կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-08 14:35
Առանց Կատեգորիա

Ջուր մի՛ ծեծեք, պարոնա՛յք, շանսն օգտագործեք

Ջուր մի՛ ծեծեք, պարոնա՛յք, շանսն օգտագործեք
Հայաստանում իշխանությունը բնականոն, այսինքն` ընտրությունների միջոցով փոխվել է միայն մեկ անգամ` 1990թ., երբ Գերագույն խորհրդի ընտրությունների արդյունքում իշխանությունը Կոմունիստական կուսակցությունից սահուն անցավ ՀՀՇ-ին: 1998թ. իշխանափոխությունը տեղի է ունեցել հեղաշրջման հետևանքով: 1999թ. խորհրդարանական ընտրություններն ընդամենը այդ փոփոխությունը վավերացնող լեգիտիմ պրոցես դարձան: Այլ կեպ ասած` բացառությամբ մեկ դեպքի, Հայաստանում մշտապես տեղի է ունեցել իշխանության վերարտադրում և փոխանցում:
 
Նման համակարգն արմատավորվել է առաջին նախագահի օրոք, ինստիտուցիոնալ բնույթ ստացել երկրորդի օրոք և կատարելության հասել երրորդի ժամանակաշրջանում: ՀՀԿ-ն, որին նախկին նախագահը հիմա մեղադրում է մենիշխանություն հաստատելու մեջ, իշխանության է 2000-ից առ այսօր և խորհրդարանում միշտ ունեցել է բացարձակ մեծամասնություն: Այդ 15 տարիներից 9-ն անցել են Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ներքո: Եվ հիմա որքանո՞վ է լուրջ խոսել այն մասին, որ ՀՀԿ-ի մենիշխանությունը հաստատվելու է խորհրդարանական համակարգի անցնելու կամ այն մոդելի միջոցով, որն առաջարկվում է նոր Սահմանադրության նախագծով:
 
Սահմանադրության այս փոփոխությունները` կառավարման համակարգի մասով, լուծում են երկու խնդիր` անցումը խորհրդարանական կառավարման համակարգի և իշխանության անփոփոխելիության ապահովման հիմնական լծակներից մեկը հանդիսացող` մեծամասնական ընտրակարգի տարրալուծումը համամասնական ընտրակարգում: Մնացածը, ինչպիսի մտավարժանքներով էլ մարդիկ զբաղվեն, կապված է բացառապես ընտրական համակարգի հետ:
 
Եթե չի գործելու ներկայիս խայտառակ ընտրական համակարգը, իշխանությունը փոխվելու է: Կշարունակի գործել` նշանակում է միշտ պետք է սպասել, որ այն կարող է նաև չփոխվել` անկախ նրանից` երկրում կառավարման նախագահակա՞ն համակարգ է, կիսանախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական: Շան գլուխը թաքնված է այստեղ, և անհեթեթություն ու ինքնախաբեություն է, հիմնահարցի բուն, իրական աղբյուրը թողած, արհեստական աղբյուրներ հորինել:
 
Ընտրությունը պարզ է: Եթե ցանկանում եք ունենալ իշխանության բնականոն փոփոխության գործող համակարգ, ուրեմն պետք է ստիպել իշխանություններին փոխել ընտրական համակարգը, ստեղծել անկախ ընտրական հանձնաժողովների ձևավորման, քվեարկության ու դրա արդյունքների ամփոփման գործընթացի թափանցիկության, վերահսկողության գործուն մեխանիզմներ: Այդ հնարավորությունը կա: Հանրաքվեով սահմանադրական փոփոխությունների ընդունվելուց հետո պետք է ընդունվի նոր Ընտրական օրենսգիրք: Ուզի իշխանությունը, թե` ոչ, դա արվելու է:
 
Քանի որ Ընտրական օրենսգիրքը Հիմնական օրենքով (ընդունվելու դեպքում) ձեռք է բերելու սահմանադրական օրենքի կարգավիճակ, այն ԱԺ-ի կողմից պետք է ընդունվի միմիայն պատգամավորների 3/5-ի ձայներով: Իսկ խորհրդարանում ուժերի ներկայիս հարաբերակցության պայմաններում շատ դժվար է լինելու անցկացնել միայն ՀՀԿ-ի հագով կարված օրենսգիրք: Այսինքն` ՀՀԿ-ն ձգտելու է լեզու գտնել խորհրդարանական փոքրամասնության հետ: Հետևաբար, իրավիճակ փոխելու համար ջուր ծեծելու փոխարեն պետք է օգտվել այդ հնարավորությունից, որպեսզի հետո որևէ մեկին մեղադրելու, քավության նոխազ գտնելու խնդիր չառաջանա: Իսկ դրա համար շատ բան պետք չէ` պատասխանատվություն վերցնելու քաջություն և բավարար սկզբունքայնություն: Կարո՞ղ եք...
 
Գևորգ Աղաբաբյան