կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-14 19:51
Հասարակություն

«Հայանտառ»-ի տնօրենը հանդիպել է ԱՄՆ անտառային ծառայության ներկայացուցիչների հետ

«Հայանտառ»-ի տնօրենը  հանդիպել է ԱՄՆ անտառային ծառայության ներկայացուցիչների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը և տնօրենի առաջին տեղակալ, «Հայանտառ»-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը երեկ՝ դեկտեմբերի 13-ին, աշխատանքային հանդիպում են ունեցել Հայաստան ժամանած ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» աշխատանքային խմբի անդամների, մասնավորապես՝ ծառայության գյուղատնտեսության բաժնի հրդեհների և ավիացիայի կառավարման գրասենյակի մասնագետ Ջեն Քրոֆտի, ծառայության վրաստանյան գրասենյակի կոորդինատոր Մարիամ Թևզաձեի և նրանց ուղեկցող՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Տիգրան Թանանյանի հետ։

Խոսելով մեր երկրում իրականացվող հակահրդեհային աշխատանքների մասին՝ Միքայել Մանուկյանն ընդգծել է, որ անտառային և հարակից տարածքներում հրդեհաշիջման արդյունավետ աշխատանքներ են իրականացնում հատկապես արագ արձագանքման խմբերը, որոնց օպերատիվ աշխատանքը շատ հաճախ կանխում է հրդեհների հետագա տարածումը։

«Շատ հաճախ հրդեհների տարածումը կանխվում է հենց արագ արձագանքման խմբերի կողմից։ Խմբերը բաղկացած են տասը հոգուց, ովքեր տվյալ անտառտնտեսության աշխատակիցներ են։ Մինչև ԱԻՆ-ի դեպքի վայր ժամանելը, արագ արձագանքման խմբերի միջոցով հնարավոր է լինում կանխել հրդեհների հետագա տարածումը»,- ասել է Մանուկյանը։

Ռուբեն Պետրոսյան էլ իր խոսքում նշել է, որ առավել հրդեհավտանգ տարածքներում տեղադրված են իրազեկման ցուցանակներ, որոնք նպաստում են անտառ մուտք գործողների զգոնության բարձրացմանը։ Շարունակելով արագ արձագանքման խմբերի կարևորության մասին խոսել՝ գլխավոր անտառապետը նշել է նաև, որ մինչ այժմ միայն Գորիսի, Կապանի և Հրազդանի հարակից անտառային տարածքներում են գործում խմբերը, որոնք հագեցված են հրդեհաշիջման աշխատանքների համար նախատեսված հագուստով և տեխնիկայով։

ԱՄՆ անտառային ծառայության ներկայացուցիչներին հետաքրքրել է նաև՝ փորձարկվե՞լ է արդյոք արագ արձագանքման խմբերի արդյունավետությունը, ինչին ի պատասխան «Հայանտառ»-ի տնօրենն ասել է, որ շատ հաճախ հենց այդ խմբերի անդամների օպերատիվ գործողությունների շնորհիվ է կանխվում հրդեհի հետագա տարածումը։

«Արագ արձագանքման խմբի յուրաքանչյուր անդամ գիտի իր պարտականությունները և լավ պատկերացնում է՝ ինչպես անել, որ հրդեհի տարածումը կանխվի»,- ասել է Մանուկյանը՝ հավելելով, որ առաջիկայում էլ նախատեսվում է մեթոդաբանական ձեռնարկ տպագրել, որտեղ մանրամասն նկարագրված կլինի հրդեհի ծագման դեպքում անտառտնտեսությունների աշխատակիցների պարտականությունները։ «Հայանտառ»-ի տնօրենը նաև ներկայացրել է ակնկալվող աջակցության հիմնական ուղղությունները, որոնք վերաբերվում են հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման նպատակով կարողությունների մեծացմանը։ «Ներկայումս ունենք արագ արձագանքման միայն 3 խումբ և, նկատի ունենալով այդ խմբերի արդյունավետությունը, ցանկություն ունենք շատացնել խմբերի քանակը, և խմբի անդամներին զինել անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով»,- ասել է նա։

ԱՄՆ անտառային ծառայության «Այրված տարածքների վերականգնման և արտակարգ իրավիճակների կանխարգելման» գյուղատնտեսության բաժնի հրդեհների և ավիացիայի կառավարման գրասենյակի մասնագետ, Ջեն Քրոֆտն էլ իր խոսքում նշել է, որ իրենց երկրում էլ փորձարկվել է արագ արձագանքման խմբերի արդյունավետությունը և արդյունքը գոհացուցիչ է եղել։ Քրոֆտը նաև առաջարկել է կազմակերպել թրեյնինքներ՝ «Հայանտառ»-ի աշխատակիցների համար։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անտառային հրդեհների կանխարգելմանը վերաբերող այլ հարցեր ևս, ներկայացվել է այդ ոլորտում ԱՄՆ-ի անտառային ծառայության փորձը։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի լրատվական ծառայություն