կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-30 11:36
Տնտեսական

2018-ի բյուջեով փորձ են անելու 1%-ով նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը. Վարդան Արամյան

2018-ի բյուջեով փորձ են անելու 1%-ով նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը. Վարդան Արամյան

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովում շարունակվում է «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով եկամտային մասը, 2017թ. համեմատ, ավելացվել է 97 մլրդ դրամով և սահմանվել 1 տրլն 307 մլրդ դրամ՝ 1 տրլն 210 մլրդի փոխարեն:

Բյուջեի ծախսերը ավելացել են 104 մլրդ դրամով` 1 տրլն 464 մլրդ դրամ՝ 2017թ. 1 տրլն 360 մլրդի փոխարեն:

Արամյանի խոսքով՝ բյուջեի դեֆիցիտը կկազմի մոտ 157 մլրդ դրամ՝ 150 մլրդի փոխարեն: 2018-ի դեֆիցիտի 75,2 մլրդ դրամը նախատեսվում է ստանալ ներքին աղբյուրներից, իսկ 81,6 մլրդ դրամը կամ մոտ 168 մլն դոլարը պարտք կվերցնեն: 140 մլրդ դրամ նախատեսվում է ներքին և արտաքին պարտքի տոկոսավճարները մարելու համար:

«Կառավարությունն ակնկալում է, որ 2018թ. պետբյուջեի եկամուտներ-ՀՆԱ հարաբերությունը կկազմի 22.3%` 2017թ. համար հաստատված և 2016թ. փաստացի 22.4%-ի փոխարեն: Հարկային եկամուտները և տուրքերը ՀՆԱ-ի նկատմամբ պլանավորվում է 21,3 տոկոս՝ սահմանելով ընդամենը 0,3% աճ. վերջին տարիներին այդ ցուցանիշը 0,4% էր»,- ասաց նախարարը:

Արամյանը նշեց, որ նախորդ տարիներին տնտեսական ցնցումների հետևանքով պետական պարտքի զգալի աճ է եղել, և 2018-ի բյուջեով փորձ են անելու մեկ տոկոսով նվազեցնել պետական պարտք-ՀՆԱ ցուցանիշը։ Նախարարն ընդգծեց, որ այդ տեմպերը համեստ են, բայց արդյունքներ կտան։