կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-19 13:30
Քաղաքական

Ռուսական ԶԼՄ-ների արձագանքը ՀՀ-ԵՄ համաձայնագրին էմոցիոնալ և գռեհիկ էր. ռուսաստանցի պատգամավոր

Ռուսական ԶԼՄ-ների արձագանքը ՀՀ-ԵՄ համաձայնագրին էմոցիոնալ և գռեհիկ էր. ռուսաստանցի պատգամավոր

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինն Արցախյան խնդրի կարգավորման գործընթացում առաջիկայում որևէ լուրջ առաջխաղացում չի տեսնում:

«Sputnik Արմենիա»-ում կայացած տեսակամրջի ժամանակ ռուսաստանցի պատգամավորը հայտարարեց, որ հակամարտության գոտուց վատ լուրերի բացակայությունն արդեն իսկ լավ նորություն է` հաշվի առնելով 2016-ի ապրիլյան դեպքերը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի` ստատուս քվոն փոխելու ցանկությունը ոչ միայն ոչ մեկի աջակցությունը չի ստացել, այլև քննադատվել է:

«Այն, որ մենք խնդրի կարգավորման ուղղությամբ առաջընթաց չենք տեսնում, կապված է նրա հետ, որ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ: Իմ տեսակետն այն է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող պատկերացնել իր գոյությունն Ադրբեջանի կազմում, այս փաստի հետ վաղ, թե ուշ պետք է համակերպվել, սակայն Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել դրա հետ»,- պատասխանելով Yerkir.am-ի հարցին` ասաց Զատուլինը:

«Կարծում եմ, որ խնդրի կարգավորման համար երկար ժամանակ է անհրաժեշտ: Ես և իմ գործըներները ներկայումս աշխատում ենք այն ուղղությամբ, որ իրավիճակը դարձյալ չսրվի: Սա թերևս մեր գլխավոր դիրքորոշումն է»,- ասաց նա:

Անդրադառնալով ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձանագրի ստորագրմանը, ռուսաստանցի պատգամավորը նշեց. «Ռուսաստանն իրավունք չունի պահանջելու Հայաստանից, որպեսզի նա ռուսամետ քաղաքականություն վարի, Հայաստանը վարում է հայամետ քաղաքականություն»:

Զատուլինի խոսքով՝ նոր համաձայնագիրն էապես տարբերվում է այն համաձայնագրից, որը Հայաստանը պատրաստվում էր  ստորագրել 2013-ին: «Այս համաձայնագրում խոսք չկա ազատ առևտրի գոտու ստեղծման մասին»,- ասաց նա:

Խոսելով համաձայնագրի ստորագրումից առաջ և դրանից հետո ռուսաստանյան ԶԼՄ-ներում տեղ գտած տարաբնույթ մեկնաբանությունների մասին` Զատուլինը նշեց, որ արձագանքը եղել է շատ էմոցիոնալ, որոշ դեպքերում` անգամ գռեհիկ, ինչի համար, ըստ նրա,  իրականում հիմքեր չկային:

Ըստ պատգամավորի՝ Հայաստանում պետք է հանգիստ վերաբերվեն այդ արձագանքներին, ինչպես Ռուսաստանում են հանգիստ վերաբերվել այն բանին, որ, օրինակ, Հայաստանի ԱԺ-ում քննարկվել է ԵՏՄ-ից դուրս գալու հարցը:

Խոսելով Ռուսատանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականության մասին` Զատուլինն ասաց. «Ռուսական կուրատորները ժամանակին անզգուշություն են ցուցաբերել Ադրբեջանին զենք վաճառելու հարցում: Հաշվի չէին առնվել Ադրբեջանի ագրեսիվությունն ու նրա կողմից արվող հայտարարությունները: Ռուսաստանն արդեն եզրակացություններ արել է: Հայտնի է, որ, Ադրբեջանին զենք վաճառելուց բացի, Հայաստան են մատակարարվել նորագույն զինատեսակներ՝ վարկով և շատ հարմար պայմաններով` տարածաշրջանում հավասարակշռությունն ապահովելու համար»: