամանակ կպահանջվի, որ այդ գործընթացի մեջ մտնեք՝ իր բոլոր նրբություններով, բանակցային էլեմենտներով հանդերձ: Բացի այդ՝ մեթոդաբանական հատվածը՝ ամեն ինչի մեջ ներառվելու, ներգրավվելու և լիարժեք տեղյակ լինելու, ինչ մեթոդաբանություն եք պատկերացնում, այսինքն՝ ինչպե՞ս են այդտեղ կապերն աշխատելու: Իսկ եթե որևէ փոփոխություն նախատեսվում է, ինչի՞ մասին է խոսք գնալու, եթե, իհարկե, կա նման մոտեցում»,- հարցրեց նա:
Ի պատասխան Փաշինյանը նշեց, որ Ղարաբաղի հարցը կարևորագույն հարցերից մեկն է: Նրա խոսքով՝ հարցի լուծման շարունակականության մասին խոսելով՝ պետք է ընդգծի՝ հարցի քննարկումն ու կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Անհրաժեշտ է հարցին տիրապետել բավականին կարճ ժամկետում: Ինչ վերաբերում է մեթոդաբանությանը, ապա այն պետք է լինի ինստիտուցիոնալ. Հայաստանում կան համապատասխան ինստիտուտներ, որոնք պետք է հոգ տանեն, որպեսզի վարչապետ ընտրվելու դեպքում տիրապետեմ համապատասխան ինֆորմացիային: Իսկ աշխատանքի մեթոդաբանությունը նորից ինստիտուցիոնալ պետք է լինի, քանի որ մենք միշտ խոսել ենք այն մասին, որ անձերի ճաշակները և անձնական կարծիքները չէ, որ պետք է որոշեն պետական քաղաքականությունն այս կամ այն ոլորտում: Իհարկե, անձերն իրենց դերակատարումն ունեն, բայց այդ դերակատարումը պետք է լինի հավասարակշռված»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց նաև, որ Հայաստանում սրա հետ կապված կարծիքների շատ մեծ ամպլիտուդա չկա, քանի որ հռետորաբանությունը, որն օգտագործվում է Ադրբեջանի ներկայիս իշխանության կողմից, մթնոլորտ չի ստեղծում իրական կարգավորման համար: «Խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է խաղաղության մթնոլորտ: Կարծում եմ՝ ՀՀ յուրաքանչյուր ներկայացուցչի համար որոշակի պրոբլեմատիկ է բանակցել մի երկրի հետ, որը ժամանակ առ ժամանակ սպառնում է Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել, և վերջին ամենամեծ «գլուխգործոցը» Երևանի նկատմամբ նկրտումներն են: Պետք է արձանագրեմ, որ և' ԵԱՀԿ նախագահները, և' միջազգային հանրությունը պետք է արձանագրեն, որ ռեալ չէ նման պայմաններում խոսել կարգավորման մասին: Ագրեսիվ քաղաքականության մթնոլորտում հնարավոր չէ խաղաղության հասնել»,- ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ վերջին գործընթացները պետք է լրջորեն ամրացնեն Հայաստանի դիրքերը Ղարաբաղյան հիմնահարցում: «Ազգային զարթոնքը և այն ազգային համախմբումը, որ ունենք, բանակցային գործընթացում պետք է ուժեղացնեն Հայաստանի դիրքերը: Սա պետք է նպաստի ԶՈՒ-ի մարտունակության և ազգային ոգու բարձրացմանը, ինչն ամենևին էլ երկրորդական դերակատարում չունի այդ գործում»,- ասաց Փաշինյանը: