կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-15 16:48
Քաղաքական

Չի բացառվում` «Ռենջ ռովեր»-ի որևէ պահեստամաս էժանացել է 90%-ով. ԱԺ-ում քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը

Չի բացառվում` «Ռենջ ռովեր»-ի որևէ պահեստամաս էժանացել է 90%-ով.  ԱԺ-ում քննարկվում է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Ելք» խմբակցության կողմից առաջարկված` ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը: Այդ նպատակով փետրվարի 16-ին տեղի է ունենալու արտահերթ նիստ` ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով:

Հարցով հիմնական զեկուցող` ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, գնաճով պայմանավորված, գոյություն ունի մեծ բանավեճ, որի առարկան հետևյալն է` ինչքան է գնաճի չափը Հայաստանում:

Նա նշեց, որ իրենց համար կառավարության կողմից ներկայացվող 2,7 տոկոս գնաճը չի համապատասխանում իրականությանը: «Գնաճի իրական տվյալները, հենց ըստ կառավարության ներկայացրած ցուցանիշների որ նայում ենք, այլ են. գնաճը չափելիս մի նժարին դրվել է կանաչու էժանությունը, մյուսին` կարագի թանկացումը: Ապրանքներն իրենց տեսակարար կշիռներով տարբեր են»,- ասաց Փաշինյանը:

Նա հայտարարեց, որ  40 անուն ապրանքների տեսական գնումներ են կատարել ներկա և նախկին գներով: «Արդյունքում` նախկին գնով այդ ապրանքները գնելու դեպքում ստացել ենք 26810 դրամ, գների թանկացումից հետո` 38700 դրամ: Եվ ստացվել է 21,9 տոկոս գնաճ: ՀՀ քաղաքացին ամեն օր խանութում զգում է այդ գնաճն իր գնումները կատարելիս»,- ասաց Փաշինյանը:

նա չբացառեց, որ, օրինակ, «Ռենջ ռովեր»-ի որևէ պահեստամաս 90 տոկոսով էժանացել է, և եթե սա դնենք այս տեսական գնումների մեջ, կստացվի մեր գնաճը 2,6 տոկոս է, բայց բնակչության 90 տոկոսը գնում է խառը կանաչի, կարագ, խոզի միս, բայց չի գնում «Ռենջ ռովեր»-ի պահեստամաս: «Սա կատաստրոֆիկ ցուցանիշ է»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա գնաճ-գնանկում կոնտեքստում կարևորեց մի շարք մանիպուլյացիաներ: «Վերցրել ենք շաքարի մանրածախ գները Լոնդոնի բորսայում և Երևանում` 17-18 թվականների հունվարի տվյալներով: Լոնդոնում 30 տոկոս է էժանացել շաքարը, Երևանում` 6 տոկոս: Բենզինի մանրածախ գնի դեպքում Մոսկվայի և Երևանի ցուցանիշներն ենք համեմատել: Մոսկվայում բենզինը թանկացել է 7,7 տոկոսով, Երևանում` 30,3 տոկոսով, դիզվառելիքը Մոսկվայում 7,9 տոկոսով է թանկացել, Երևանում` 30,4»,- հայտնեց պատգամավորը:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը հարցրեց. «Ուստի՞»:

«Ուստի, մենք ասում ենք գնաճն ահավոր մեծ բեռ է դրել ՀՀ քաղաքացիների ուսերին: Մենք պետք է 35-40 մլրդ դրամ դնենք քաղաքացիների գրպանը, չվերցնենք այդ գումարը, որպեսզի նրանք կարողանան այս գնաճին դիմակայել: Հարց կծագի` բա բյուջեի ճե՞ղքը: Սրան կա ուրիշ հարց` բա քաղաքացին ի՞նչ, եթե 26 տարի է` նրա ընտանեկան բյուջեն ճեղքված է»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ ՀՀ-ում ստվերային տնտեսության չափը 34-40 տոկոս է, սակայն ՀՀ-ն ընդունում է 22,8 տոկոս:

«Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը եթե վերցնենք, կտեսնենք մի պատկեր, որ այդ հարաբերակցությունը ոչ թե աճում, այլ նվազում է»,- ասաց պատգամավորը:

Փաշինյանը նաև հավելեց, որ արդեն երեք տարի է` ՀՀ-ում թոշակները, նպաստները չեն ավելացել, բնակչությունը մոտ 30 տոկոսանոց գնաճային ճնշման ներքո է, և չնկատել այն, ինչ տեղի է ունենում, և միջոցներ չձեռնարկել` նշանակում է կանաչ լույս տալ Հայաստանում աղքատության ծավալին:

«Առաջարկում ենք գալ 18 թվականի հունվարի 1-ի ստատուս քվոյին` հասկանալու` ի՞նչ է ստացվում»,- ասաց Փաշինյանը: