կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-22 23:25
Հասարակություն

Մի՛ օգտագործեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ. ՀՀ ԱՆ

Մի՛  օգտագործեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ. ՀՀ ԱՆ
Դարձյալ բոտուլիզմի դեպքեր են արձանագրվել. տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքը: 
 
Փետրվարի 20-ին Լոռու մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 4 տուժածով, որից մեկը մահվան ելքով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:
 
Լոռու մարզի Վանաձոր քաղաքի  բնակիչները փետրվարի 18-ին օգտագործել են  տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածո: Փետրվարի 19-ին հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, փսխում, երկտեսություն, կլլման ակտի խանգարում: Փետրվարի 20-ին բոլոր չորս հիվանդները շտապ օգնության մեքենայով տեղափոխվել են «Վանաձոր» բժշակական կենտրոն, որտեղ անմիջապես ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Փետրվարի 21-ին հիվանդներից մեկը (92 տարեկան) մահացել է¸ իսկ երկուսը (70 և 54 տարեկան) տեղափոխվել են Երևան՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և «Էրեբունի» բժշակական կենտրոն: «Էրեբունի» բժշակական կենտրոն հոսպիտալացված հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն հոսպիտալացված հիվանդինը` միջին ծանրության: «Վանաձորի» բժշակական կենտրոն հոսպիտալացված հիվանդի առողջական վիճակը գնահատվում է բավարար: 
 
Փետրվարի 22-ին բոտուլիզմի մեկ դեպք` մեկ տուժածով արձանագրվել է Կոտայքի մարզում: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված թթու ծիծակի պահածոյի օգտագործումն է:
 
Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչները ընտանիքի չորս անդամներով փետրվարի 21-ին սննդում օգտագործել են  տնային պայմաններում պատրաստված թթու ծիծակի  պահածո: Փետրվարի 22-ին մեկի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, փսխում, երկտեսություն: Հիվանդն անմիջապես հոսպիտալացվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ ստացել է հակաբոտուլինային շիճուկ, բուժումը շարունակվում է: 
       
 
ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնո՛ւմ է.  
• Մի՛  օգտագործեք սննդում տնային պայմաններում պատրաստված պահածոներ:
• Պահածոյացված սննդամթերքը նախքան ուտելը տեղափոխեք այլ կաթսայի մեջ և եռացրեք 20-25 րոպե: 
• Առաջին իսկ ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմեք բժշկի:
 

 

Նշենք նաեւ, որ եթե անցած ողջ տարվա ընթացքում թունավորման 37 դեպք է գրանցվել, ապա այս տարվա միայն երկու ամիսների ընթացքում արդեն 28 դեպք է արձանագրվել: