կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-26 12:15
Մշակույթ

Նոր նշանակում՝ Մատենադարանում

Նոր նշանակում՝ Մատենադարանում

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը հրաման է ստորագրել բանասիրական գիտությունների դոկտոր Արամ Թոփչյանին Հայ միջնադարյան գրականության ուսումնասիրության բաժնի վարիչ նշանակելու մասին:

Արամ Թոփչյան` բանասեր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր:
Ծնվել է 1962 թ. սեպտեմբերի 13–ին Երևանում։ 1969–1979 թթ. հաճախել է թիվ 172 անգլիական թեքումով միջնակարգ դպրոցը։ 1979–1983 թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։ 1983–1990 թթ. աշխատել է միջնակարգ դպրոցներում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ 1988 թ. ի վեր աշխատում է Մաշտոցի անվան Մատենադարանում (2001 թ. հուլիսից՝ որպես ավագ գիտաշխատող)։
2001 թ. մայիսին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» թեմայով։ 2001 թ. նոյեմբերից «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերության» (AIEA - "Association Internationale des Études Arméniennes") անդամ է։ 2014 թ. հունիսին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»-ն արևմտյան գրականագիտության մեջ» թեմայով։
Մասնակցել է միջազգային բազմաթիվ գիտական ծրագրերի՝ համագործակցելով օտարերկրյա մի շարք ակադեմիական և ուսումնական հաստատությունների հետ. 1996–1997 թթ.` Մայնի Ֆրանկֆուրտի Մաքս Պլանկի անվան ինստիտուտի, 1999–2002, 2005–2007, 2017–2018 թթ.` Երուսաղեմի Եբրայական համալսարանի (որտեղ նաև 2004 թ. մարտ-հունիս ամիսներին «Հայ պատմագրությունը 5–11-րդ դարերում» թեմայով անգլերեն դասախոսություն է կարդացել), 2001–2004, 2005–2007 թթ. Ժնևի համալսարանի, 2008–2009, 2016–2017 թթ.` Գրացի համալսարանի և 2007–2012 թթ.` Նեբրասկայի համալսարանի հետ։ Այդ համագործակցության արդյունքում հրատարակել է մենագրություններ, հոդվածներ ու թարգմանություններ Հայաստանում և արտերկրում (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն ու հունարեն լեզուներով)։ 2006 թ. նրա «Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը» աշխատությունն անգլերեն լույս է ընծայել բելգիական Peeters հայտնի հրատարակչությունը, Դավիթ Անհաղթի «Արիստոտելի «Առաջին անալիտիկայի» մեկնության» նրա անգլերեն թարգմանությունը՝ հին հայերեն քննական բնագրով, առաջաբանով ու ծանոթագրություններով, տպագրել է մեկ այլ հեղինակավոր հրատարակչություն՝ հոլանդական Brill-ը (2010 թ.)։
Արձակ և չափածո թարգմանություններ է արել անգլերենից, հին հունարենից և լատիներենից հայերեն (Հեսիոդոս, հին հունական քնարերգություն, Պինդարոս, Էսքիլոս, Սոփոկլես, Եվրիպիդես, Արիստոփանես, Լոնգոս, Մարլո, Շեքսպիր, Հովսեփ Էմին, Վերգիլիուս և ուրիշներ), ինչպես նաև՝ հայերենից անգլերեն, տասնյակ գրքեր, որոնց մեծ մասը հրատարակվել են նրա ընդարձակ առաջաբաններով ու ծանոթագրություններով։
2014 թ. թարգմանական վաստակի համար արժանացել է Հայաստանի գրողների միության «Կանթեղ» մրցանակին, իսկ Ուիլյամ Շեքսպիր, Համլետ (անգլերենից թարգմանությունը, ուսումնասիրությունը և մեկնությունները՝ Արամ Թոփչյանի, Երևան, «Սարգիս Խաչենց-Փրինթինֆո», 2013) գրքի համար՝ Թեքեյան կենտրոնի «Հայկաշեն Ուզունյան» մրցանակին։