կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-11 11:25
Քաղաքական

ԱԺ-ն քննարկում է լսումներ հրավիրելու մասին հարցը

ԱԺ-ն քննարկում է լսումներ հրավիրելու մասին հարցը

ԱԺ-ն քննարկում է Գալուստ Սահակյանի, Ֆելիքս Ցոլակյանի, Հակոբ Բեգլարյանի, Կարինե Աճեմյանի, Ալիկ Սարգսյանի, Մուրադ Մուրադյանի և Ռուզաննա Մուրադյանի կողմից ներկայացված` «ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:

Նախագծով առաջարկվում է` լսումներ հրավիրող` Ազգային ժողովի նախագահը, հանձնաժողովը կամ խմբակցությունը կարող են նախապատրաստել իրենց հրավիրած լսումների թեմայի վերաբերյալ ներկայացված գրավոր ելույթներ, առաջարկներ, եզրակացություններ, տեղեկանքներ, ինչպես նաև լսումների արդյունքներն ամփոփող այլ նյութեր, որոնք կարող են հրապարակվել հանձնաժողովի կամ խմբակցության առաջարկությամբ` Ազգային ժողովի նախագահին իրազեկելով:

Հիմնական զեկուցող Կարինե Աճեմյանը նշեց, որ նպատակ չեն ունեցել ավելացնել ԱԺ նախագահի լիազորությունները:

Նշենք, որ հանձնաժողովում քննարկվել էր լսումների արդյունքները ինտերնետային կայքում տեղադրելու մասին հարցը: ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ պայմանավորվել են, որ փոփոխություն կատարվի նախագծի այն կետում, որը վերաբերում է լրագրողների իրավունքներին, բայց չկան դրանք:

Աճեմյանն արձագանքեց, որ հստակ նշված է 89 հոդվածով, որ նրանց առաջարկն ընդունվել է: «Լսումների հրավիրման մասին` հանձնաժողովի, ինչպես նաև խմբակցության որոշումն ուղարկվում է Ազգային ժողովի նախագահին: Լսումների հրավիրման մասին որոշումը տեղադրվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, իսկ լսումների վերաբերյալ տեղեկատվությունը դրանց անցկացման օրվանից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տրամադրվում է զանգվածային լրատվության միջոցներին»,- ասաց նա և նշեց, որ, հավանաբար, Մարուքյանի մոտ նախագծի հին տարբերակն է:

ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանն էլ ասաց, որ ճիշտ կլիներ խորհրդարանական լսումները կարգավորել կանոնակարգով: «Կանոնակարգով կա այսպիսի մի դրույթ` լսումների արդյունքում կազմված արձանագրությունը հաստատվում է լսումները հրավիրած հանձնաժողովի որոշմամբ և տեղադրվում ԱԺ պաշտոնական ինտերնետային կայքովԼ Ե'վ լսումների հրավիրման, և' դրանց ընթացակարգերը սահմանվում են աշխատակարգով»,- ասաց նա և ավելացրեց, որ լսումների արդյունքների ամփոփումն ու դրանց հրապարակումն ավելի ճիշտ կլիներ հենց կանոնակարգ օրենքով նախատեսել:

Աճեմյանը նշեց, որ իրենց նախագծի նպատակը եղել է հակասությունները վերացնելը, աշխատակարգով սահմանվածը չպետք է հակասի կանոնակարգին: Նա նաև ասաց, որ կքննարկեն առաջարկները, որպեսզի հակասությունները վերացվեն:

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը առաջարկություն արեց ԱԺ նախագահության անունից: Առաջարկությունը հետևյալն էր` լսումների հրավիրման սուբյեկտային կազմի մեջ ներառել նաև ԱԺ նախագահի տեղակալներին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱԺ փոխնախագահները ևս ԱԺ մարմինների շարքում ինքնուրույն թվարկված են:

Աճեմյանն ասաց, որ հանձնաժողովում նման առաջարկություն չի քննարկվել, բայց կարող են քննարկել, ինքը որևէ առարկություն չունի, սակայն պետք է քննարկվի մյուս հեղինակների հետ:

Հովհաննիսյանը նշեց` քանի որ խոսքը աշխատակարգ հաստատելու մասին է, ապա երկրորդ ընթերցում չի կարող լինել, պետք է եզրափակիչ ելույթին որոշում լինի, և եթե ընդունվի ԱԺ նախագահության առաջարկը, ապա քվեարկության կդրվի այն:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ ընդգծեց, որ իրենք միշտ դիտողություններ են նման դեպքերում անում կառավարությանը, բայց սա պատգամավորների կողմից ներկայացված նախագիծ է, և չգիտի` դիտմա՞մբ են տեղակալները դուրս մնացել լսումներ հրավիրողների ցուցակից, թե՞ ոչ:

«Մեկ նստաշրջանի ընթացքում խմբակցությունը մեկ անգամ կարող է լսում հրավիրել, այն դեպքում, եթե շատ նախագծեր է ներկայացրել, և գուցե կարիք կա հրատապ լսում հրավիրելուն: Չի կարելի նսեմացնել ԱԺ նախագահի տեղակալների ինստիտուտը, պարիտետը պետք է պահվի»,- ասաց նա:

ԱԺ նախագահության անունից արված առաջարկն ընդունվեց, և հիմնական զեկուցողն առաջարկեց` հարցն այդ ձևով դրվի քվեարկության: